Կայացել են ՀՀ-ԻԻՀ քաղաքական խորհրդակցութիւններ

Կայացել են ՀՀ-ԻԻՀ քաղաքական խորհրդակցութիւններ

Երեւանում մարտի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանեանի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխաւորութեամբ կայացել են Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ԱԳ նախարարութիւնների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցութիւնները։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակութեամբ ընդգծել քաղաքական երկխօսութեան բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգութեան, բազմակողմ հարթակներում համագործակցութեան հարցերի: Մտքեր են փոխանակւել երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերեալ:

«Վահան Կոստանեանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդիւնքում տարածաշրջանում ստեղծւած իրավիճակը, ինչպէս նաեւ 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առկայ հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարարի տեղակալը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարութեան ապօրինի գործողութիւնները, ռազմատենչ հռետորաբանութիւնը եւ առաւելապաշտական կեցւածքը լրջօրէն խաթարում են Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան հասնելու ջանքերը:

Երկուստեք կարեւորւել է երկու երկրների միջեւ հոգեւոր-մշակութային կապերի խորացումը եւ ամրապնդումը: Այս առնչութեամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրօնական գործօնն արհեստականօրէն շահարկելու անհիմն փորձերը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ըստ աղբիւրի՝ խորհրդակցութիւնների աւարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը: Երկուստեք գոհունակութիւն է արտայայտւել Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ քաղաքական երկխօսութեան բարձր  մակարդակի առնչութեամբ՝ այս համատեքստում կարեւորելով քաղաքական խորհրդակցութիւնների պարբերական անցկացումը: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչւող մի շարք հարցեր, արծարծւել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:

Share