Artsakhtert.com-ը գրում է. Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման պահանջով երէկ՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հաւաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ յանուն Արցախի ապագայի» նախաձեռնութեամբ: Կազմակերպիչները միջազգային հանրութեանն ու կառոյցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանութիւնն ու Արցախի հայաթափումը: Նշելով ահաբեկչական Ադրբեջանի գործողութիւնների հետեւանքով արցախահայութեան ֆիզիկական գոյութեանը սպառնացող վտանգները, հաւաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետութիւնը՝ յանուն փրկութեան ու անվտանգութեան:
«Մեր իրաւունքները ոտնահարւած են, կեանքը՝ վտանգւած: Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան հիմնարար կէտերը, ադրբեջանական զինւած ուժերը ահաբեկչական յարձակումներ են գործում: Կոչ ենք անում համայն հայութեանը համախմբւել, մէկ բռունցք դառնալ, կանգնել արցախահայութեան կողքին»,- նշել են «Արցախի կանայք՝ յանուն Արցախի ապագայի» նախաձեռնութեան անդամները: