Դիվերսանտներն Արցախի ոստիկանութեան մեքենայի ուղղութեամբ արձակել են հարիւրաւոր կրակոցներ. ՄԻՊ-ի արտահերթ զեկոյցը Ադրբեջանի դիւերսիոն յարձակման մասին

Դիվերսանտներն Արցախի ոստիկանութեան մեքենայի ուղղութեամբ արձակել են հարիւրաւոր կրակոցներ. ՄԻՊ-ի արտահերթ զեկոյցը Ադրբեջանի դիւերսիոն յարձակման մասին

Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանը հրապարակել է զեկոյց Ադրբեջանական զինուած ուժերի դիւերսիոն խմբի կողմից 2023 թուականի մարտի 5-ին իրականացուած ահաբեկչական գործողութեան մասին։ Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զեկոյցում ամփոփուած են ահաբեկչական գործողութեան վերաբերեալ Արցախի Հանրապետութեան ՄԻՊ հաստատութեան կողմից հաւաքագրուած փաստերը, որոնք ստացուել են իրականացուած փաստահաւաք աշխատանքների արդիւնքում, իրաւասու մարմիններից եւ բաց աղբիւրներից։ 

«Ըստ հաւաքագրուած փաստէրի նախօրօք պլանաւորուած ահաբեկչական գործողութիւնը տեղի է ունեցել մարտի 5-ին ժամը՝ 10:00-ի սահմաններում։

Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժուել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանուած էր ԱՀ ՆԳՆ ոստիկանութեան վարչական շէնքի դիմաց։ Մեքէնայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից՝ փոխգնդապետ Արմէն Մաեօրի Բաբայան, մայոր Դաւիթ Վալերիի Դանիելեան, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարեան եւ լեյտենանտ Դաւիթ Աշոտի Յովսեփեան։

Հաւաքագրուած փաստէրից յստակ երեւում է, որ մեքենան շարժւում է Ստեփանակերտից, ուստի անհիմն եւ կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թէ իբր մեքենայով հայկականան կողմը Հայաստանի Հանրապետութիւնից զէնք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զէնքը։

Մոտաւորապէս 30-40 րոպէ երթեւեկելուց յետոյ մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթեւեկելի հատուածում շարուած են քարեր, որոնք խանգարում են երթեւեկութեան: Մեքէնան կանգ է առել։

Քարերի հետեւից դուրս են եկել ադրբեջանական դիւերսիոն խմբի թուով 5 անդամներ՝ զինուորական հագուստով, դիմակաւորուած, ինքնաձիգերով զինուած եւ ինքնաձիգերի փողերը դէպի մեքենան ուղղած։

Մեքէնայի վարորդը փորձել է հետ պտտել աւտօմեքենան, սակայն նոյն պահին ադրբեջանական դիւերսիոն խմբի նշեալ 5 անդամները՝ դիմացից, ինչպէս նաեւ ճանապարհի աջ եւ ձախ հատուածում դարանակալած դիւերսիոն խմբի եւս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել աւտօմեքենայի ուղղութեամբ։ Կրակահերթերը շարունակուել են մօտ 10 րոպէ։

Մեքէնայի արտաքին զննութիւնը յստակ ցոյց է տալիս, որ մեքենայի ուղղութեամբ ադրեջանական դիւերսիոն խմբի կողմից արձակուել են հարիւրաւոր գնդակներ։

Կրակը դադարելուց յետոյ ադրբեջանական դիւերսիոն խմբի 3 անդամներ մօտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի եւ վարորդի մօտ նստած ուղեւորի ուղղութեամբ։ Սակայն, ըստ փրկուած ոստիկանի վկայութեան, ադրբեջանցիները մեքենայի յետնամասի սրահի դուռը չէն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ յետնամասի սրահում եւս ուղեւորներ կան։

Այնուհետեւ ադրբեջանական դիւերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ յանցագործութեան վայրից դէպի ճանապարհին հանդիպակաց բարձունքում տեղակայուած իրենց զինուած յենակէտէր։

Ադրբեջանցիների՝ հետ քաշուելու ընթացքում հայկական կողմից բացուած պատասխան կրակի հետեւանքով ադրբեջանական դիւերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր եւ վիրաւորներ։

Ահաբեկչական յարձակումից մօտ 30-40 րոպէ յետոյ տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զօրակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտութիւնից յետոյ կրակը դադարեցուել է։

Ռուսական կողմի միջամտութիւնից յետոյ ադրբեջանական կողմը շարունակել է հետ քաշուել՝ իր հետ տանելով ադրբեջանական դիւերսիոն խմբի զոհուած անդամներին եւ վիրաւորներին։

Ռուսական խաղաղապահները Ա.Գասպարեանին եւ Դ․ Յովսեփեանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնութիւն եւ տեղափոխել հիւանդանոց»,- նշուած է զեկոյցում։

Ադրբեջանական յարձակման հետեւանքով փոխգնդապետ Արմէն Բաբայանը, մայոր Դաւիթ Դանիելեանը տեղում զոհուել են, իսկ լեյտենանտ Արարատ Գասպարեանը մահացել է հիւանդանոց տեղափոխուելիս։ Լեյտենանտ Դաւիթ Յովսեփեանը ստացել է կրծքավանդակի հրազէնային վիրաւորում եւ գտնւում է հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա վիրահատուել է, գտնւում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողութեան տակ, նրա կեանքին վտանգ չի սպառնում։

Զեկոյցը պատրաստուել է բաց եւ փակ տարբերակով` հայերէն եւ անգլերեն։ Այն ուղարկուել է միջազգային կազմակերպութիւններին եւ իրաւապաշտպան կառոյցներին: 

Զեկոյցը հասանելի է ԱՀ ՄԻՊ պաշտօնական կայքում հետեւեալ յղումով: 

Share