Պատէրազմը լինելու է Երեւանին մօտ տարածքում. Փաշինեանի ստորագրելիք փաստաթուղթն այն չի կանխելու. Քրիստինէ Վարդանեան

Պատէրազմը լինելու է Երեւանին մօտ տարածքում. Փաշինեանի ստորագրելիք փաստաթուղթն այն չի կանխելու. Քրիստինէ Վարդանեան

Նիկոլ Փաշինեանը միայն տարածքներ յանձնելու դիմաց է ստանում իր իշխանութիւնը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանաւորուած այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանութեան հարցում Հայաստանի իշխանութեան բացարձակ անգործութիւնը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խօսքը վերաբերում է սեփական իշխանութեան պահպանմանը։

Այս ամէնը գալիս է ցոյց տալու, որ նպատակ է դրուած՝ ամէն գնով պահպանել սեփական իշխանութիւնը, այդ նպատակով հասարակութեան մէջ սերմանելով «ցանկացած զիջում նոր պատերազմից խուսափելու համար» կործանարար թեզը։

168 TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրներին եւ դրանց լուծման ուղղութեամբ Հայաստանի իշխանութեան որդեգրած եւ իրականացուող քաղաքականութեանը, նման տեսակէտ յայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը՝ ընդգծելով.

«Այստեղ է, որ մարդիկ պէտք է հասկանան՝ սպասուողը ոչ թէ խաղաղութեան, այլ կապիտուլեացիայի պայմանագիր է, պէտք է տեսնեն, որ սպասուողը ոչ թէ կանխելու է պատերազմը, այլ այն մօտեցնելու է մէզ դրան՝ մէզ համար աւելի անբարէնպաստ պայմաններում։ Այս պայմանագրով պատերազմը լինելու է Երեւանին մօտ տարածքում»,- ասաց Վարդանեանը՝ ընդգծելով՝ Հայաստանում գործում է մի իշխանութիւն, որն Ադրբեջանի հետ գնում է ժողովրդի թիկունքում պայմանաւորուածութիւնների ձեռքբերման՝ հանրութիւնից թաքցնելով, թէ ինչ է իրականում բանակցում Ադրբեջանի հետ, մասնաւորապէս, խաղաղութեան պայմանագիր կոչուածի համատեքստում։

«Բազմաթիւ անգամներ հարց է տրուել պատկան մարմիններին, թէ ի՞նչ է պահանջում Ադրբեջանի ղեկավարը Հայաստանից, ասուել է՝ ներկայացրէ՛ք դրուած պահանջները, բայց չէն արել, բանակցութիւնների իրական բովանդակութիւնը լրիւ գաղտնի է, անգամ պատգամաւորների՝ այդ ուղղութեամբ արուող հարցումներն են մնում անպատասխան, որովհետեւ գիտէն, եթէ հանրութեանը ներկայացնեն այդ պահանջները, պարզ կը դառնայ, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզը մեռելածին է, որովհետեւ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին»,- ասաց Վարդանեանը։

Պատգամաւորի խօսքով՝ բաց աղբիւրներից յայտնի է դառնում, որ, օրինակ, Տաւուշի գիւղերը, Երասխն Ադրբեջանի պահանջների կիզակէտում են, աւելին՝ յայտնի է, որ Ադրբեջանը խօսում է ռեպարացիաների մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պէտք է գումար վճարէն Ադրբեջանին։

«Այս բաց աղբիւրներում եղած տեղեկութիւնները եւս մէկ անգամ հիմք են տալիս իշխանութեանը հարցնելու՝ լա՛վ, ի՞նչ եք պայմանաւորուել փակ դռների հետեւում, չէ՞ որ Ադրբեջանի ղեկավարի պահանջները միայն Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին չէն։ Հարց է առաջանում, իսկ Գորիս-Կապան ճանապարհը մնալո՞ւ է Ադրբեջանին։ Նշեմ, որ ՊՆ հարցում եմ ուղարկել Ադրբեջանի կողմից Հայաստանում օկուպացուած տարածքների վերաբերեալ, տրուած պատասխանում Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքների մէջ Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-ը չկայ։ Լա՛վ, էլ ի՞նչ այդպիսի բարձր մակարդակի պայմանաւորուածութիւն կայ, որի մասին հանրութիւնը չգիտի»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը՝ շեշտելով՝ Փաշինեանը պայմանաւորուածութիւնների է գնում թշնամու կողմից ուժի գործադրման արդիւնքում, իսկ նման պայմաններում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն առոչինչ պէտք է ճանաչուէն։

«Փաշինեանն Ադրբեջանի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերել ռազմական ուժի կիրառման ուղղակի ներգործութեան տակ, իսկ դա առոչինչ է»,- խօսքը եզրափակեց Վարդանեանը։

Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում։

Share