ՀՅԴ Հայ Դատի Յանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

ՀՅԴ Հայ Դատի Յանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(փետրվար – մարտ, 2023թ)

Պայմանաւորւած Արցախին պարտադրուած ադրբեջանական շրջափակմամբ՝ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան հիմնական ուղղութիւնները վերոնշեալ ժամանակահատւածում վերաբերել են Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման ապահովմանը եւ Արցախում ստեղծւած իրավիճակի հանրահռչակմանը։ Այդ առումով կատարւել են մեծածաւալ աշխատանքներ, որոնցից հիմնականները ներկայացնում ենք ստորեւ։

Հայ Դատի Արցախի գրասենեակ

ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակն անցնող երկամսեակի ընթացքում առցանց հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամների հետ եւ ներկայացրել տեղում իրավիճակը, ադրբեջանական հերթական ագրեսիայի հետեւանքները եւ եորդորել Ադրբեջանի նկատմամբ կիրառել գործուն ճնշումներ՝ այդ թւում հասնել Ադրբեջանին տրամադրւող ադրբեջանական ռազմական օժանդակութեան վերացմանը։ Մասնաւորապէս՝ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրենք Փալոնի, Ադամ Շիֆի, Քէյթ Փորթէրի, Բարբարայ Լիի եւ այլոց հետ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ կոնգրէսականների գրասենեակների աշխատակազմերի հետ։ Յատուկ աշխատանք է տարւել միջազգային մեդիայ-հարթութիւնում, որոնք ներառել են տեղեկատւական հոլովակների տարածում եւ հարցազրոյցներ։

ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակի յատուկ խորհրդական Գեւ Իսկաջեանը, որն Արցախ էր տեղափոխւել անցեալ տարի ԱՄՆ Մոնտեբելօ քաղաքից, փետրւարի սկզբին առցանց քննարկում է ունեցել իր շրջանից ընտրւած կոնգրէսական Լինդայ Սանչեսի հետ եւ ներկայացրել շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծւած իրավիճակը։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի եւ տիկին Սանչեսի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի Արեւելեան ափի յանձնախումբը փետրւարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանութեանն ուղղւած լոբբիստական երկօրեայ գործողութիւններ։ Հայ Դատի կամաւորներին էին միացել նաեւ համայնքային գործընկեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, մասնաւորապէս՝ «Ամերիկայ-իւնական առաջնորդութեան խորհրդից», «Գործողութեան պահանջ» եւ «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» կազմակերպութիւններից։

Ձեռնարկին միացել էին նաեւ ցեղասպանութիւն յանցագործութեան հետազօտեղներ ԱՄՆ Արեւելեան ափից։

Փետրւարի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական խումբը՝ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի գլխաւորութեամբ, Արցախի շրջափակման դէմ բանաձեւի նախագիծ է ներկայացրել։ Բանաձեւի ընդունւելու դէպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Հաղորդագրութեան համաձայն, առաջարկւող քայլերն են դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները հետաքննելու համար, համագործակցել միջազգային գործընկերների, ներառեալ Արցախի իշխանութիւնների հետ, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար, անեապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգութեան աջակցութիւն Ադրբեջանին,
կիրառել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդւածը, ինչպէս նաեւ պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման եւ մարդու իրաւունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ, մշակել ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայերի համար ամերիկեան կայուն մարդասիրական օգնութեան եւ զարգացման աջակցութեան երկարաժամկէտ ծրագիր:

Փետրւարի 14-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ֆեդերալ եւ շրջանային պատասխանատուները հանդիպել են Բեւերլի Հիլսի քաղաքապետի եւ ոստիկանապետի հետ՝ քննարկելու շաբաթներ առաջ Հայ երիտասարդաց միութեան բողոքի ցոյցի երթուղու վրայ տեղ գտած հակահայ թռուցիկների տարածման հետաքննութեան հարցը։ Հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են հայ համայնքի նկատմամբ ատելութեան խօսքի դրսեւորումներն ադրբեջանական շրջանակների, այդ թւում եւ Լոս Անջելէսում հաւատարմագրւած ադրբեջանական հիւպատոսութեան կողմից։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2024 ֆինանսական տարւայ արտաքին օգնութեան մասին օրինագծի մշակման յանձնաժողովին կոչ է արել ընդլայնել Արցախին յատկացւող աջակցութիւնը՝ այն հասցնելով 75 միլիոն դոլարի, հաշւի առնելով շրջափակումը, ինչպէս նաեւ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկել։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի՝ կառավարութեան հետ յարաբերութիւնների պատասխանատու Թերեզայ Երեմեանը յայտարարել է, որ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի Արցախի շարունակական հումանիտար շրջափակման կապակցութեամբ ենթայանձնաժողովը պէտք է պատասխանատուութեան ենթարկի Ալիեւի ռեժիմին՝ դադարեցնելով ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնութիւնը Ադրբեջանի զինւած ուժերին եւ օգնի բաւարարել Արցախում հրատապ մարդասիրական կարիքները՝ օգնութեան իւսալի փաթեթով։

Մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարաւային Կովկասում բանակցութիւնների հարցերով ԱՄՆ Պետդէպարտամենտի աւագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն հանդէս է եկել յայտարարութեամբ առ այն, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի կիրառի Բաքւի նկատմամբ՝ Արցախը շրջափակւած պահելու համար։ Այս յայտարարութեանն արձագանգել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը․ «Լուիս Բոնոն իր առաջին հրապարակային ելոյթում, քննարկումներից հանելով Ադրբեջանի դէմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլութեան մասին՝ Իլհամ Ալիեւի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր յայտարարութիւնները չի գործնականացնի»։ Լուիս Բոնոյի յայտարարութիւնը դատապարտել է նաեւ կոնգրէսական Ադամ Շիֆը։

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբի կատարած աշխատանքների արդիւնքում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցութիւններից, հանդէս են եկել Ադրբեջանին ռազմական օգնութիւնը դադարեցնելու եւ Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնութիւն ուղարկելու կոչով: Նախաձեռնութիւնն առաջնորդում է Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են յղել պետական արտաքին գործառնութիւնների գծով յատկացումների ենթայանձնաժողովի նախագահ Մարիօ Դիաս Բալարտին եւ ենթայանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարայ Լիին, որոնք արդէն սկսել են 2024 ֆինանսական տարւայ արտաքին օգնութեան մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Կալիֆորնիայի տեղական յանձնախմբի աշխատանքների արդիւնքում մարտի 31-ին Կալիֆորնիայի օրէնսդիր մարմինը միաձայնութեամբ ընդունել է Արցախի ադրբեջանական շրջափակումը դատապարտող բանաձեւ։

Մեծածաւալ լոբբիստական աշխատանքին զուգահեռ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը մարտի վերջին իրականացրել է իր «Ծագող առաջնորդներ» կրթական ծրագրի հերթական փուլը։ Այս ծրագրի նպատակն է ամերիկահայ երիտասարդութեանը ծանօթացնել հայութեան շահերի պաշտպանութեանը, Հայ Դատի աշխատանքները՝ նրանց փոխանցելով ինչպէս տեսական գիտելիքներ, այնպէս էլ գործնական հմտութիւններ։

Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, Ադամ Շիֆի առաջնորդութեամբ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու խմբակցութիւնների թւով 35 կոնգրէսականներ, համատեղ նամակով դիմել են Բայդենի վարչակազմին` կոչ անելով օգտագործել վերջինիս տրամադրութեան տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, այդ թւում՝ կրճատել Ադրբեջանին տրամադրւող օգնութիւնը եւ պատժամիջոցներ կիրառել դրա նկատմամբ։

Եւրոպայ

Եւրոպական Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը փետրուարի 9-ին ընդունել է ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների 2021-2022թթ․ զեկոյցը, որում կարեւոր անդրադարձներ կան ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների վերաբերեալ: Զեկոյցն անդրադառնում է նաեւ Արցախի հակամարտութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։ Զեկոյցում կոչ է արւում երկու կողմերին, յատկապէս Ադրբեջանի իշխանութիւններին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանութիւնից կամ գործողութիւններից, որոնք կարող են ընկալւել որպէս ատելութիւն կամ բացայայտ բռնութիւն հրահրող:

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում փետրւարի 21-24-ը փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան էին այցելել Եւրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ Սիլւի Գիեոմը եւ Ֆրանսուայ Ալֆօնսին։ Պատւիրակութեանը Հայաստանում ուղեկցել էին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էւինտանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

Փետրւարի 21-ին պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հաեօց կաթողիկոսի, ՀՀ օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան, քաղաքական ընդդիմութեան ներկայացուցիչների, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի հետ, ինչպէս նաեւ առանձին հանդիպում է տեղի ունեցել ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչների հետ։

Փետրւարի 22-ին պատւիրակութեան մեկնել է Սիւնիք, որտեղ հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպէս նաեւ այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր եւ հանդիպում ունեցել քաղաքացիական բնակչութեան հետ։ Փաստահաւաք առաքելութեան այցն ամփոփւել է մամուլի ասուլիսով։

Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջայ Լահբիբն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանին, գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանին եւ ՀՅԴ Հայ Դատի Բելգիայի յանձնախմբի նախագահ Կարօ Կարապետին: Հանդիպման ընթացքում Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւող էթնիկ զտումների քաղաքականութիւնը եւ Ադրբեջանի իշխանութիւնների վրայ ճնշում գործադրելու անհրաժեշտութիւնը՝ դադարեցնելու այն։

Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների 2021-2022թթ. զեկոյցները, որոնք անդրադառնում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ յարաբերութիւնների առանցքային կէտէրին, Արցախի հակամարտութեանը եւ տարածաշրջանում Եւրոմիութեան դերին՝ կայունութեան ու խաղաղութեան հաստատման գործում: Երկու զեկոյցները վերահաստատում են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համապարփակ պայմանագիրը պէտք է երաշխաւորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականութիւնը, Արցախում բնակւող հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը։ Եւրոխորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթէ վերջինս չկատարի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը։ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, մեկնաբանելով զեկոյցները, նշել է. «Զեկոյցները յստակօրէն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետութեան դէմ եւ Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եւրոխորհրդարանը նաեւ կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ, եթէ նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը։ Կարեւոր է՝ Ադրբեջանի վերաբերեալ զեկոյցում ընդգծւում է, որ Արցախի հակամարտութեան լուծումը պէտք է համապատասխանի միջազգային իրաւունքին, մասնաւորապէս 3 հիմնարար սկզբունքներին»։ Ըստ Կարապետեանի՝ «Եւրոխորհրդարանի դիրքորոշումը կարեւոր է հայկական կողմի համար, այնուամենայնիւ, ԵՄ գործադիր իշխանութիւնն է, որ պէտք է կոնկրէտ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դէմ՝ հիմք ընդունելով Եւրոխորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը կը շարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղութեամբ»:



Կանադայ

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում Արցախի շրջափակման, դրա արդիւնքում տեղում ստեղծւած իրավիճակը եւ առհասարակ ադրբեջանական ագրեսիւ քաղաքականութիւնը բարձր մակարդակով քննարկման նիւթ է եղել Կանադայի պետական, հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողով փետրւարի 14-ին Ադրբեջանին կոչ է արել երաշխաւորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացւած միջնորդութիւնն ընդունւել է միաձայն: Կանադայի Հայ Դատի յանձնախումբը շնորհակալութիւն է յայտնել պատգամաւոր Ստեֆան Բերժերոնին, ինչպէս նաեւ յանձնաժողովի բոլոր անդամներին այս կարեւոր հարցում ցուցաբերած աջակցութեան համար:

Վերջին երկու ամիսների ընթացքում Կանադայի քաղաքական ասպարէզից շուրջ մէկ տասնեակի հասնող խորհրդարանականներ դատապարտել են Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիան։ Մարտի 10-ին Հայ Դատի Կանադայի յանձնախումբը սոցցանցային արշաւ է սկսել՝ փորձելով համախմբել կանադահայ համայնքին, որպէսզի հասարակական աւելի լայն ընդգրկմամբ հնարաւոր լինի հասնել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի կողմից Ադրբեջանին հասցէական դատապարտմանը։ Մարտի 27-ին, ի պատասխան Ժան Եիփի հարցմանը, ԱԳ նախարարը Ադրբեջանին կոչ է արել բացելի Լաչինի միջանցքը։

Ազատական կուսակցութեան անդամ Ժան Եիփը հարցման մէջ նշել էր, որ իր ընտրատարածքի հայ համայնքը խորապէս մտահոգ է Արցախի հակամարտութեան լարւածութեան սրման առնչութեամբ եւ յիշեցրել, որ արդւն աւելի քան հարիւր օր Արցախի շրջափակումը շարունակւում է, առկայ է մարդասիրական խորացող ճգնաժամ, իսկ Արցախի ժողովուրդը մտավախութիւն ունի, թւ իրավիճակը շուտով կարող է վերստին սրւել։ Խորհրդարանականը հարցրել է, արդեօ՞ք Կանադայի արտաքին գործերի նախարարը կարող պարզաբանել թէ կառավարութիւնն ի՞նչ քայլեր է ձեռնարկել այս հարցի ուղղութեամբ։

Պատասխանելով հարցին՝ Ջոլին մասնաւորապէս յայտնել է՝ Կանադան շարունակում է կոչ ուղղել Ադրբեջանի իշխանութիւններին բացելու Լաչինի միջանցքը եւ ազատ արձակելու հայ ռազմագերիներին։ Նախարարը նաեւ շեշտել է, որ մարդասիրական ճգնաժամի աւելի վատթարացումը պէտք է կանխւի։ Նա միաժամանակ նաեւ աւելացրել է, որ Կանադան իր զօրակցութիւնն է յայտնում Հայաստանում Եւրոպական միութեան քաղաքացիական առաքելութեան գործունէութեանը։

Աւստրալիայ

Ի պատասխան Աւստրալիայի Հայ Դատի գրասենեակի հարցման՝ Աւստրալիայի ընդդիմութեան արտաքին յարաբերութիւնների հարցերով պատասխանատու, սենատոր Սայմոն Բիրմինգհեմը փետրւարի սկզբին Ադրբեջանից պահանջել է բացել Լաչինի միջանցքը։ Նա նաեւ նշել է, որ լիբերալ եւ ազգային կոալիցիան շարունակում է աջակցութիւն յայտնել տարածաշրջանում հակամարտութիւնը սրող բոլոր գործողութիւնների դադարեցմանը:

Փետրւարի 14-ին սենատոր Փօլ Ֆլետչէրն խորհրդարանում քննադատել է Ադրբեջանի անօրինական քաղաքականութիւնը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։ Սենատորը Աւստրալիայի կառավարութեանը կոչ է արել աջակցել Հայաստանի եւ Արցախին Բաքւի ագրեսիայի դէմ պայքարում։ Ադրբեջանին ուղղւած քննադատութեամբ մարտի 28-ին հանդէս է եկել նախ դաշնային խորհրդարանական Սոֆի Սքեմփսը։

Մարտի 23-ին յայտնի դարձաւ, որ Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի կառավարութիւնը 100.000 ԱՄՆ դոլար է յատկացրել աւստրալահայ համայնքին՝ աջակցելու հայ-աւստրալական արխիւային նախագծի ստեղծմանը, որն առաջարկւել է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի կողմից Գալստուն քոլեջի հետ համագործակցութեամբ:

Առհասարակ, պայմանաւորւած Նոր Հարաւային Ուելսում մարտի 25-ին կայացած ընտրութիւններով, դրան նախորդող ընթացքում Հայ Դատի յանձնախումբը քաղաքական բնոյթի բաւական լայնածաւալ աշխատանք է իրականացրել թեկնածուների հետ՝ յետագայում Հայ Դատի աշխատանքների հետապնդման համար նպաստաւոր իրավիճակ ունենալու նպատակադրմամբ։
Մարտի երկրորդ կէսին Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը այցելել է Վիկտորիայ նահանգի նահանգային խորհրդարան, որտեղ մարտի 20-ից իրականացրել է հայութեան շահերի պաշտպանութեանն ուղղւած մէկշաբաթեայ աշխատանքներ։

Լիբանան

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը փետրւարի 25-ին Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի առիթով նամակներ է ուղարկել Լիբանանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շւեդիայի, Գերմանիայի, Շւէյցարիայի դեսպաններին եւ Եւրոպական միութեան ներկայացուցչին։ Նամակների մէջ նշւած է, որ արցախահայութիւնը երբեք չի կարող մաս կազմել մի պետութեան, որի նպատակն է նրանց բնաջնջումը։

Հայ Դատի մարմինը մարտի 5-ին նամակ է յղել Լիբանանում Գերմանիայի դեսպան Անդրէաս Քինտլին՝ անդրադառնալով կանցլեր Օլաֆ Շոլցի՝ մարտի 2-ին կատարած յայտարութեանը, որում մասնաւորապէս նշւում է․ անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հեասատանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկիւնից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հաւասարազօր են»։ ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ հնարաւոր չէ խաղաղութիւն առանց Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման նկատմամբ յարգանքի, պէտք է ընդամէնը տեսնել Նախիջեւանի բնիկ հայ ժողովուրդի ճակատագիրը՝ հասկանալու համար այդ հիմնարար սկզբունքի յարգման կարեւորութիւնը ու հրատապութիւնը։
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի յանձնախումբը մարտի 12-ին եւս մէկ նամակ է ուղարկել Լիբանանում հաւատարմագրւած նիդերլանդական դեսպանատուն՝ գոհունակութիւն յայտնելով վերջին շրջանում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարութեան օբիեկտիւ դիրքորոշումների կապակցութեամբ, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի՝ ադրբեջանական յանցաւոր շրջափակմանը։

Իրան

Հայ Դատի Թեհրանի յանձնախումբը՝ «Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնը» (ՀՈՒՍԿ) մարտի 2-ին կազմակերպել էր «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովը՝ «Հայաստանը, Արցախը եւ յարափոփոխ տարածաշրջանը» խորագրով: Խորհրդաժողովի ժամանակ ելոյթներով հանդէս են եկել ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցութեան պատգամաւոր Աննայ Գրիգորեանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ եւ փորձագէտներ։ Խորհրդաժողովի օրակարգում էր Հայաստանի, Արցախի եւ միջազգային քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի քննութիւնը, տարբեր մարտահրաւէրների գնահատումը, հայութեան զարգացման տեսլականի եւ այլ հարցերի մասին քննարկումներ:

Իսրայէլ

Հայ Դատի Երուսաղէմի յանձնախմբի տեւական եւ գործուն ջանքերի արդիւնքում Իսրայէլի Հայֆայ քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հաեօց Ցեղասպանութեան հրապարակի բացումը՝ չնայած Թել Աւիւում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրւած ճնշմանը: Միջոցառմանը ներկայ են գտնւել Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայէլում Հայաստանի դեսպան Արման Յակոբեանը, Երուսաղէմի Հաեօց պատրիարքութեան ներկայացուցիչները, Երուսաղէմի Հայ Դատի յանձնախումբը, Իսրայէլի հայկական համայնքի անդամներ, ինչպէս նաեւ Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Հարայւային Ամերիկայ

ՀՅԴ Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախմբի հրաւէրով եւ Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամաւոր Արթուր Խաչատրեանը եւ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մարտի 19-25-ը եղել են Բուէնոս Այրէսում։

«Մարդու իրաւունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացւել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների եւ շուրջ 700 կազմակերպութիւնների մօտ 5000 պատւիրակների մասնակցութեամբ։ Երկրորդ ֆորումն անցկացւել է յաջորդ տարի Մարոկկոյում՝ (Մարաքեշում), որտեղ մասնակիցներ էին ժամանել աշխարհի 95 երկրից եւ շուրջ 750 կազմակերպութիւնից։

Ֆորումի շրջանակներում կազմակերպւած «Խաղաղութեան գործընթացներ աշխարհում եւ Լատինական Ամերիկայում» պանելային քննարկման ժամանակ պարոն Արթուր Խաչատրեանը մանրամասն ներկայացրել է Արցախեան հակամարտութեան ծագման պատմութիւնը, ընթացքը եւ հակամարտութեան կարգաւորման ուղիները։ Պատգամաւորը յատկապէս շեշտել է ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազատ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ հակամարտութեան կարգաւորումը: Խաչատրեանը նաեւ ներկայացրել է Արցախում պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակը, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացւած ռազմական ագրեսիայի մասին տեղելութիւններ։

Ֆորումի շրջանակներում կազմակերպւած «Մարդու իրաւունքների խախտումներն ու ցեղասպանութեան սպառնալիքները» խորագրով քննարկման ընթացքում Գեղամ Ստեփանեանը ներկայացրել է 2020 թւականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ սանձազերծւած պատերազմում եւ դրանից յետոյ իրականացւած ռազմական յանցագործութիւնները, մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստէր է ներկայացրել Արցախի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից համակարգային եւ հետեւողական կերպով իրականացւող էթնիկ ատելութեան յանցաւոր քաղաքականութեան վերաբերեալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանութիւնն է։

Արգենտինայում Մարդու իրաւունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքների աւարտից յետոյ Հայ Դատի Արգենտինայի եւ Ուրուգւայի յանձնախմբերի պատասխանատուների ուղեկցութեամբ Արթուր Խաչատրեանն ու Գեղսամ Ստեփանեանը բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ են անցկացրել հարաւամերիկեան երկու երկրներում։ Մասնաւորապէս հանդիպումներ են տեղի ունեցել Արգենտինայի Սոցիալիստական կուսակցութեան նախագահ, խորհրդարանի պատգամաւոր Մոնիկայ Ֆայնի եւ «Արմատական քաղաքացիական միութիւն» կուսակցութեան նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամաւոր Խուան Մարտին Մուսակիոյի, Արգենտինայի արտաքին գործերի նախարարութեան միջխորհրդարանական կապերի տնօրինութեան դիւանագէտ Նիկոլաս Վարզիլիոյի եւ Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ յարաբերութիւնների) տնօրինութեան տնօրէն Նիկոլաս Դարիօ Սաբունկուեանի, Ուրուգւայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարի, Ուրուգւայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի պատգամաւորների, Ուրուգւայի Սենատի անդամ, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշեանի։ Հանդիպումների ցանկը եզրափակւել է Ուրուգւայում Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամների հետ հանդիպմամբ։

Կիպրոս

Կիպրոսի ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը մարտի 15-ին Կիպրոսի համալսարաններին եւ խոշոր գրադարաններին է նւիրել «Սողոմոն Թեհլիրեան, իւշեր-Թալէաթ փաշայի սպանութիւնը» գիրքը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

03.04.2023 թ.

Share