Ադրբեջանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատունը բողոք է յղել Ադրբեջանին

Ադրբեջանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատունը բողոք է յղել Ադրբեջանին

Ադրբեջանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատունը բողոքի գիր է յղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեանը՝ ադրբեջանական լրատւամիջոցների կողմից Իրանի դէմ կիրառած վիրաւորական եւ անարգանքի գործողութիւնների առչնութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ադրբեջանի Հանրապետութեան որոշ լրատւամիջոցների անարգանքի գործողութիւնների շարունակութիւնից յետոյ Բաքւում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը խիստ բողոք է յղել այդ երկրի արտաքին գործերի նախարարութեանը:

Դեսպանատունը խստօրէն բողոք է արտայայտել ադրբեջանական լրատւամիջոցների գործողութիւնների առնչութեամբ եւ կոչ արել անյապաղ դադարեցնել դրանք։

Դեսպանատունը նաեւ զգուշացրել է երկու երկրների յարաբերութիւնների ուղղութեամբ նման գործողութիւնների վնասակար հետեւանքների մասին։

ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակ Նասեր Քանանին այսօր՝ մարտի 31-ին ադրբեջանական իշխանութիւններին կոչ է արել բացատրութիւն տալ վերջին հակաիրանական գործընթացների մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական խօսնակը սիոնիստական ​​ռեժիմի ԱԳ նախարարի յայտարարութիւններին անդրադառնալով՝ կապւած հակաիրանական միասնական ճակատի ձեւաւորման, ինչպէս նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի յայտարարութեան Ադրբեջանի եւ սիոնիստական ռեժիմի միջեւ «ռազմավարական գործընկերութեան նոր փուլ» ձեւաւորմանը, Քանանին այն դիտարկել է  որպէս անուղղակի հաստատում այդ երկրների հակաիրանական կողմնորոշման։

ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակն ադրբեջանական իշխանութիւններին կոչ է արել բացատրութիւն տալ այս յարաբերութիւնների վերաբերեալ։

Նա այդ գործընթացները որակել է որպէս եւս մէկ ապացոյց, որ սիոնիստական ռեժիմը չարամիտ մտադրութիւններ ունի Ադրբեջանի հողն Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային անվտանգութեան համար սպառնալիքի վերածելու վերաբերեալ:

Ընդգծելով Իրանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ամուր պատմական եւ կրօնական կապերը՝ նա յաւելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս փորձել է տապալել չարակամների ջանքերը, որոնք ձգտում են պառակտել երկու հարեւան երկրները։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքից մեր երկրի դէմ սիոնիստական ռեժիմի դաւադրութեան կազմակերպման սպառնալիքի նկատմամբ, եզրափակել է ԱԳՆ պաշտօնական խօսնակը:

Share