Ընդդիմութիւնը նոր՝ վերկուսակցական ռազմավարութիւն է մշակում. Հրապարակ

Ընդդիմութիւնը նոր՝ վերկուսակցական ռազմավարութիւն է մշակում. Հրապարակ

Անցած տարուայ յունիսին Դիմադրութեան շարժման ակտիւը Ֆրանսիայի հրապարակում տեղադրուած վրաններն ապամոնտաժելիս յայտարարեց, թէ իշխանութիւնների դէմ  պայքարը չի աւարտւում։ Ճիշտ հակառակը՝ որոշակի անելիքներից յետոյ իրենք հզօրացած վերադառնալու են։ Ասում էին՝ շարժումը տեղափոխւում է մարզեր, շրջելու են համայնքներով, շարժման խորհուրդներ են ձեւաւորելու, ակտիւի հետ աւելի ինտենսիւ են աշխատելու։ Եւ յայտարարեցին, որ սկսում են Երեւանում ութ ոլորտային կոմիտէ ձեւաւորելուց՝ յանձնախմբեր, որոնք ղեկավարում էին «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները, շաբաթը մէկ նիստ էին հրաւիրում։

Քաղաքական յանձնախմբի  պատասխանատու էր նշանակուել պատգամաւոր, փաստաբան Արամ Վարդեւանեանը, ով ամիսներ առաջ հրաժարուեց մանդատից, պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնախմբի համակարգումը վստահուել էր պաշտպանութեան նախկին նախարար Սեյրան Օհանեանին, սոցիալականը՝ Թադեւոս Աւէտիսեանին, արտաքին յարաբերութիւնների յանձնախումբը` Աննայ Գրիգորեանին, քարոզչական յանձնախմբի պատասխանատուն Ագնեսայ Խամոյեանն էր, ընթացիկ միջոցառումների կազմակերպման հարցերով զբաղուող յանձնախումբ էլ կար, որը ղեկավարում էր դաշնակցական Քրիստինէ Վարդանեանը, կազմակերպչականի պատասխանատուն էլ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնեանն էր։

Այս յայտարարութիւնից մէկ ամիս անց շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հրաւիրած ասուլիսում կրկին յուսադրեց՝ շարժման անդամները հսկայական աշխատանք են տանում, որը հանրութեանը տեսանելի չէ։ «Բոլոր բացթողումները, կազմակերպական դժուարութիւնները, որ ունեցել ենք, գրանցուած են, եւ այդ թերութիւնները վերացնելու ուղղութեամբ տարւում է հսկայական աշխատանք։ Այդ աշխատանքներն աւարտելուց յետոյ ինչ-որ մի փուլից դրանց արդիւնքները ձեզ համար ակնյայտ կը լինէն: Վստահեցնում եմ, որ նոյն տեմպով աշխատում ենք, բայց անում ենք նաեւ բեք օֆիսի աշխատանք»,- ասել էր նա։ 

Ամիսներն անցան, սակայն արդիւնքներն այդպէս էլ տեսանելի չեղան, միակ բանը, որ փոխուեց քաղաքական կեանքում, այն էր, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները հոկտեմբերին վերադարձան խորհրդարան։ Եւ որքան էլ Իշխան Սաղաթելեանը խրոխտ յայտարարում է, թէ «Զարթիր լաո»-ն ուժի մէջ է, շուտով պայքարի նոր փուլ է սկսուելու, իրականութիւնն այն է, որ «լաոն» խոր քուն է մտած, եւ ընդդիմութեան քայլերն էլ տեսանելի չէն։ 
«Լաոյին» չէն պատրաստւում արթնացնել ո՛չ խորհրդարանական ընդդիմադիրները, ո՛չ էլ նրանց երբեմնի գործընկերներ Արթուր Վանեցեանն ու Վահէ Յակոբեանը, որոնք վայր դնելով իրենց մանդատները՝ մեծամեծ խոստումներ էին տալիս քաղաքական դաշտից չհեռանալու, նոր պայքար սկսելու մասին: Աւելին՝ յայտարարում էին, թէ իբր դժգոհ են գործընկերներից եւ աւելի արմատական քայլեր են ակնկալում, այդ պատճառով էլ խորհրդարանից հեռանում են։

Մեզ հետաքրքրեց, թէ, ի վերջոյ, ձեւաւորուեցի՞ն մարզային խորհուրդներ, եւ ի՞նչ են անում այսօր այդ յանձնախմբերը։ Սոցիալական յանձնախմբի պատասխանատու, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ-ական Թադեւոս Աւէտիսեանը խոստովանեց, որ յանձնախմբերը սկզբնական փուլում էին ակտիւ՝ հաւաքներ էին անում, հաշուետուութիւններ էին ներկայացնում․ «Դուք գիտեք` փոփոխութիւններ տեղի ունեցան, խմբակցութիւնից պատգամաւորներ հեռացան, որոնք նաեւ յանձնախմբի պատասխանատու էին․․․ Բայց ես Ձեզ ասեմ, որ սոցիալական ուղղութեան վերաբերեալ հիմա էլ ակտիւ ենք՝ հարցազրոյցների ֆորմատով կամ ելոյթների, պարբերաբար վերլուծութիւններ էլ են իրականացւում»։ Խորհրդարան վերադա՞րձը խանգարեց, ոչ արդիական դարձրեց այդ յանձնախմբերի աշխատանքը։ «Ոչ թէ` «ոչ արդիական»․․․ Գիտեք, որ ընդդիմադիր պայքարի տեսլականի վերաբերեալ հիմա տարբեր քննարկումներ կան, կարծում եմ, որ նոր ռազմաւարութեան ու մարտաւարութեան մէջ այս ոլորտային յանձնախմբերը շարունակելու են իրենց դերն ունենալ»։

Մարզային խորհուրդներ ձեւաւորելու մասին հարցին էլ պատգամաւորը պատասխանեց, թէ մէկ ժամուայ կամ մէկ քայլի խնդիր չէ, պրոցես է, որն իրականացման ընթացքի մէջ է․ «Աշխատանքներ են տարւում, մենք՝ որպէս պատգամաւորներ, մարզային այցելութիւնների գրաֆիկ ունենք, որոնք ենթադրում են նախեվառաջ հանդիպումներ տուեալ տարածքի բնակիչների հետ, ինչպէս նաեւ՝ ընդդիմադիր քաղաքական ակտիւի հետ»։

Խորհրդարանական ընդդիմութիւնը, պարզւում է՝ աւելի «ընդգրկուն» ֆորմատով նոր ռազմավարութիւն է մշակում, որին մասնակցում են նաեւ արտախորհրդարանական ուժեր եւ անհատներ։ Թադեւոս Աւէտիսեանն անուններ չտուեց, սակայն, ըստ ամենանի, խօսքն այն ուժերի մասին է, որոնք Բերձորի ճանապարհը փակուելու առաջին օրերին ՀՅԴ-ում` Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ, քննարկում անցկացրին: Այդ քննարկմանը մասնակցում էին Զարուհի Փոստանջեանը, Հրանտ Բագրատեանը, Գառնիկ Իսագուլեանը, Մանուկ Սուքիասեանը եւ այլք։
«Իմ կարծիքով՝ ընդդիմադիր դաշտը, հանրութիւնը հնարաւորինս ընդգրկուն, ներառական մասնակցութիւն պէտք է ունենան պայքարի նոր ռազմաւարութեան առանցքում, որովհետեւ խնդիրը ոչ թէ ներքաղաքական սովորական պայքարի մասին է, այլ՝ գոյաբանական»,- ասաց Աւէտիսեանը: Նոր ռազմավարութիւնը ենթադրելո՞ւ է փողոցային պայքար։ «Այն երբեք էլ մեր օրակարգից դուրս չի եկել»։ Կարծում եք՝ ռազմաւարութեան բացակայութի՞ւնն է պատճառը, որ ընդդիմութիւնն անցած երկու տարիների պայքարում չհասաւ բուն նպատակին՝ իշխանափոխութեան։ «Խնդիրների մասին բազմաթիւ անգամներ խօսուել է։ Այո, վերջնանպատակն իրականացուած չէ, բայց ունեցել ենք ձեռքբերումներ, վստահ եմ՝ առանց այդ պայքարի այսօր բոլորովին այլ՝ վատ իրավիճակ կ’ունենայինք թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում»։

Ե՞րբ կաւարտուի նոր ռազմաւարութեան-մարտաւարութեան մշակումը, ե՞րբ կը սկսուի պայքարի նոր փուլը: Պատգամաւորը յստակ ժամկէտներ չգիտի, ասում է միայն, որ ամբողջական ծրագիր է պէտք, որպէսզի այս անգամ վերջնանպատակը չձախողուի․ «Կարգախօսից սկսած՝ պէտք է վերանայել պայքարի ռազմավարութիւնը, պէտք է վերկուսակցական շարժում ձեւաւորել, պէտք է ապահովել հանրութեան ամենալայն ընդգրկումը պայքարին»։

Յիշեցրինք, որ անցած պայքարի փուլերի մասին էլ էին յայտարարում, թէ այն վերկուսակցական է, բայց ունենք այն, ինչ ունենք։ «Տեսեք, փաստը նա է, որ այս պահին գտնւում ենք կործանարար ընթացքի մէջ, եւ, այո, թէպէտ բեկումը չկայ, բայց եթէ այս ընթացքը որոշակիօրէն դանդաղեցուել է, դա պայքարի արդիւնքն է»։

Լուսինէ ՇահուերդեանՀրապարակ

Share