Արցախցի կանայք խաղաղ քայլերթ են իրականացրել՝ դէպի Շուշի տանող ճանապարհ

Արցախցի կանայք խաղաղ քայլերթ են իրականացրել՝ դէպի Շուշի տանող ճանապարհ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնութեամբ ապրիլի 7-ին Ստեփանակերտում խաղաղ ակցիայ է կազմակերպուել, որի շրջանակներում հարիւրաւոր արցախցի մայրեր, կանայք եւ աղջիկներ Արցախը Հայաստանի կապող միջանցքը բացելու, արցախահայութեան ինքնորոշման ու հիմնարար իրաւունքները յարգելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը կանխելու պահանջատիրական քայլերթով շարժուել են դէպի դէպի Շոշ եւ Շուշի ճամփաբաժան, որտեղից դէպի Շուշի շարունակուող ճանապարհը փակ է արդէն 117 օր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի Զինուորական պանթէոն-յուշահամալիրում՝ յարգանքի տուրք մատուցելով Արցախեան պատերազմներում նահատակուած հայրենեաց պաշտպանների յիշատակին, ապա երթով շարժուել նախանշուած վայր: Արցախի մայրիկների ակումբ»-ի համակարգող, երեք երեխաների մայր Մարիամ Աբրահամեանը նշել է, որ արցախցի մայրերը, կանայք ու աղջիկներն ամէն օր արթնանում են պատերազմի եւ դրա հետեւանքով այրիանալու, որդեկորոյս դառնալու վախով: «Գազի բացակայութիւնը, էլեկտրաէներգիայի անջատումները, սննդի դեֆիցիտը, որից արդէն տեւական ժամանակ զրկուած են մեր երեխաները, այդքան մտահոգիչ չէն, ինչքան այս անորոշ վիճակն ու Ադրբեջանի կողմից վարուող քաղաքականութիւնը, որն օր օրի ահագնանում է: Մենք՝ Արցախի կանայք, չենք լռելու, պայքարելու ենք: Մենք պարտք ունենք մեր տղաների առաջ, թոյլ չենք տալու հայաթափում հայկական հողում: Ցաւօք, սա միակ տարբերակն է մեր ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար: Մենք աշխարհից իրաւունք ունենք պահանջելու, եթէ մենք ինքներս ենք պահանջատէր: Արցախում իւրաքանչիւր մարդ պէտք է արթնանայ այն գիտակցումով ու հարցով, թէ ինչ է արել ինքն Արցախը հայկական պահելու համար: Մենք սկսել ենք մեր բաժին պայքարը, չենք յանձնուելու, եւ մեր կամքն անկոտրում է: Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1988 թուականին՝ կապերը խզելով ագրեսոր Ադրբեջանի հետ եւ ետդարձի ճանապարհ չկայ: Քանի դեռ մենք այստեղ կանգնած ենք, խօսում ենք հայերէն ունենք մեր պետական կրօնն ու խորհրդանիշերը, Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»,-ասել է արցախցի երիտասարդ մայրը՝ յաւելելով, որ ներկայում, երբ աշխարհի տարբեր երկրների կանայք ինքնակրթութեան, անձնական աճի, կարիերայի ու սեփական բարօրութեան մասին են մտածում, զուգահեռ իրականութիւնում ապրող Արցախի կանայք գոյութեան պայքար են մղում:

Ակցիայի մասնակից Քրիստինէ Բալայանը համոզմունք է յայտնել, որ արցախցի կանանց միահամուռ ձայնը լսելի կը լինի աշխարհում: «Մենք ունենք կեանքի իրաւունք եւ աշխարհը պարտաւոր է լսել մէզ: Ամբողջ աշխարհում խօսւում է այն մասին, որ ոչ ոք իրաւունք չունի խախտել ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, սակայն այսօր՝ 21-րդ դարում, բոլորը տեսնում են, որ ագրեսոր Ալիեւը շրջափակել է Արցախի ժողովրդին, արգելափակել Լաչինի միջանցքը: Մեր երեխաներն ազատ տեղաշարժուելու իրաւունք ունեն, մինչդեռ ագրեսոր Ալիեւը փակել է կեանքի ճանապարհը եւ փորձում է ինքը որոշել՝ ով կարող է անցնել այստեղով: Աշխարհը պէտք է կանգնի մեր կողքին, միջազգային հանրութիւնը պարտաւոր է օգնութեան ձեռք մեկնել մէկը միւսին, որովհետեւ կեանքը բումերանգ է, եթէ ինչ-որ մէկի հետ նոյնը պատահի, նրա կողքին եւս ոչ ոք չի կանգնելու»,-եզրափակել է Բալայանը:

Միջոցառումն ամփոփուել է Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի պետական օրhներգներով:

Share