Այսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից իրականացուած հերթական ահաբեկչութեան հետեւանքով Արցախի Հանրապետութեան Ներքին գործերի նախարարութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհուել եւ 1 ծառայող ծանր վիրաւորում է ստացել:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասուած է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանի տարածած յայտարարութեան մէջ:
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից յայտնում եմ մեր խորին ցաւակցութիւնը զոհուածների հարազատներին եւ մեր ամբողջ ժողովրդին»,- գրել է Թովմասեանը: Ըստ Խորհրդարանի նախագահի՝ Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ եւ, դրան զուգահեռ, պաշտօնական ապատեղեկատուութիւն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրութեանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ իրականացուող ռասսայական խտրականութեան համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանութիւնը:
«Կատարուածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան շրջափակմանը զուգահեռ էսկալացիայ սադրելու ադրբեջանական հետեւողական քաղաքականութեան հերթական դրսեւորումն է: Միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եւ ահաբեկչական գործողութիւնները յաջորդել են ս.թ. փետրուարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բաւարարմանը եւ փետրուարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լաւրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտայայտած դիրքորոշմանը»,- ընդգծել է Թովմասեանը: