Բանաստեղծի հետ

Բանաստեղծի հետ

Գրիշ Դաւթեան

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Գարնան մի թաց բայց արեւոտ առաւօտ

Աւէտիս է տարածւում․

Սուրբ քաղաքը պիտ ընդունի մի ճամփորդ,

Մարդեղացած մարդորդուն։

Հանգրուանը եւ մօտիկ է, եւ հեռու․

Ճամփան օծուած է լոյսով․

Ժողւուրդը, աղաղակով սրտառու,

Ընդառաջում է յոյսով։

Որ գալիս է խոնարհութեամբ մարդկային,

Յոյսով, սիրով, հաւատքով,

Ու հողեղէն․․․ բայց նաեւ մի երկնային

Նուիրութեամբ հոգէթով։

Դեմքը մեղմ է, խորհրդաւոր, հեզագոյն․․․

Չարչարա՞նք, թէ անրջանք․

Ծով հայեացքում վերին պատգամ գերագոյն,

Աստուածային վեհ խոյեանք։

Վարդապետը, վարդապետը․․․ աղաղակ․․․

Սրտէր, կուրծքեր հեւահար․

Տարածւում է ողջ քաղաքում ընդարձակ

Ոգեւորում հոծ, վարար։

Ու կոյրերը սկսում են լոյս տեսնել․․․

Ո՞վ է վառել ակունքը․

Բարկ, ծարաւի ոգիները սիրարբել

Իջնում են յոյս-ափունքը։

Եւ ձիթենու բուրումնաւետ ճիւղերով

Ամբոխները զինավառ

Ծաղկազարդի խաղաղութեան պերճանքով

Գալն են տօնում հրաշափառ։

*** *** ***

ԽԱՉԵԱԼԸ

Ու գամերը ափերի մէջ ու ոտքերին

Կռանեցին, կռանեցին․

Մինչդեռ ճակտին փշաթագը արիւնոտուած

Այտէրն ի վայր արիւն ծորաց։

Ու վարսեցին մահախաչը ամբոխի դէմ,

Որ ծփում էր կոյր, հողեղէն․

Վարդապետը ահա խաչին չարչարութեան․

Աստուածանէծք յանցանութեան։

«Հայր, թող դրանց, որ չգիտէն ինչ են անում»․․․

Ոխ ու քէնով կոյր մեղկանում․

«Կոյս մայրութեամբ թողեք սէրն իմ առնեմ վերջին»․․․

 «Ծաղր ու ծանակ մեր արարչին»․․․

«Թէ Աստուծոյ Որդին ես դու ազատիր մէզ,

Մեր աւարից բաժին կառնես»․․․

«Նազովրեցի, յիշիր ինձ քո յաղթանակին,

Թէ արժանի եմ տակաւին»․․․

 «Ծարաւ եմ ես, հուր է շիկնում բոյլն իմ սրտի»․․․

«Քացախ տուէք թողեք լկի»․․․

«Հայր, իմ հոգին յանձնում եմ Քեզ․․․մարդուն գթայ»․․․

Ամբոխն է յամր ու անզգայ։

Տիեզերքում չխաւարեց արեգակը,

Թեեւ օրը խաւարեց լուռ․

Լոյսով պատեց Նա աշխարհի բովանդակը,

Սրտէրի մէջ է ամրակուռ։

 *** *** ***

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐՅԱՒ

Հեռացող աստղունքը ցոլում է,

Երկինքը ընկալում է լոյսը,

Մաքրում է ծաւալը,

Մինչեւ լազուրի ակունքները,

Ծալը ու մնացեալը․․․

Գուբում պատռւում է պատանքը,

Կեանքը տրոփում է անաւարտ,

Մղում, գլորում է քարը․

Բացում է գերեզմանը,

Որպէս կենդանութեան մահիճ,

Կենսաւոր, տրոփող սիրտ։

Եռօրեայ է տեւում տաճարի վերակառուցումը,

Ինչպէս ասել էր։

Սգաւոր կանայք եկել,

Մեռելների մէջ են փնտրում

Հարեալին․․․

Ասում է՝ հանդիպէն վերնատանը։

Կասկածներ կան․․․

Թող ստուգէն գեղարդի հոշածը,

Մեխերի խոցերը ձեռքերին,

Ոտքերի թաթերին․․․

Գուցեեւ քերթուածքները ճակատի,

Որ թողել է փշէ թագը․․․

Գարնանային հովի հոսանք է,

Աշտարակուած խաչի յիշողութիւն․․․

Երեւակում է վերնատանը․․․

Ոչմի ողջագուրում․․․

Երկրային ոչմի փոշի չպիտի լինի վրան

Երկնային մտնելու պահին․․․

Գեղարդի հոշածը,

Մեխերի խոցերը,

Ճակատի քերթուածը

Ստոյգ են։

Լուսաւոր ճակատին

Լոկ ծիածան, որպէս նարօտ․․․

Ապա պատգամում է,

Սպասէն քառասուն օր

Ընդունելու շնորհի գալուստը․․․

Սուրբ հոգով ծոցուորած

Աստուածային միութիւն է,

Որ անսկիզբ է ու անվախճան․․․

Վերացումը պատկերւում է,

Որպէս համբարձում․․․

Քրիստոս է,

Աստուածորդի,

Ծնունդով մարդորդի,

Բանի քարոզներով,

Ծաղկազարդով,

Խաչելութեամբ,

Յարութեամբ,

Համբարձմամբ

Առ հորիզոնի ծաւալ․․․

Տիեզերքում մենք միայնակ չենք։

Համորենը

Աստուածային ստեղծագործութիւն է։

Որդին յաջորդում է հորը

Սուրբ Հոգու միջնորդութեամբ․

Յաւիտենական հոլովոյթ Է,

Անմահութիւն․․․

*** *** ***

Share