Շահագրգռուած եմ, որ իրականութիւնը բացայայտուի. Մհեր Սահակեան

Շահագրգռուած եմ, որ իրականութիւնը բացայայտուի. Մհեր Սահակեան

Այսօր ԱԺ-ում քննարկուել է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Սահակեանին անձեռնմխելիութիւնից զրկելու հարցը։ Միջնորդութիւնը օրէնսդիրներին ներկայացրել է գլխաւոր դատախազ Աննայ Վարդապետեանը։

Իր ելոյթում Մհեր Սահակեանն ասաց․

«Հակառակ նրան, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները այսօր կանգնած են անվտանգային եւ գոյաբանական լուրջ խնդիրների առջեւ, ես հիմա ստիպուած եմ այս ամբիոնից խօսել մի միջադէպից, որը մի կողմից ինձ համար տհաճ է, քանի որ ինքս մեծ յարգանք ունեմ պետական ինստիտուտների հանդէպ եւ գիտակցում եմ պատգամաւորի դերը հասարակութեան մէջ, բայց միւս կողմից էլ ունենք մի իրավիճակ, երբ իշխանական խմբային շահից դրդուած խեղաթիւրւում է իրականութիւնը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանական անպատժելիութեան մթնոլորտ, իրականացւում են անսկզբունք, զազրելի ու անընդունելի արարքներ»։

Ներկայացնելով միջադէպի մանրամասները, պատգամաւորը նշեց․

«2023թ․-ի մարտի 31-ին ժամը 10-ին Պետաիրաւական հարցերով մշտական յանձնաժողւում նախատեսուած էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպէ ուշացումով։ Մոտաւորապէս 20 րոպէ էլ տեւել է նախատեսուած հարցերի քննարկումը, որից յետոյ արդէն մէկ այլ թեմայով՝ կապուած Հռոմի ստատուտի վաւերացման հետ, Արծուիկ Մինասեանի օբյեկտիւ հարցադրումը, արդեօ՞ք Ստատուտի վաւերացումը չի առաջացնի աւելորդ ռիսկեր մեր Հանրապետութեան համար, իշխանական պատգամաւորների կողմից արժանացաւ բուռն արձագանքի եւ անհարկի վիրաւորանքների։ Վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանեանը մի քանի անգամ դրսեւորեց ագրեսիւ վարքագիծ։ Նշեմ, որ վէճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնյայտ դարձաւ, որ Վլադիմիր Վարդանեանը չարաշահելով իր՝ որպէս վարողի լիազօրութիւնները, կողմնակալ եւ սադրիչ պահուածք էր ցուցաբերում, մասնաւորապէս գոռում էր եւ նկատողութիւն էր անում ընդդիմադիր պատգամաւորներին։

Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարուածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի եւ իշխանական պատգամաւոր լինելու իր առաւելութիւնները եւ ցուցադրաբար նայելով աչքերիս մէջ, նրա ով դեռ ոչինչ չէր արտայայտուել, եւ մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես նոյն տօնայնութեամբ ձեռքս հարուածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից, պահանջեցի, որպէսզի յարգանք ցուցաբերի ընդդիմադիր պատգամաւորների նկատմամբ եւ կողմնակալ վերաբերմունք չդրսեւորի։ Այդ պահին Վլադիմիր Վարդանեանը ամենան հաւանականութեամբ չհանդուրժելով իմ նկատողութիւնը, տեղից վեր կանգնելով, բղաւելով, որ ինքն ում վրայ ուզի եւ երբ ուզի կարող է այստեղ բղաւել, մօտեցաւ ինձ։ Ես, հաշուի առնելով իր ագրեսիւ պահուածքը եւ բղաւելով արագ ինձ մօտենալը, ուղղուեցի եւ մէկ հարուած հասցրեցի զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով, որից յետոյ ցանկութիւն չունենալով, որ վէճը շարունակուի եւ ընդլայնուի, անմիջապէս հեռացայ այդ սենեակից»։

Դատախազի կողմից ներկայացուած միջնորդագրի մասին խօսելով, պատգամաւորն ասաց, որ բացարձակապէս համաձայն չի միջնորդագրում առկայ այն մեղանդրանքին, որ իր արարքներում 2023թ․-ի մարտի 31-ին ՀՀ ԱԺ վարչական երկրորդ մասնաշէնքի թիւ 314 քննարկումների դահլիճում տեղի ունեցած քննարկման եւ այնուհետեւ միջադէպի ժամանակ առկայ է խուլիգանութեան յանցակազմ։

«Միջնորդագրի մէջ նշուած է, որ Արծուիկ Մինասեանի կողմից թեմայից շեղուելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու եւ քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արուած դիտողութիւնը որպէս առիթ օգտագործելով, սեփական անձի առաւելութիւններն ընդգծելու ցանկութեամբ ցուցադրաբար հակադրուել եմ Վլադիմիր Վարդանեանին եւ ներկաների նկատմամբ անյարգալից, ինչպէս նաեւ իրաւական նորմերի նկատմամբ բացայայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցութեան կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսեւորել եմ ագրեսիւ վարքագիծ, ձեռքով հարուածել եմ սեղանին, ոտքի կանգնել, բղաւելով դիտողութիւն եմ արել Վլադիմիր Վարդանեանին, յանձնաժողովի փակ քննարկման աշխատանքը խոչընդոտելու դիտաւորութեամբ շրջանցել եմ իմ եւ Վլադիմիր Վարդանեանի միջեւ նստած Ալխաս Ղազարեանին, մօտեցել եմ Վլադիմիր Վարդանեանին եւ աջ ձեռքով, դիտաւորութեամբ հարուածել եմ նրա դէմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջութեան թեթեւ վնաս»։

Խոսքն ուղղելով Աննայ Վարդապետեանին Մհեր Սահակեանն ասաց․

«Տպաւորութիւն է, որ մեղադրանքը կազմելիս դուք, տիկի՛ն Գլխաւոր դատախազ, ընթերցել եք բացառապէս ձեզ համար շատ հարազատ մարդ համարուող Վլադիմիր Վարդանեանի ցուցմունքը։ Ինձ մօտ օբյեկտիւ հարց է առաջանում․ միջադէպից անմիջապէս յետոյ իմ եւ փաստաբաններիս համար ակնյայտ է դարձել խուլիգանութեան յանցակազմ կիրառելու ձեր, վարոյթ իրականացնող մարմնի, քաղաքական իշխանութեան ձգտումը՝ սկզբում խուլիգանութեան երրորդ մասով, որն աբսուրդ էր, այժմ խուլիգանութեան առաջին մասով, որն իրականութեան հետ որեւէ աղերս չունի։

Լսէ՛ք, հաւաստիացնում եմ ձեզ իմ արարքներում խուլիգանութիւնը որպէս օբյեկտիւ երեւոյթ եւ խուլիգանական դրդումը որպէս սուբյեկտիւ երեւոյթ իսպառ բացակայում են, իսկ հարուածը հասցուել է բացառապէս անհրաշեշտ պաշտպանութեան նկատառումով։ Յետաքրքիր է գոնէ մէկ փորձ Ձեր կամ վարոյթն իրականացնող մարմնի կողմից կատարուե՞լ է իմ կողմից ներկայացուած պնդման, մասնաւորապէս՝ անհրաժեշտ ինքնապաշտպանութեան առկայութիւնը։ Բոլոր ցուցմունքներում եւ առերեսումների արձանագրութիւններում յստակ է այն փաստը, որ քննարկման եւ այնուհետեւ առաջացած վէճի ընթացքում, ես ոչինչ չեմ խօսել։ Անահսկանալի է, թէ դատախազը այդ ինչ սեփական անձիս առաւելութիւնները ընգծելու ցանկութեանս մասին է գրել»,-ասաց Մհեր Սահակեանը։

«ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրայ, իշխող խմբակցութեան քարտուղարը սպառնում է լեզու եւ ականջ կտրել ոչ աւել ոչ պակաս մարդու իրաւունքէների պաշտպանի թեկնածուին յանձնաժողուի պաշտօնական նիստի ժամանակ այս շէնքում, դուք խուլիգանութեան յատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մէջ ե՞ք տեսնում, ով ընդամէնը պահանջել է յարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Արդեօ՞ք սա երկակի ստանդարտներ չէն Ձեր կողմից կիրառուող։ Քանի որ միջնորդագրի մէջ նշել եք միայն իմ կողմից բղաւելու, ձեռքով հարուածելու, ոտքի կանգնելու մասին, ուզում եմ բարձրաձայնել, որ գործում առկայ ցուցմունքներում եւ առերեսումների արձանագրութիւններում յստակ երեւում է, որ առաջինը բղաւել է Վլադիմիր Վարդանեանը, առաջինը ձեռքը սեղանին խփել է նա, առաջին քայլերը դէպի ինձ բղաւելով արել է Վլադիմիր Վարդանեանը եւ միայն մէկ հարուածն է, որ առաջինը ես եմ հասցրել անել՝ այն էլ հաշուի առնելով իշխանական պատգամաւորների կողմից բազմիցս դրսեւորած սանձարձակ վարքագիծը։ Առհասարակ շեշտեմ, որ ոչ միայն ընդդիմադիր պատգամաւորների, այլեւ այդ օրը քննարկմանը մասնակցող միւս անձանց առերեսումների արձանագրութիւններում փաստագրուած է, որ Վլադիմիր Վարդանեանը այդ օրը եղել է լարուած հոգեվիճակում, ձայնի բարձր տօնայնութեամբ եւ բղաւելով է խօսել, մեղադրանքներ է հնչեցրել, նախկին ու ներկայ է խաղացրել։ Պնդում եմ, որ ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանութեան, հարուած եղել է, եւ եթէ սահմանազանցուել է անհրաժեշտ պաշտպանութիւնը, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա՛ համար՝ ընդհուպ ազատազրկում։ Եւ որպէսզի տպաւորութիւն չստեղծուի, որ թաքնւում եմ անձեռնմխելիութեան քօղի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դէմ չէն լինի, որ անձամբ կողմ քուէարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռուած եմ, որ իրականութիւնը բացայայտուի»,-նշեց ընդդիմադիր պատգամաւորը։

Եզրափակելով խօսքը Մհեր Սահակեանն ասաց․

«Եզրափակուեմ խօսելով այս միջադէպի իմ կարծիքով հիմնական բուն պատճառից՝ 2021թ․-ի Ազգային Ժողովի խորհրդարանական ընտրութուններից եւ դրա արդիւնքում պարտուած իշխանութեան վերարտադրութիւնից, երբ պարտութեան տարած ժողովրդին դուք

խոստանալով խաղաղութիւն՝ բերեցիք նոր կորուստներ,

խոստանալով անվտանգութիւն՝ բերեցիք անկայունութիւն,

խոստանալով արդարութիւն՝ բերեցիք իշխանական անպատժելիութիւն եւ ամենաթողութիւն։

Մի պետութիւնում, որտեղ չի գործում օրէնքի գերակայութիւնը, ժողովրդավարութիւնը կեղծ է, իսկ արժեհամակարգը փչացած, մարդը ստիպուած է յոյսը դնել իր վրայ եւ ապահովել իր իրաւունքները։

Լսէ՛ք, արդէն բոլորին է պարզ, որ դուք ամէնից շատ սիրում եք ձեր աթոռը, առաջնորդւում եք նեղ խմբային կուսակցական շահով եւ նոր աղէտալի արկածախնդրութիւնների առջեւ եք կանգնեցնում մէզ եւ մեր հայրենիքին, իսկ այս գործը կեղծ է, ինչպէս բոլոր այն խոստումներն ու քաղաքական քրէական գործերը, որոնցով շեղում եք հասարակութեանը իրական օրակարգային խնդիրներից արդէն 5 տարի է»։

Share