Աշխատանքային քննարկումից 10-15 րոպէ ուշացել էի եւ վազելով եմ միջանցքն անցել. դա, երեւի, օգտագործել են. Մհ՝ ԱԺ միջադէպից յետոյ փախչելու տեսանիւթի մասին
Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանեանը մի քանի անգամ դրսեւորել է ագրեսիւ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազօրութիւնները: Ձերբակալուածների պահման վայրից դուրս գալուց յետոյ լրագրողների հետ զրոյցում պատմեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Սահակեանը:
«Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով յարգալից վերաբերուի ընդդիմադիր պատգամաւորների նկատմամբ: Դրանից նա աւելի ոգեւորուեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դէպի ինձ: Գոռում էր՝ «ում վրայ ուզեմ, կարող եմ գոռալ»: Այդ պահին, երբ մօտենում էր ինձ, հաշուի առնելով իշխանական պատգամաւորների վարքագիծը, որ թոյլ են տալիս հարուածել ընդդիմադիր պատգամաւորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանութեան եւ մէկ անգամ հարուածեցի նրան»,-պատմեց ընդդիմադիր պատգամաւորը:
Հարցին՝ ըստ իշխանական պատգամաւորների՝ հարուածել է շողացող ինչ-որ առարկայով, Սահակեանը պատասխանեց՝ բացարձակ սուտ է. «Հարուածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդել եմ, հարուածելուց յետոյ, չեմ ցանկացել, որ վէճը շարունակուի, հեռացել եմ նիստէրի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագէտների սենեակ»:
Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թէ ինքը միջադէպից յետոյ վազելով փախչել է՝ Սահակեանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպէ եւ վազելով եմ միջանցքով անցել: Դա, երեւի, օգտագործել են: Միանշանակ մոնտաժուած են կադրերը: Հաւատացեք՝ ամէն ինչ իր պատասխանը կը ստանայ»:
Մհեր Սահակեանը շեշտեց, որ նոյնիսկ մոնտաժուած տեսանիւթում չկայ հատուած, թէ ինքը փակուել է աղջիկների զուգարանում. «Կեղծարարութիւն է իրենց բնորոշ ձեւով»: