Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում յայտնելու իրաւունքից. Մանուկեան

Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում յայտնելու իրաւունքից. Մանուկեան

«Ազգային ժողովի հերթական քառօրեայի օրակարգում ներառուած երկու հարցերը խիստ փոխկապակուած են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացած իրադաձութիւնների հետ»,- ԱԺ նիստում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Նա նկատի ունի ԱԺ օրակարգում ընդգրկուած Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանի ընտրութեան եւ ընդդիմադիր պատգամաւոր Մհեր Սահակեանի նկատմամբ հանրային քրէական հետապնդում յարուցելուն համաձայնութիւն տալու մասին հարցերը։

«Մի կողմից արդէն ամիսներ շարունակ ՄԻՊ թափուր պաշտօնի համար քաղաքական մեծամասնութիւնն առաջադրել է նոր թեկնածու՝ այդպէս էլ չպատճառաբանելով, թէ նախորդն ինչու հրաժարական ներկայացրեց, միւս կէտով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխաւոր դատախազը ներկայացնելու է Մհեր Սահակեանի նկատմամբ հանրային քրէական հետապնդում յարուցելու հարցը»,- ասաց Մանուկեանը՝ յատկանշական համարելով այն, որ  օրակարգը  Ազգային ժողւում ներկայացում է  խորհրդարանի նախագահ Ալէն Սիմոնեանը։

«Հանրային զայրոյթ առաջացրած նրա անթոյլատրելի, խայտառակ հանրային պահուածքի մասին ՄԻՊ ներկայիս թեկնածուն խուսափել է լրատուամիջոցներին որեւէ դիրքորոշում յայտնել՝ ասելով, թէ փաստէր չկան։ Իրականում կային փաստէր, փաստերը բարձրաձայնուած էին, արձանագրուած էին, որ ԱԺ նախագահ  Ալէն Սիմոնեանը չարաշահել է իր կարգավիճակը, բացայայտ անյարգալից  վերաբերմունք դրսեւորել հանրութեան եւ հայրենիքում ապրող Կարէն Մկրտչեանի նկատմամբ։

Աւելին՝ նրա թիկնազօրի անդամները, կարծելով թէ իրենք ոչ թէ պետական պահպանութեան ծառայութեան պաշտօնեաներ են, այլ ախրանիկներ, բռնութիւն էին գործադրել ու հիմա իշխանական ինքնարդարացումներից, մանիպուլեացիաներից յետոյ Սիմոնեանը ներողութիւն է  խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից եւ ոչ թէ Կարէն Մկրտչեանից։

Ամէն մի մեր հայրենակցի իրաւունքն է՝  յայտնել իր քաղաքական դիրքորոշումը,  երկրի գլխին հասցուած այս բոլոր աւերներից յետոյ մեղադրելու, քաղաքական գնահատական տալու  դաւաճանութեանը, հողատուութեանը,  հայրենազրկմանը ու թիկնազօրով, թքելով,  բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրաւունքից»,- ասաց Գեղամ Մանուկեանը։

Share