Հանդպում Լիլիթ Մակունցի հետ

Հանդպում Լիլիթ Մակունցի հետ

Գլենդել- Երկուշաբթի, Ապրիլ 11-ին Լոս Անջելըսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսարանը դեսպան Լիլիթ Մակունցին մօտից ծանօթանալու նպատակով հրաւիրել էր քաղաքական երէք կուսակցութիւններին, համայնքային կազմակերպութիւններին ու հոգևոր առաջնորդներին: Հանդիպմանը ներկայ է եղել Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան՝ Լիլիթ Մակունցը:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատրեանը մտահոգութիւն է յայտնել Հայ Դատը սփիւռքով սահմանափակելու ՀՀ վարչապետի յայտարարութեան և Հայաստան-Թուրքիա-Ազրբէյջան բանակցութիւններում նախատեսուած զիճումների մասին:

Հանդիպման աւարտին դեսպանին է յանձնուել ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի նամակը:

Նամակի բովանդակութիւնը ամբողջութեամբ տեսնել ստորև՝

Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝  Լիլիթ Մակունցին

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական Կոմիտէն նկատի ունենալով Հայաստանի քաղաքական ներկայ ճգնաժամը, Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման վտանգը և Հայաստան-Թուրքիա-Ազրբէյջան ընթացող բանակցութիւնների գործընթացը, մտահոգութեամբ արձանագրում է՝

Ա- ՀՀ Վարչապետի վերջերս յայտարարած դիրքորոշումը Հայ Դատի նկատմամբ, որով նա Հայ դատը վերագրում է միմիայն սփիւռքի հայութեան, ոչ միայն չի համապատասխանում իրականութեան, ոչ միայն չի նպաստում Հայաստան-Սփիւռք միասնականութեան, այլ նաև խաթարում է Հայաստանի և Հայ Ժողովուրդի անվտանգութիւնը:

Բ- Հայաստանի կառավարութիւնը տարիների ընթացքում ստանձնած իր պարտաւորութիւններով, պարտաւոր է հանդէս գալ իբրև Արցախի բնակչութեան ազգային ինքնորոշման իրաւունքի և անվտանգութեան երաշխաւոր և որևէ պայմաններում չի կարող պայմանագրեր ստորագրել Արցախի կարգավիճակի որևէ վերջնական տարբերակի մասին առանց Հայաստանի, սփիւռքի և յատկապէս Արցախի հայութեան համաձայնութեան:

Գ- ՀՀ քաղաքական ներկայ ղեկավարութիւնը իբրև պատերազմում պարտուող ուժի ներկայացուցիչ, թերևս ամենա յարմար քաղաքական ուժը չէ, որ կարող է թշնամիների հետ վարել այս վճռորոշ բանակցութիւնները, սակայն մենք դարձեալ կոչ ենք անում ՀՀ կառավարութեան և վարչապետին, որ իր բանակցութիւններում չշեղուի Հայ Ժողովրդի և ապագայ սերունդների պատմական իրաւունքներից, չշեղուի Արցախի և Արցախահայութեան արդար իրաւունքներից և չշեղուի Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան սկզբունքներից:

Հ.Յ.Դ. Արեւմտեան ԱՄՆ Կեդրոնական  Կոմիտէ

Գլենդեյլ

Ապրիլ 11, 2022

Share