ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ նոր ագրեսիայի վտանգ տեսնում է՝ չնայած բանակցութիւններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյեանն այս մասին յայտարարեց ԱԺ-ում կառավարութեան անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հնարաւոր էսկալացիայի վերաբերեալ հարցին:
«Իհարկէ կայ: Ագրեսիայի վտանգ մշտապէս կայ՝ անկախ բանակցութիւններից, անկախ այդ բանակցութիւններում Հայաստանի Հանրապետութեան կողմից դրսեւորուող կառուցողական մօտեցումից: Եւ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հէնց այդպիսի սուր հռետորաբանութեան եւ սպառնալիքների, պէտք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ եւ ՀՀ դէմ, եւ ԼՂ դէմ իսկապէս կայ, ընդ որում ԼՂ դէպքում՝ նաեւ էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականութեան դրսեւորումների տեսքով»,- ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյեանը նաեւ ողջունեց ԵԽԽՎ յանձնաժողովի ընդունած յայտարարութիւնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրաւաչափ արգելափակման վերաբերեալ: Սակայն նաեւ յիշեցրեց ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման մասին, որ Ադրբեջանը պէտք է ապահովի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն այնպէս, ինչպէս դա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից:
«Մինչեւ այս որոշումը եւ այս որոշումից յետոյ էլ բազմաթիւ են գործընկեր պետութիւնները, որոնք այս նոյն կոչով հանդէս են գալիս: Կարծում եմ, որ միջազգային հանրութիւնն այստեղ իսկապէս անելիք ունի, պէտք է շարունակէն այդ քաղաքականութիւնն ու աւելի գործուն միջոցներ կիրառէն»,-ասաց Միրզոյեանը: