Մենք մեր բանակցային փաթեթը գոնէ հրապարակել էինք, դուք տեղեա՞կ էք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ․Սարգսեան

Մենք մեր բանակցային փաթեթը գոնէ հրապարակել էինք, դուք տեղեա՞կ էք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ․Սարգսեան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, որը մասնակցում  է Սամւէլ Ֆարմանեանի՝ «Միայնակ ընդդէմ ճակատագրի. ֆուտբոլային դիւանագիտութեան յետնաբեմը» գրքի շնորհանդէսին, լրագրողների հետ զրոյցում կարծիք յայտնեց, որ Սամւէլ Ֆարմանեանը մեծ գործ է կատարել։

«Սամւէլն արդէն ինձ գիրք նւիրել է, կարծում եմ 1-2 օրւայ ընթացքում կը կարդամ, բայց Ֆարմանեանի ո՛չ յիշողութեան վրայ, ո՛չ էլ ունակութիւնների՝ դէպքերը գրի առնելու մասով»,- նշեց Սարգսեանն ու զուգահեռներ անցկացրեց ներայ եւ իր ժամանակւայ «ֆուտբոլային դիւանագիտութեան» միջեւ։

«Մեր ժամանակ «ֆուտբոլային դիւանագիտութեան» ընթացքում ուղարկւած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիւանագիտութեան ընթացքում, ցաւօք սրտի, թուրքական «բայրաքթարները» յայտնւեցին մեր երկրում։ Սա է տարբերութիւնը»։

Քաղաքական գործիչը նաեւ նշեց, որ իր կառավարման տարիներին նպատակը ոչ թէ Թուրքիայի հետ ճանապարհները բացելը կամ տնտեսական ինչ-որ նպատակներ էր, այլ Հայաստանի անվտանգութիւնն ապահովելն էր։

«Մեր ցանկութիւնն էր, որպէսզի Թուրքիային հեռու պահենք Ադրբեջանին գոնէ բացայայտ ռազմական աջակցութիւն ցույց տալուց։ Մենք մեր բանակցային փաթեթը գոնէ հրապարակել էինք, դուք տեղեա՞կ էք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ»,- յաւելեց ՀՀ երրորդ նախագահը։

Հայաստանի ներկայ կառավարիչների ամէնից ուժեղ կողմն՝ ամօթ չունենալն է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը,արձագանքելով  Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ  2018-ից  յետոյ Հայաստանն աւելի շատ զէնք-զինաամթերք է ձեռք բերել, քան դրանից առաջ տասը տարիների ընթացքում, ասաց․

«Լկտի սուտ է։ Հայաստանի ներկայ կառավարիչների ամէնից ուժեղ կողմն՝ ամօթ չունենալն է։ Նրանք կարող են առանց ամօթի նշոյլի նայել դիմացինի աչքերի մէջ եւ ստել։ Այս առումով աւելացնելու բան չունեմ։ Նրանք երկու յայտարարութիւն են արել, որոնցով ղեկավարուել են։ Առաջինն ասել են, որ իրենք իրենց գժի տեղ կդնէն եւ մադրիդեան սկզբունքները «վարի կը տանք», ինչը եւ արեցին, իսկ  երկրորդը ՝ պատերազմի օրը նրանք յայտարարեցին, որ ինչ էլ լինի իրենք իրենց պարտուած չէն համարելու։ Այս երկու յայտարարութիւնները տեսանք ,թէ ինչ արհաւիրքներ բերեցին մեր երկրին»։

Սերժ Սարգսեանն, անդրադառնալով նաեւ սպառազինութեան վերաբերեալ յայտարարութիւններին, նշեց․

«Առանց շատ բան բացայայտելու ասեմ՝ իր նշած տարիներին մենք մարտական պատրաստութեան վրայ աւելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Ուզում եմ յիշեցնել նրանց,որոնք կամ անտեղեակ են, կամ էլ՝ յիշողութեան կորուստ ունեն, այդ ժամանակաշրջանում ունէինք S-300-ի դիւիզիոններ, ընդ որում՝ միակը տարածաշրջանում։ Ունէինք մեծ հեռահարութեամբ հրթիռներ, այդ ժամանակահատուածում ձեռք ենք բերել 100-ից աւելի միայն ծանր զրահատեխնիկայ, հարիւրաւոր ժամանակակից հակաօդային պաշտպանութեան միջոցներ, տասնեակ հազարներով, մեծ տրամաչափի զինամթերքներ, 100 մլն-ից աւելի միայն հրազէնային զինամթերք ենք ձեռք բերել, էլ չեմ խօսում «Իսկանդերի»  եւ այլ հզօր զէնքերի մասին։ Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել, 3 ինքնաթիռ, որ այդպէս էլ որեւէ օգուտ չտուեց»։

Ինչ վերաբերում է Փաշինեանի մէկ այլ յայտարարութեանը, թէ բանակում գործել է «5-րդ շարասիւնը», Սարգսեանն արձագանքեց․

«Իմ նախագահութեան օրօք «5-րդ շարասիւն»  չենք ունեցել։ Եթէ այդ մարդը գիտի, որ «5-րդ շարասիւն» ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «5-րդ շարասեան»դէմ։ Գուցէ ինչ-որ տեղ ճիշտ է ասում, գուցէ ինքն է գլխաւորում այդ «5-րդ շարասիւնը», եթէ այդքան մանրամասն տեղեակ է»։

Լրագրողի դիտարկմանը, թէ ՊՆ նախարար Սուրէն Պապիկեանն էլ յայտարարել է, որ ամենան հաւանականութեամբ այդ «5-րդ շարասիւնը» դրսից է ուղորդուել, Սարգսեանն ասաց․

«Ամենայն հաւանականութեամբ Սուրէն Պապիկեանը հաւաստի տեղեկութիւններ ունի, հակառակ դէպքում ՝ այդպիսի անլուրջ յայտարարութիւններ չի կարող անել։ Ես դրսից կառավարուող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց  երբեք «5-րդ շարասիւն» չէն անուանի»։

Share