Ուկրայինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ գումարել՝ կապւած Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զէնքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յայտարարութեան հետ։ Այս մասին ասվում է Ուկրայինայի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութեան մէջ։ Գրում է Tert.am-ը։
Ինչպէս գրում է korrespondent.net-ը, Ուկրայինայի արտաքին գործերի նախարարութիւնը պաշտօնապէս արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զէնք տեղակայելու Ռուսաստանի մտադրութեանը։
Ուկրայինան կոչ է արել բելառուսական հասարակութեանը «կանխել Բելառուսի տարածքում միջուկային զէնք տեղակայելու յանցաւոր մտադրութիւնների իրականացումը, որը հակասում է Միջուկային զէնքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտաւորութիւններին եւ աղէտալի հետեւանքներ կունենայ Բելառուսի ապագայի համար, ինչպէս նաեւ երկիրն աւելի շատ կը վերածի Կրեմլի պատանդի, ընդգծել են Ուկրայինայի ԱԳՆ-ում»։
Ուկրայինան Կրեմլի միջուկային շանտաժին հակազդելու հարցում արդիւնաւէտ գործողութիւններ է ակնկալում Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, այդ թւում՝ որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ, որոնք յատուկ պատասխանատւութիւն են կրում միջուկային զէնքի կիրառմամբ ագրեսիայի սպառնալիքները կանխելու համար:
«Մենք պահանջում ենք այդ նպատակով անյապաղ հրաւիրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստ»,- յայտնել են երկրի ԱԳՆ-ից։ Յիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը յայտարարել էր, որ Մոսկւան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զէնքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զէնքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտաւորութիւնները»։
«Ապրիլի 3-ից մենք սկսում ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ յուլիսի 1-ին Բելառուսի տարածքում աւարտում ենք մարտավարական միջուկային զէնքի յատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։