Միրզոյեանի համաձայն խաղաղութեան ոչ իդէալական, բայց փոխընդունելի ձեւակերպումներ յաջողուել է գտնել

Միրզոյեանի համաձայն խաղաղութեան ոչ իդէալական, բայց փոխընդունելի ձեւակերպումներ յաջողուել է գտնել

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղութեան պայմանագրի նախագծի շուրջ միմեանց փոխանցուող տարբերակներով ոչ իդէալական, բայց փոխընդունելի որոշ ձեւակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարեւորութեան հարցերը դեռեւս քննարկումների փուլում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստում կառավարութեան ծրագրի կատարման ընթացքի եւ արդիւնքների մասին զեկոյցի ներկայացմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսայ Խամոյեանի հարցին, թէ կա՞ մի հարց, որի շուրջ հնարաւոր է եղել համաձայնութեան յանգել եւ, թէ ո՞ւմ միջնորդութեամբ են տեղի ունենում խաղաղութեան պայմանագրի առաջարկների փոխանակումները:

Մինչեւ այս պահը ստացուել է 4 ադրբեջանական փաստաթուղթ եւ առայժմ 3 հայկական փաստաթուղթ: Վերջինը հայկական կողմը ստացել է եւ դեռեւս չի ձեւակերպել իր արձագանքը:

«Բազմաթիւ հարցերի շուրջ ոչ իդէալական, բայց փոխընդունելի ձեւակերպումներ յաջողուել է գտնել: Ընդ որում, ես նոյնիսկ չէի չափի, թէ քանիսն ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական: Այսինքն՝ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են եղել, ինչ-որ փոխզիջումային տեքստէր ձեւակերպուել են: Ցաւօք սրտի, սա վերաբերւում է ոչ առանցքային, առաջին կարեւորութեան հարցերի: Բոլոր առաջին կարեւորութեան հարցերը դեռեւս քննարկումների փուլում են: Եւ դրանց հիմնական մասում, չեմ վարանի ասել, կողմերի դիրքորոշումները դեռեւս բաւականին հեռու են միմեանցից»,-ասաց Միրզոյեանը:

Սակայն նա վերահաստատեց՝ բազմաթիւ այլ հարցերում, այլ նախադասութիւնների, մտքերի դէպքում հնարաւոր եղել է հասնել փոխզիջման:

ԱԳ նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս բանակցային գործընթացում միջնորդութիւն չկայ, բանակցութիւններն ընդունուած են համարել երկկողմ: «Այլ բան, որ ցանկացած այդպիսի քննարկում, հանդիպում եղել է որեւէ քաղաքում՝ որեւէ երրորդ երկրի կազմակերպմամբ, բացմամբ, ամփոփմամբ»,-ասաց Միրզոյեանը:

Հայաստանը պայմանագրի շուրջ ընթացող բանակցութիւնների մասին մանրամասն տեղեկացնում է մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին: Միրզոյեանը խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիր պատգամաւորներին եւս տեղեկացնեն այդ մասին, այսպիսով Ագնեսայ Խամոյեանին հրաւիրեց ԱԳՆ:

Անդրադառնալով հարցին, թէ Արեւմուտքի՞, թե՞ ՌԴ-ի տարբերակով են առաջ շարժւում՝ Միրզոյեանն ասաց. «Արեւմուտքի տարբերակ գոյութիւն չունի պարզապէս: Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, այսինքն՝ պարամետրեր են եղել: Մենք համաձայնել ենք դա վերցնել որպէս հիմք, ադրբեջանական կողմը՝ ոչ: Մնացածը հայ-ադրբեջանական տարբերակն է ըստ էութեան»:

Այսպիսով, նրա խօսքով՝ ոչ հաւաքական Արեւմուտքը, ոչ էլ առանձին երկիր տարբերակ չի առաջարկել:

Share