Հանրութեան մէջ փորձում են շփոթմունք առաջացնել

Հանրութեան մէջ փորձում են շփոթմունք առաջացնել

Երեկ «Հրապարակը» գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»՝ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին եւ Վահան Պզտիկեանին, ում համայնքում «Նիկոլից աւելի Նիկոլ» են անուանում: ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառոյցները բոյկոտում են Մակունցին։ Եւ այն, որ դեսպանն իր մօտ է հրաւիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարուած ՀՅԴ արեւմտեան կառոյցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին: Գաղտնիք չէ, որ ամերիկահայերը Լիլիթ Մակունցին, մեղմ ասած, չէն համակրում: Այսպիսով իշխանական թեւը փորձում է իմիտացիայ ստեղծել, թէ իբրեւ դաշնակցականների հետ յարաբերութիւնները կարգաւորել են:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեանը «Հրապարակի» հետ զրոյցում ասաց, որ իշխանութիւնները փորձում են հասարակութեանն ապակողմնորոշել, քանզի Մակունցի հետ հանդիպած մարդիկ շատ վաղուց դաշնակցականներ չէն։ «Հասարակութեան մօտ սխալ կարծիք են փորձում ձեւաւորել, այդ խումբը, որին դաշնակցական են անուանում իշխանութիւնները, կուսակցութեան հետ խնդիրներ են ունեցել եւ արդէն շատ վաղուց դաշնակցականներ չէն: Հանրութեան մէջ փորձում են շփոթմունք առաջացնել»,- նշեց Մանոյեանը:

Նրա խօսքով` դաշնակցականներն այս իշխանութիւնների հետ չէն կարող հանդիպել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չէն փոխել իրենց գաղափարախօսութիւնը։ «Ինչի՞ համար պէտք է դաշնակցականները հանդիպէն այս իշխանութիւններից որեւէ մէկի հետ, գուցէ, երբ այս իշխանութիւնը մեր ազգային հիմնահարցերի մասին իր վերաբերմունքը փոխի, մտածենք, սակայն այժմ նրանց հետ որեւէ դաշնակցական չի կարող հանդիպել»,- եզրափակեց Կիրոյ Մանոյեանը:

Հայկ Գեւորգեան

Share