Իշխանութիւն, որն արձանագրում է, եւ հանրութիւն, որը շարունակում է հանգիստ ապրել

Իշխանութիւն, որն արձանագրում է, եւ հանրութիւն, որը շարունակում է հանգիստ ապրել


Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կայ եւ´ Հայաստանի, եւ´ Արցախի դէմ», «ԼՂ հայութեան համար կայ իրական ցեղասպանութեան վտանգ»։ Սա ՀՀ արտգործնախարարի այսօրուայ յայտարարութիւններն են։
Սա իշխանութեան հաշուետուութիւնն է՝ իր գործունէութեան մասին։ Բայց առաջին հերթին սա տագնապի ազդանշան է։

Ի՞նչ է կատարւում Հայաստանում այս ֆոնի վրայ։
Իրէն առաջարկուող ապագայի հանդէպ հանրութիւնը ցուցաբերում է բացառիկ անտարբերութիւն։

Խորհրդարանական ընդդիմութիւնը երկու օր է՝ մարտնչում է Սեդայ Սաֆարեանի մատոյցներում, կարծես թէ դա է ամենակենսական խնդիրը։
ԱԺ նախագահը ագրեսիայի վտանգի նախաշեմին ժամանակ ու հաւես ունի պարապմունքների, որոնց արդիւնքում ստանում է սպորտային տրաւմայ։ Երկրի նախագահը անդարդ այցելում է ցուցասրահներ եւ շնորհակալութիւններ շռայլում Նիկոլին։ Շնորհակալութիւն ինչի՞ համար, որ կայ նոր պատերազմի, նոր զոհերի եւ ցեղասպանութեան վտա՞նգ։ Սոցիալական ակտիւ շերտերը քննարկում են Հովիկ Աբրահամեանի տան դիզայնը։
Եթէ մենք որպէս ժողովուրդ խելագարուել ենք, իսկ որպէս պետութիւն դեգրադացուել այս աստիճանի, ապա աւելի լաւ է պաշտօնապէս ձեւակերպենք դա ու խնդրենք՝ որեւէ լուրջ պետութիւն ստանձնի մեր խնամակալութիւնը, մենք էլ հանգիստ խղճով շարունակէնք մեր տուն-տունիկը։

Եթէ դա այդպէս չէ, ապա բոլոր անհատները եւ շրջանակները, որոնք ունեն լրջանալու հակում եւ պոտենցիալ, պարտաւոր են դա անել ու արթնացնել հասարակութեանը։ Պայմանական ասած, եթէ ցեղասպանութեան վտանգի առաջ ու նոր պատերազմի նախաշեմին մենք ազգովի քննարկում ենք ինչ-որ մէկի տան անճաշակութիւնը, ապա վաղը մեր բոլորի տների դիզայնը Մեհրիբանն է անելու։

Ցեղասպանութեան վտանգ ու հերթական պատերազմի վտանգ արձանագրող իշխանութիւնը պատրաստւում է Երեւանում թեկնածու առաջադրել եւ յաղթել։ Նրանց յաղթանակի դէպքում ո՞նց ենք ապրելու Երեւանում։ Ո՞նց ենք վերաբերուելու իշխանութեանը ձայն տուած, ձայն բերած, լռած մեր համաքաղաքացիներին։ Մենք մէզ համարելու ենք քաղաքակիրթ, նորմալ մա՞րդ։

Ես վստահ եմ՝ Հայաստանում կայ լրջանալու պոտենցիալ, մարդկային եւ գաղափարական ռեսուրս՝ մեր պետականութիւնը պաշտպանելու, պատերազմ թոյլ չտալու եւ Արցախում ցեղասպանութիւն թոյլ չտալու համար։

Պետք է ի վերջոյ դադարէնք լինել լրագրողի սառնասրտութեամբ պատերազմի հաւանականութիւնն արձանագրող իշխանութեան ու նրա հովանու ներքոյ սոցիալական ցանցերում բնակուող հանրային որոշ շրջանակների պատանդը։

Share