Գրիշ Դավթեան
Ազգային Գաղափարախօսութեամբ
Անձրեւի շաղից յետոյ պարզ ու ջինջ օր է գարնան
Նստել եմ ծառի ներքոյ ձեռքումս մի հին մատեան:
Մեր հայոց պատմութիւնն է՝ Մովսեսի Խորենացուոյ,
Ու մեր սուրբ փոքր ածուն է ժեռ կամքով, կուռ, կոփածոյ:
Կան եւ այլ հզօր ազգեր բանակած մեր սահմանին
Հաւաքած զօրագնդեր սակրաւոր, բաբանային:
Դարերի խորքից եկած ապրելու մեր բնազդով,
Բնազդը ամրակայած հայկական կուռ կոփուածքով,
Բնազդը բառաբանած Մաշտոցեան Երկաթգրով…
Ազգային յարատեւման Գաղափար Ա՛ Խոսութեամբ,
Հաւատքի հանգանական անխափան յաւէրժութեամբ:
Որ սնել ենք դարերի անխափան ոգորումով,
Պատմութեան աւանդների բանաւոր տքնութիւնով:
Որ կեղծ չէ, այլ իրակայ՛ն, առօրեայ կեանք ու սիրով,
Իմ ու քո, ընտանեկան բախտով ու սուրբ բարիքով:
Բախտով ու սուրբ բարիքով հայից հայ ու շենից շէն
Դարձել է ազգուտակով հայրենիք ու ազգաշէն:
Ո՛չ թէ կոյր, լոյսից էլ զուրկ սեւ մտքի գորշ կեղծութիւն.
Կեղծութեան կեղծիք, զեղծում, գործուղուած դաւադրութիւն:
Կանգնում ենք մեր ազգային Գաղափար Ա՛ Խոսութեամբ,
Հերքում ենք գորշ կեղծիքի սադրանքը խարդաւութեան:
Ու կեցցէ՛, կեցցէ՛ յաւէրժ հայ ազգն ու ժողովուրդը,
Մեր դատը հայրենաւրէժ, սրբազան մեր խորհուրդը:
Մեր ազգի պատմութիւնն է, մեր շահած կեանքն ու բախտը,
Հայրենի գոյութիւնն է, մեր սուրբ տուն ու դրախտը,
Միացեալ Հայաստանը,
Միացեալ Հայաստանը:
Գինեձօն
Սիրտս որպէս սիրոյ սկիհ, սէրս մէջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գաւաթս իմ ժողովուրդ հայրենի:
Նաւասարդի նուիրական աւանդներով սրբեղէն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղէն:
Աւերաբեր ի՛նչ ամպ ու զամպ քո ճակատին բախուեցին
Դու տոկացիր հանց դիւցազուն թուր-կեծակի սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզօր ու խաւարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը,
Խիլ խլեցիր արեգակը,
Շանթ շորթեցիր արեգակը յաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կեանքի նոր ոգով զեղուն քո արեւը հրային:
Սիրտս անկէզ, վառ մորենի, սէրս ճիւղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ իմ հայրենեաց ազգ հայոց: