Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշուին. monumentwatch.org

Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշուին. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թուականի մարտի 18-ին Մարտակերտի շրջանի օկուպացուած Թալիշ գիւղում Ադրբեջանի նախագահն ազդարարել է ադրբեջանցիների կողմից գիւղում 20 ընտանիքի վերաբնակեցման մասին։

Մի կողմ թողնելով Ալիեւի ելոյթում հայերի հասցէին հնչած սպառնալիքները, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների կողմից Թալիշ գիւղը վերաբնակեցնելը նոյեմբերի 9-ին ստորագրուած եռակողմ յայտարարութեան դրոյթների խախտում է, ցանկանում ենք ուշադրութիւնը սեւեռել մի պատկերի վրայ։

Տարածուած նկարներում երեւում է, որ այստեղ՝ գիւղ մտնող հիմնական ճանապարհի վրայ, բնակելի տների հարեւանութեամբ, կառուցուել է նաեւ փոքր հրապարակ, որը, դատելով ադրբեջանցիների կողմից օկուպացուած այլ բնակավայրերի օրինակներից, հաւանաբար դրօշի կանգնեցման հրապարակ է։ Համադրելով արբանեակային օդալուսանկարները եղած պատկերի հետ՝ կարող ենք փաստել, որ այն կառուցուել է նախկին բնակելի տան տեղում, այն հիմնահատակ քանդելու հաշուին (նկ. 1)։

Թալիշը բնիկ հայկական բնակավայր է՝ բազմաշերտ հայկական մշակոյթով։ Այստեղ են գտնւում Գլխոյ կամ Հոռեկայ վանքը, մելիք Բեգլարեանների ամրոցն ու ապարանքները, սբ. Աստուածածին եկեղեցին եւ այլ յուշարձաններ։

Հոռեկայ վանքը բաղկացած է եկեղեցուց, գաւթից, զանգակատնից, արեւմտեան կողմում գտնուող միաբանների սենեակներից եւ գերեզմանոցից (13-դարի վերջ-14-րդ դարի սկիզբ) (մանրամասն տես՝ Հոռեկաւանք (Գլխովանք))։

Թալիշ գիւղում գտնուող մէկ այլ կարեւոր յուշարձան՝ մելիքական ապարանքը պատկանել է Գիւլիստան գաւառի տիրակալ Մելիք Բեգլարեաններին եւ կառուցուել է 18-րդ դարում  (մանրամասն տես՝ Մելիք Բեգլարեաններ ամրոցը եւ ապարանքը)։

Թալիշում է գտնւում նաեւ 19-րդ դարում կառուցուած սբ. Ամենափրկիչ եկեղեցին։ Վերոնշեալ յուշարձանները շրջապատուած են հայկական մշակոյթի այլ նմուշներով եւս, ինչը ցուցում է, որ բնակավայրը հոծ հայկական բնակչութիւն է ունեցել տարբեր դարերում։

Գիւղի «վերակառուցման» արդիւնքում քանդուած բնակարաններն Ադրբեջանի էթնոցիդի միակ դրսեւորումը չէն։ 44-օրեայ պատերազմից յետոյ համացանցում յայտնուած բազմաթիւ տեսանիւթերը եւ լուսանկարները համադրելով՝ արդէն վաւերացրել ենք, որ ադրբեջանցիներն աւերել են «Վերածնուած Թալիշ» յուշարձանը, այդ թւում գիւղի հրապարակը բազմաթիւ կոթողներով եւ խաչքարերով հանդերձ (մանրամասն տես՝ «Վերածնուած Թալիշ» յուշարձանի աւերումը)։

Այսպիսով տեսնում ենք, որ Ադրբեջանը  ստեղծում է գիւղի պետական պաշտօնականացուած կերպար,  որտեղ հայկական ժառանգութեան հաշուին ստեղծում են հրապարակ՝ շրջապատուած նոր խորհրդանիշներով եւ կերպարով։

Մեր արձագանքը

Արցախի հայկական Թալիշ շրջանի պատմական բնակավայրի հաշուին ադրբեջանական նոր բնակավայրի ստեղծումը մշակութային ցեղասպանութիւն է, որի նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը, որպէս միջազգային անկախ հասարակական կազմակերպութիւն,  պատերազմից  յետոյ կարմիր դրօշի շուրջ 5 ահազանգ է ուղղել Ադրբեջանին՝ վերջինիս գործողութիւնները որակելով ցեղասպանական։ Ինստիտուտն իր յայտարարութիւնների մէջ նշում է նաեւ, որ  Արցախը 99,7 տոկոսով հայկական է իր անբաժանելի մշակութային ժառանգութեամբ։

Արցախի Թալիշ բնակավայրի տարածքը ադրբեջանականացնելու  հետ կապուած նշէնք, որ Արցախի ժողովրդի պատմական տարածքը միայն ֆիզիկական միաւոր չէ, այն իր պատմութեամբ, ինքնութեամբ, արցախի ժողովրդի բնօրրան լինելով մշակութային հարուստ լանդշաֆտ է, որի ցանկացած կառուցատարր կամ միաւոր կարեւոր է  տեղական մշակոյթի, ինքնութեան պահպանութեան եւ ապագայ վերարտադրութեան համար:

Արցախի տարածքը միայն քաղաքական միաւոր չէ, այն տուեալ տարածքում առկայ մարդկանց, նրանց  ընկալումների, մշակութային գործունէութեան եւ ժառանգութեան միաձուլումն է, որի յարգումը ցանկացած միջազգային դերակատարի պարտաւորութիւնն է։

Պատմական Թալիշի հռչակումը որպէս ադրբեջանական, ակնյայտօրէն ոտնահարում է տարածքի մշակութային ինքնութեան, պատմականութեան, վերջինիս իսկութեան եւ ամբողջականութեան հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թուականի Ճապոնիայում ընդունուած մշակութային ժառանգութեան իսկութեան վերաբերեալ Նարայի փաստաթղթից: Իսկութեան սկզբունքների պահպանութեան Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժէքների՝ հակամարտութիւններում յայտնուելու դէպքում, պահանջւում է մշակութային արժէքների հանդէպ օրինականութեան ճանաչում:

Ադրբեջանը, իր նմանօրինակ գործելակերպով կոպտօրէն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրութիւնը, այլեւ միջազգային մարդասիրական իրաւունքի, մարդու համընդհանուր միջազգային իրաւունքի մի շարք դրոյթներ։

Մշակութային ժառանգութեան նմանօրինակ դիտաւորեալ ոչնչացման քաղաքականութիւնը դատապարտւում է նաեւ «Մշակութային ժառանգութիւնը դիտաւորեալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թուականի հռչակագրով»։ 

Աղբիւր` Panorama.am

Share