Արցախի 100 օրուայ շրջափակման կապակցութեամբ, այսօր՝ մարտի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը բողոքի ակցիայ էր կազմակերպել ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց:
Ներկաների ձեռքին կային «Բացեք կեանքի ճանապարհը, «Արցախն ուժեղ է», «Ազատ եւ ուժեղ Արցախ», «Հայրենի հողը չի սակարկւում», «Կանգ առ, Նիկոլ» եւ այլ գրութիւններով պաստառներ: Ակցիայի մասնակիցները բերանները փակել էին կարմիր ժապաւէններով:
Մենք այս մարդկանցից պահանջելու ոչինչ չունենք, այստեղ ենք, որ ցոյց տանք, որ այս մարդիկ 100 օր է՝ լուռ են, ձեռքերը լուացել են Արցախից. Կառաւարութեան շէնքի դիմաց բողոքի ակցայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսեանը։
«Ինչքան էլ ուզում են ներկայացնել, որ Արցախի անվտանգութիւնը պատկանում է այլ երկրի, այս մարդիկ պատասխանատու են 120․000 մեր հայրենակիցների համար, որպէս իշխանութիւն, պատասխանատու են մեր հայրենիքի համար, սակայն նրանք լուռ են։ Ինչ են անում այս մարդիկ՝ այս մարդիկ բոլորին մեղադրում են, բացի իրենցից, մեղաւոր են նախկինները, մեղաւոր է տատանուող եւ փլուզուող աշխարհը, չգիտես ինչու ամբողջ աշխարհում ճգնաժամէրից էլ կայ օգուտներ, բացի Հայաստանից, մենք միշտ պէտք է ծնկի գանք, վերջերս էլ Նիկոլ Փաշինեանը ասեց, որ կայ 5-րդ շարասիւն եւ հէնց այդ շարասեան պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք։ Նախ եթէ ունենայինք նորմալ իշխանութիւն, ապա իշխանութիւնը 5-րդ շարասեան մասին, եթէ կայ այդպիսին, յայտարարում են 5-րդ շարասիւնը բռնելուց յետոյ։ Սա եւս փաստ է, որ կամ այդպիսի բան չկայ, կամ այս մարդիկ անզօր են, կամ էլ ուղղակի քաղաքական շահարկման թեմայ են տալիս, եւ Նիկոլ Փաշինեանի դէմ չոքած ՔՊ-ականները ուղղակի սարքել են քաղաքական թեմայ եւ ամէն առիթի դէպքում խօսում են 5-րդ շարասիւնից»,- ասաց նա
«Մի բան շատ յստակ է՝ եթէ Նիկոլ Փաշինեանը մնաց վարչապետ, Հայաստանի Հանրապետութիւն չի՛ լինելու»,- ասաց Գոռ Սարգսեանը։
Մեր ակցիայի հիմնական մեսիջն այն է, որ 100 օր է Արցախը շրջափակուած է, բայց այս իշխանութիւնը ոչինչ չի անում, մատնուած են լռութեան. բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպէանը:
«Մենք մեր պայքարից չէն նահանջելու, մենք չենք հանդուրժելու այս իշխանութեան արածները, հիմա մեր մարտավարութիւնը պէտք է փոխուի եւ աւելի կարծրանայ»,-ասաց նա:
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն էլ իր հերթին յայտնեց, որ Արցախի շրջափակման հարցով քայլեր են անում դաշնակիցները, ԵՄ–ն, իսկ ՀՀ-ն գործնական ոչինչ չի անում։
«ՀՀ սահմաններում ռուս զինուորներ են վիրաւորուել` փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն, միւս կողմից էլ տեսնում ենք ՀՀ իշխանութիւնների մեղադրանքները բոլորի հասցէին։ Եթէ այս ամէնի հարցում մեղաւորները նախկիններն են, դաշնակիցները, բա իշխանութիւնն ինչի՞ համար է, պարգեւավճար ստանալո՞ւ»,– ասաց նա։
Ակցիայի աւարտին մասնակիցները պաստառներն ու կարմիր ժապաւէնները թողեցին Կառաւարութեան շէնքի մայթին։