ԱՄՆ-ում հակահայկական գործունեութեամբ յայտնի «Լիւինգսթօն»ը հանդիպումներ է կազմակերպում Ժիրայր Սէֆիլեանի համար

ԱՄՆ-ում հակահայկական գործունեութեամբ յայտնի «Լիւինգսթօն»ը հանդիպումներ է կազմակերպում Ժիրայր Սէֆիլեանի համար

Արաքս Մարտիրոսեան 168.am

Ամերիկեան հանրայայտ «Լիւինգսթօն խումբ» լոբբիստական ընկերութիւնը, որը յայտնի է իր խիստ հակահայկական գործունեութեամբ Միացեալ Նահանգներում՝ ծառայութիւններ մատուցելով թուրք-ադրբեջանական լոբբիին Վաշինգտօնում, ծառայութիւններ է մատուցում Ազգային ժողովրդավարական բեւեռ կուսակցութեանը: Մասնաւորապէս մէզ յայտնի դարձաւ, որ ԱՄՆ-ի ամենայաջողակ լոբբիստական այս կազմակերպութիւնը, որը տեւական ժամանակ աշխատել է հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի, ինչպէս նաեւ հայամէտ 907 բանաձեւի դէմ, փորձում է ԱՄՆ կառոյցներում հանդիպումներ կազմակերպել Ժիրայր Սէֆիլեանի համար, ով պատրաստւում է առաջիկայում մեկնել ԱՄՆ:

«Այցի նպատակն է յարաբերութիւններ հաստատել վարչակազմի, Կոնգրեսի համապատասխան պաշտօնեաների, վերլուծական համայնքի հետ եւ ուսումնասիրել, թէ ինչպէս կարող է ԱԺԲ-ն օգնել ամրապնդել յարաբերութիւնները Միացեալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ եւ հակազդել Ռուսաստանի չարագործ ազդեցութեանը Հայաստանում։ ԱԺԲ-ն նաեւ ցանկանում է զգալիօրէն ամրապնդել կապերը Հայաստանի եւ Եւրամիութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ դաշնակիցների եւ գործընկերների հետ»,- այս մասին ասուած է այս տարուայ մարտի 31-ով թուագրուած «Լիւինգսթօն» խմբի՝ ԱՄՆ Արդարադատութեան դէպարտամենտ ուղարկուած տեղեկագրում, որին կցված է նաեւ Ժիրայր Սէֆիլեանի կենսագրական թերթիկը:

Ուշագրաւն այն է, որ 2016 թուականին Սէֆիլեանի ձերբակալութիւնը կենսագրութեան մէջ կապւում է նրա «800 հեկտարի» աղմկահարոյց յայտարարութեան հետ, այնինչ այն ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, ներկայումս ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլեանը մեղադրւում էր ապօրինի զէնք-զինամթերք պահելու, յանցաւոր նպատակներով խումբ ձեւաւորելու, զօրամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զաւթելու փորձի մէջ: Սէֆիլեանը մեղադրւում էր նաեւ զանգուածային անկարգութիւններ ծրագրելու մէջ եւ դատապարտուել էր 10,5 տարուայ ազատազրկման: Ի դէպ, Սէֆիլեանը չի արդարացուել, այլ երկու տարի ազատազրկումից յետոյ համաներմամբ ազատ է արձակուել:

ԱՄՆ վերոնշեալ կառոյցին ուղարկուած տեղեկագրում «Լիւինգսթօն խումբը» մի շարք փաստէր է ներկայացրել ԱԺԲ գործունէութեան մասին: Նշւում է, որ ԱԺԲ-ն ՀՀ-ում առաջին քաղաքական կազմակերպութիւնն է եղել, որը բարձրացրել է Ուկրաինայի դրօշը հակապատերազմական ակցիայի ժամանակ, որն աւարտուել է ՌԴ դեսպանատան մօտ:

Տեղեկագրում ասւում է նաեւ, որ ԱԺԲ-ն կտրականապէս դէմ է Ռուսաստանի ներկայութեանը Հայաստանում եւ բազմիցս կոչ է արել դեօկուպացնել Հայաստանը՝ որպէս երկրի ժողովրդաւարացման, զարգացման եւ անվտանգութեան նախապայման, ինչպէս նաեւ նշւում, որ ԱԺԲ-ն ցանկանում է Հայաստանին հեռացնել Մոսկուայի գլխաւորած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնից (ՀԱՊԿ) եւ դիրքաւորել Հայաստանը՝ որպէս Միացեալ Նահանգների գլխաւոր դաշնակից:

Յատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ ԱԺԲ-ն ԱՄՆ պաշտօնեաների հետ կապ հաստատելու, այդ կապերը խորացնելու իր ռազմավարութիւնում գործընկեր է ընտրել տեւական ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը ԱՄՆ-ում սպասարկող լոբբիստական կազմակերպութեան, որի ծառայութիւններից օգտուելն ամենեւին էլ էժան հաճոյք չէ:

168.am

Share