«Արամ Մանուկեան պետական գործչի աւանդը հայկական պետականութեան հիմնադրման եւ կայացման գործում»

«Արամ Մանուկեան պետական գործչի աւանդը հայկական պետականութեան հիմնադրման եւ կայացման գործում»

Մարտի 19-ին լրացել է Հայաստանի առաջին հանրապետութեան  պետական, հասարակական գործիչ, հայոց նորագոյն պետականութեան հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ, Վանի նահանգապետ, Հայաստանի առաջին հանրապետութեան  Ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի ծննդեան 144-րդ ամեակը, որին նուիրուած Ստեփանակերտում տեղի են ունեցել միջոցառումներ։


Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի ունեցած ցուցահանդէսին յաջորդել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անուան հանրապետական գրադարանում կազմակերպուած դաս-դասախօսութիւն եւ քննարկումը՝ «Արամ Մանուկեան պետական գործչի աւանդը հայկական պետականութեան հիմնադրման եւ կայացման գործում» խորագրով, որին բանախօսում էին ԱՀ Նախագահի խորհրդական Արմէն Սարգսեանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսեանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանեայ Բալայանը:

Միջոցառմանը Արմէն Սարգսեանը նշեց, որ Արամ Մանուկեանի մասին հնարաւոր չէ կարճ ու ամփոփ խօսել, քանի որ Արամ մանուկեան «մարդ-համակարգ»-ը դեռեւս ամբողջութեամբ վերլուծուած չէ, թէեւ նրա մասին բազմաթիւ գրքեր են հրատարակուել։

Որպէս պատմաբան՝ Արմէն Սարգսեանն առանձնացրեց չորս իւրայատուկ ու կարեւոր  անձնաւորութիւններ՝ Արամ Մանուկեան, Գարեգին Նժդեհ, Նիկոլ Դուման, Հրայր Դժոխք։

«Պատկերացնո՞ւմ եք Հայաստանի եւ Արցախի ներկայիս նեղ իրավիճակում, երբ ելքեր ենք փնտրում այս իրավիճակից դուրս գալու համար, երբ մէկ օրում յաղթանակած երկիրը դառնում է պարտուած, երբ մէկ օրում կապիտուլեացիայ չթելադրած, սակայն իրաւունք ունեցող երկիրը դարձաւ կապիտուլեացիայ ընդունող երկիր, երբ ժողովրդի մօտ բարձրացել է յուսալքութեան ալիքը, դուռը բացուեր, եւ յանկարծ այս 4 անձերը մտնէն այստեղ։ Ես պատկերացնում եմ, որ շատ կարճ ժամկէտում կփոխուեր ամբողջ իրավիճակը»,- ռոմանտիզմի եւ ոչ հեռաւոր պատմական իրողութիւնների դաշտ տեղափոխելով՝ ասել է պատմաբանը։

Արմէն Սարգսեանը փորձեց անցեալի պատմական դէպքերը կապել ներկայ իրողութեան հետ։

«Մեր քաղաքական ներկապնակն այնպիսին է, որ բոլորը մեղադրում են մէկը միւսին եւ չէն կարողանում գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքերը։ Յետաքրքիր է՝ ինչու այն ժամանակ ստացուեց, երբ որ թւում էր անհնարին։ Որտե՞ղ էր ժողովուրդը, որտե՞ղ էին առաջնորդները, ինչպե՞ս էին այն ժամանակ գործում։ Ի՞նչ նմանութիւններ ու տարբերութիւններ կան։ Ի՞նչ նմանութիւններ ու տարբերութիւններ կան անձերի միջեւ, որ իրենցով կարողացել են հայկական պետականութիւնը պահել ու ինչ-որ տեղ ձեռնոց նետել ապագային՝ ասելով, որ այս պետականութիւնը հիմնել ենք, եւ այն պէտք է պահուի յաւէրժութեան համար, որքան որ գոյութիւն ունի հայ ազգը»,-ասել է Ա․ Սարգսեանը։

Ո՞վ է Արամ Մանուկեանը։ Պատմաբանը առանձնացրել է Արամ Մանուկեանի՝ որպէս պետական գործչի կենսագրութեան մէջ 4 փուլեր՝ Վանի նահանգապետ, 1917թ․ դեկտեմբերի17-ից մինչեւ 1918թ․ մայիս 28ը, մայիս 28-ից մինչեւ յունիսի 24-ը, երբ Քաջազնունու կառավարութիւնը Թբիլիսիից գալիս է Երեւան (այդ ժամանակ Արամ Մանուկեանը Երեւանում էր եւ նախապատրաստել էր պետականութեան հիմքերը, որի պատճառով էլ կոչւում է հիմնադիր) եւ Արամ Մանուկեանը՝ որպէս ներքին գործերի նախարար։

Արմէն Սարգսեանը, Արամ Մանուկեանին համեմատելով այլ գործիչների հետ, ընդգծեց այն տարբերութիւնը, որ Արամ Մանուկեանը ոչ թէ տուեալ պահին ծագած հարցի լուծումն էր տալիս, այլ իր ցանկացած քայլ գաղափարախօսութեամբ էր տոգորուած, որն էլ Արամ Մանուեանի՝ որպէս առաջնորդի ամենամեծ տարբերութիւնն էր։ Նրա իւրաքանչիւր քայլ իր փիլիսոփայութեամբ էր օծուած, որն էր ծնուած էր ազգային կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից, որի կարկառուն ներկայացուցիչներից էր նա։

Արամ Մանուկեանը շատ հեռատես քաղաքական գործիչ էր։ Դեռեւս 1915թ․, երբ բոլշեւիկեան կուսակցութիւնը ցաքուցրիւ վիճակում էր, Արամ Մանուկեանը գրել է մի քաղաքական ծրագիր, որը կոչւում էր «Բոլշեւիկների հետ համագործակցութեան ծրագիր» եւ փորձել միաւորել ուժերը, միանսական պայքարել համազգային ծրագրերի համար։

«1917թ․ գալով Հայաստան՝ Արամ Մանուկեանը ձեռնամուխ եղաւ տեղում կազմակերպուածութեանը, պաշտպանական ուժեր ստեղծելուն, տարբեր ռեֆորմներ անցկացնելուն, որն առաջին հերթին թաթարների դէմ պայքարելու համար էր։ Դրոյի հետ Արամ Մանուկեանը կարողացաւ ճնշել թաթարական մի շարք ապստամբութիւններ, որի արդիւնքը եղաւ այն, որ 50 թաթարական գիւղ ինքնակամ ենթարկուեցին յատուկ կոմիտեին, որ ստեղծուած էր արդէն։ Նա կարողացաւ կարգաւորել հայ-թաթարական յարաբերութիւնները։ Պատկերացնո՞ւմ եք։ մենք պետութիւն չունէինք, սակայն նա կարողանում էր կառավարել։

Արամ Մանուկեանի կարեւոր գործերից էր նաեւ մաուզերիզմի դէմ պայքարը, երբ կռուած տղաները տարբեր առիթներով թոյլ էին տալիս մի շարք սխալներ,  իսկ Արամ Մանուկեանը իր խստութեամբ կարողացաւ կանխել դա։

Հիմա յիշէ՛ք Հայաստանի նորաստեղծ 3-րդ հանրապետութեան ժամանակ ՀՀՇ-ին, յիշէ՛ք այն իշխանիկներին, զօրավարներին, որոնք տեղէրում տիրապետութիւն էին հաստատում, յիշէ՛ք, որ նրանք օրէնքների չէին ենթարկւում, յիշէ՛ք, թէ նրանք ինչպէս են դարձել հրամանատարներ, որը շարունակուել է մինչեւ մեր օրեր։ Պատկերացնո՞ւմ եք՝ այն ժամանակ լինէր ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկեան»,-ասել է Ա․ Սարգսեանը։

Նա կարեւորեց նաեւ Արամ Մանուկեանի այն գործունէութիւնը, երբ պետութիւն չունենալով հանդերձ, նա կարողացաւ ինքնապաշտպանական ուժեր ստեղծել, որոնք պատրաստ էին հայկական 2-րդ կորպուսում, որն էլ մեծ դեր կատարեց Սարդարապատի ճակատամարտում։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսեանն իր խօսքում անդրադարձաւ Արամ Մանուկեանի ծննդավայրի հարցին, քանի որ կայ երկու տեսակէտ։ Առաջին եւ ըստ Լ․ Հովհաննիսեանի ճիշտ տեսակէտի համաձայն՝ Արամ Մանուկեանը ծնուել է Շուշիում, իսկ երկրորդ տեսակէտի համաձայն՝ նա ծնուել է Դաւիթ Բեկ (նախկինում Զեյուայ) գիւղում։


«Այդ երկւութիւնը գալիս է Արամի յուշագիրներից, սակայն ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ ճիշտը Շուշին է, որովհետեւ նա միշտ պնդում էր, որ Արցախի զաւակն է։ 1879թ․ Զանգեզուրի չափաբերական մատեաններում չկայ Սարգիս Հովհաննիսեան անունով մարդ։ Այս հարցում հայոց եկեղեցին շատ բծախնդիր էր, եւ եթէ լինէր, անպայման կգրանցեին»,-ասել է Լ․ Հովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ Արամ Մանուկեանն առաջիններից էր, որ կարողացաւ կոչ անել պայքարել ցարական բռնապետութեան դէմ այնպէս, ինչպէս թուրքական բռնապետութեան դէմ են պայքարում։

«Բաքւում բոլորը զարմացել էին, թէ ի՞նչ է խօսում Արամը, ինչպե՞ս պայքարել այդ հզօր պետութեան դէմ։ Արամը յստակ բացատրում էր՝ հարցնելով, թէ մեր հայ ինքնութեան դէմ, Հայ առաքելական եկեղեցու կալուածքներն են բռնագրաւում, մեր դպրոցներն են փակում, դրա դէմ պե՞տք է պայքարել, թե՞ ոչ։ Եւ Արամ Մանուկեանի այս կոչն ի վերջոյ արթնացրեց բոլորին։ Նոյնիսկ այդ ժամանակ ՀՅԴ Բաքուի կոմիտէն որոշեց, որ ինքն այդ դիմադրութիւնը կազմակերպում է, սակայն Բաքւում, որովհետեւ, պատմաբանները կը յիշէն, Ցարական իշխանութիւնները գեներալ Անդրեեւի գլխաւորութեամբ աւելի մեծ հալածանքներ էին սկսել հայութեան դէմ։ Այնտեղ պէտք է պայքարը կազմակերպող լինէր, եւ այդ անհատը եղաւ հէնց Արամ Մանուկեանը»,- նշել է Լ․ Հովհաննիսեանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանեայ Բալայանի կարծիքով՝ իւրաքանչիւր հայ, եթէ փորձի ծանօթանալ Արամ Մանուկեան ազգային արժէքին, Արամ Մանուկեանի կերպարին, կզարմանայ, թէ ինչպիսի արժէքներ ենք ունեցել ու անտեսել։

Մ․ Բալայանի խօսքով՝ թէեւ այսօր նշում ենք Արամ Մանուկեանի 144-ամեակը, սակայն ձեւական է դառնում այս ամէնը, որովհետեւ ազգային պետականութեան իրական հիմնադրի գործունէութեանն ու կեանքին անդրադարձ ենք կատարում միայն յոբելեանական տարիներին։

« Հայոց պետականութեան նոր ժամանակների քաղաքական կենսագրութեան հիմնադիրն է Արամ Մանուկեանը։ Նա ապրել ու գործել է մեր ժողովրդի համար այնպիսի ծանր ժամանակներում, երբ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն էր։ 1915թ․, Եղեռն։ Արեւմտեան Հայաստանը արեան մէջ է, Արեւելեան Հայաստանն էլ առանց չափազանցութեան նոյն ճակատագրին պէտք է արժանանար, սակայն լաւ է, որ մենք ունեցանք Արամ Մանուկեանին ու իր գործընկերներին, ովքեր փրկեցին Հայաստանը»,-նշել է Մ․ Բալայանը։

Նրա խօսքով՝ Արամ Մանուկեանի մտէրիմներից էր Ռոստոմը՝ Ստեփան Զորեանը, ով մի միտք է առաջադրել, որը բնութագրում է Արամ Մանուկեանին։

«Նա ասել է․ «Հողմը մէզ քշում է։ Կարեւոր է, որ մենք չխառնուենք ժայռերին»։ Հետոյ բացում է փակագծերը՝ ո՞րն է այդ հողմը․ մի կողմից բոլշեւիկեան Ռուսաստանն է, շատ հասկանալի իր զիջողական քաղաքականութեամբ, իսկ միւս կողմից Օսմանեան Թուրքիան է՝ Հայաստանը կուլ տալու ծրագրով, որի թիկունքում Բրիտանական քօղարկուած քաղաքականութեան ռեժիսուրիան էր։ Ռոստոմը, այս խօսքերն ասելով, աւելացրեց, որ միայն Արամ Մանուկեանի պէս հսկան էր, որ կարողացաւ այս երկու հողմերի արանքով տանել Հայաստանը, որպէսզի Հայաստանը չուերանայ աշխարհի երեսից, ու ստեղծեց Հայաստանի Հանրապետութիւն»,-ասել է Մ․ Բալայանը։

Share