Նորանշանակ պետնախարարը խմբակցութիւների պահանջով ներկայացել է ԱՀ Ազգային ժողով

Նորանշանակ պետնախարարը խմբակցութիւների պահանջով ներկայացել է ԱՀ Ազգային ժողով



Այսօր՝ մարտի 10-ին, ԱՀ պետնախարար Գուրգէն Ներսիսեանը, ընդառաջելով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցութիւնների պահանջին, ներկայացել է Ազգային ժողով՝ մարտի 7-ին news.am-ին տուած հարցազրոյցում արտայայտած որոշ մտքերի կապակցութեամբ բացատրութիւններ տալու համար։

Յիշեցնենք որ,  հարցազրոյցի ժամանակ պետնախարարն ասել էր․ «Ես որեւէ կերպ չեմ պատկերացնում, թէ երեւանեան եւ ստեփանակերտեան դիրքորոշումների միջեւ կարող են տարբերութիւններ լինել, հակառակը՝ Երեւանը, երբ հարցը վերաբերում է արցախեան խնդրին, առաւելապէս հէնւում է  արցախեան իշխանութիւնների դիրքորոշման եւ կարծիքի վրայ, որն ամբողջութեամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։

Ի պատասխան ԱՀ ԱԺ խմբակցութիւնների ղեկավարների հարցադրմանը՝ նորանշանակ պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդէն պարզաբանումներ է տուել եւ որպէս հիմք պէտք է ընդունել դրանք: Նա համոզմունք է յայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի յայտարարութիւնը շարունակում է մնալ որպէս Արցախի պաշտօնական դիրքորոշում։

ԱՀ ԱԺ 2022թ․ ապրիլի 14-ի յայտարարութեան մէջ ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան վերաբերեալ յատկապէս ասւում է․ «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները հրաժարուէն իրենց ներկայիս աղէտալի դիրքորոշումից եւ առաջնորդուէն բացառապէս այս արժէքներով: Ոչ մի իշխանութիւն իրաւունք չունի  «խաղաղութեան» պատրուակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպէս նաեւ՝ միջազգայնօրէն ճանաչուած ինքնորոշման իրաւունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։

Հանդիպման աւարտին քննարկուել են հանրապետութիւնում շրջափակման հետեւանքով ստեղծուած խնդիրները եւ դրանց մեղմման ուղղութեամբ իրականացուող աշխատանքները:

***

Մարտի 10-ին ԱՀ ԱԺ խմբակցութիւնների ղեկավարները հանդիպել են ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգէն Ներսիսեանի հետ․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը քննարկուել են հանրապետութիւնում շրջափակման հետեւանքով ստեղծուած խնդիրները եւ դրանց մեղմման ուղղութեամբ իրականացուող աշխատանքները:

Անդրադարձ է կատարուել ներկայ ճգնաժամային պայմաններում գիւղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին եւ ոլորտում առկայ խնդիրներին: Խմբակցութիւնների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգէն Ներսիսեանին՝ մարտի 7-ին news.am-ին տուած հարցազրոյցում արտայայտած որոշ մտքերի կապակցութեամբ:

Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդէն պարզաբանումներ է տուել եւ որպէս հիմք պէտք է ընդունել դրանք:

Երկուստեք համոզմունք են յայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի յայտարարութիւնը շարունակում է մնալ որպէս Արցախի պաշտօնական դիրքորոշում:



aparaj.am

Share