ԱՄՆ-ն հրաժարւում է Բաքուի դէմ պատժամիջոցներ կիրառել. Հայ Դատի յանձնախումբն արձագանքել է

ԱՄՆ-ն հրաժարւում է Բաքուի դէմ պատժամիջոցներ կիրառել. Հայ Դատի յանձնախումբն արձագանքել է

Օրերս Հայաստանում էր գտնւում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարաւային Կովկասում բանակցութիւնների հարցերով ԱՄՆ Պետդէպարտամենտի աւագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով հայաստանեան լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում յայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքուին Արցախը 88 օրից աւել շրջափակման պատճառով:

«Միացեալ Նահանգները չէն դիտարկում Ադրբեջանի դէմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար:

Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ, որպէսզի աշխատեմ երկու կողմների հետ` նրանց խաղաղութեանը մօտեցնելու համար: Պատժամիջոցները կը լինէին շատ անարդիւնաւետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկւում», – յայտարարել է ամերիկացի դիւանագէտը:

Յիշեցնենք, որ Բայդենի վարչակազմը բազմիցս կոչ է արել Ադրբեջանին հանել շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամի է հասցրել Արցախը:

Բոնոյի յայտարարութեանն արձագանքել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը` նշելով, որ Բոնոն սրանով ցոյց է տալիս ԱՄՆ-ի թուլութիւնը.

«Լուիս Բոնոն, իր առաջին հրապարակային ելոյթում քննարկումներից հանելով Ադրբեջանի դէմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլութեան մասին, Իլհամ Ալիեւի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր յայտարարութիւնները չի իրականացնի գործողութիւններով», – նշել է Համբարեանը:

Share