ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի թիկնազօրն այսօր կէսօրին Երեւանի սրտում «ասֆալտին էր պառկացրել» սփիւռքահայ Կարէն Մկրտչեանին, ապա, Սիմոնեանն ինքն էր մօտեցել քաղաքացուն եւ թքել նրա դէմքին։ Եւ այս ամենն այն պատճառով, որ Մկտրչեանը Սիմոնեանին տեսնելով սկսել էր վանկարկել՝ «դաւաճան»։
MediaHub.am-ը զրուցեց Կարէն Մկրտչեանի հետ՝ դէպքի մանրամասներին ծանօթանալու նպատակով։
«Առաւոտեան ընտանիքիս հետ նախաճաշելուց յետոյ Կասկադում սկսեցի քայլել, ապա նկատեցի, որ սեւ մեքենայով մէկն է գալիս իր թիկնապահներով, ենթադրեցի, որ թերեւս մաֆիոզ է։ Բայց, որ մեքենայից իջաւ, թեւի կոտրած մասը տեսայ, հասկացայ՝ ինքն է, ու իրեն բնորոշ բառն ասացի՝ դաւաճան։ Ու դա մի քանի անգամ։ Ապա շարունակեցի քայլել, երբ իր անվտանգութեան աշխատակիցներն ինձ մօտեցան, ասացին, որ պէտք է սպասեմ, ապա երկու-երեք հոգով բռնեցին թեւերիցս, ինձ ասֆալտին պառկացրին, հէնց պտտեցին, արդէն Ալէն Սիմոնեանը դիմացս կանգնած էր, ասաց՝ դաւաճանը մամադ է, ապա թքեց երեսիս։ Այդ վայրկեանին ես չգիտէի՝ ինչ եմ զգում՝ զարմա՞նք, ամօթա՞նք։ Որ փողոցային լակոտի պէս իրեն պահեց իշխանաւորը, ես ամօթ զգացի, որ այս որակի ղեկավարութեանը մենք հանդուրժել ենք»,- մէզ հետ զրոյցում պատմեց Կարէն Մկրտչեանը։
Նա նշեց, որ դրանից յետոյ ոստիկանութիւնն է եկել, իրեն տարել են բաժին, անձի նոյնականացում արել ու վերջ։ Ոչ մի արձանագրում չի եղել, քանի որ ոչ ոք չի ուզել այդ ամէնին մաս դառնալ։
Տեղեկացնենք, որ «ասֆալտին փռելու ժամանակ» անվտանգութեան աշխատակիցները ճանկռել ու վնասել են Մկրտչեանի աջ աչքի հատուածը։
Հարցին, թէ արդեօ՞ք ինքը յանցագործութեան մասին հաղորդում ներկայացնելու է, Կարէն Մկրտչեանը յստակ չպատասխանեց, նշեց, որ դեռ պէտք է մտածի այդ ուղղութեամբ։
«Սա անընդունելի արարք է, իրաւաբանօրէն պատժելի, բայց ինձ համար իրաւական ասպեկտից բացի կայ նաեւ բարոյական կողմը։ Սա նոյնն է, ինչ սպիտակ շորտով պարելը այն դէպքում, երբ Բաքւում հայ գերիներ կան»,- ասաց Մկրտչեանը։
Դիտարկմանը, որ որոշ իշխանական ԶԼՄ-ներ գրում են, թէ ինքը անձնական շահից դրդուած է այսպէս վարուել, քանի որ յաճախ է Կառավարութիւն գնացել՝ աշխատանք խնդրելու, կանադահայ Մկրտչեանը պատասխանեց, որ աեօ՛, եղել է Կառավարութիւնում, բայց ներդրումային ծրագրեր ներկայացնելու համար։
«Տասը միլիոն դոլարի ներդրումային ծրագիր եմ բերել Հայաստան։ Հետոյ աշխատանքի առաջարկ եմ ստացել, որը մերժել եմ»,- նշեց նա։
Կարէն Մկրտչեանը վստահեցրեց՝ Ալէն Սիմոնեանին տեսնելու դէպքում էլի է նոյնն անելու, էլի է դաւաճան ասելու, քանի որ դրան է արժանի ու պէտք է իմանայ։
Նարէ Գնունի
Մանրամասները՝ տեսանիւթում։
*****
Ալէն Սիմոնեանի հետ ունեցած միջադէպի հետեւանքով վնասուածք եմ ստացել աչքիս հատուածում. Կարէն Մկրտչեան
ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հետ ունեցած միջադէպի հետեւանքով վնասուածք եմ ստացել աչքիս հատուածում: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Կասկադում Ալէն Սիմոնեանին «դաւաճան» անուանած ՀՅԴ անդամ Կարէն Մկրտչեանը:
«Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգութեան աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցուեցին, իմացայ, որ Ալէն Սիմոնեանն է, իր բնորոշումը տուեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դաւաճան է: Այն ընթացքում ինձ մօտեցան ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալէն Սիմոնեանն ինձ ասաց՝ դաւաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գէտնին, այնուհետեւ տարան ոստիկանական բաժանմունք»,- պատմեց միջադէպի մասնակիցը:
Կարէն Մկրտչեանի խօսքով՝ այդ միջադէպին որեւէ քաղաքացի չի միջամտել. «Ես, ցաւօք, այդ ընթացքում չտեսայ քաղաքացիների, որոնք այդ պահին նոյն վերաբերմունքը ցոյց կը տային: Երբ իշխանութիւնը տեսնում է, որ իր քաղաքացիները կամակատար են ընդունում են անիրաւութիւնները, նրանք շարունակում են այդպէս: Ինձ համար ցաւալի է, որ ԱԺ նախագահը նման վարուելակերպ ունի քաղաքացիների նկատմամբ»:
Նրա խօսքով՝ զարմանալին այն էր, որ ոչ թէ Ալէն Սիմոնեանին, այլ իրեն են ոստիկանական բաժանմունք տարել. «Մենք գործ ունենք անօրինութեան ու օրէնքը կիրառւում է ընտրողաբար: Սա փաստ է, որ մեր երկիրն անդունդն է գլորւում: Ժողովրդավարութիւն կամ օրինականութիւն, դրանք ընդամէնը շղարշ են»: