Փետրուարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում աւերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացուել է նաեւ հարեւան երկրներում, այդ թւում՝ Լիբանանում, յունական Կիպրոսում եւ Իրաքում։ Փետրուարի 24-ի դրութեամբ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիւն անցել է 8500-ը, իսկ Թուրքիայում՝ հասել է 43556-ի: Տարերային աղէտին զոհ են գնացել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Սիրիայում լոյս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է բնական աղէտի հետեւանքների, Սիրիայի հայ համայնքի վիճակի, աղէտի յաղթայարմանն ուղղուած միջոցառումների մասին:
—Փետրուարի 6-ին գրանցուած, դրանից յետոյ մի քանի անգամ կրկնուած երկրաշարժերից յետոյ ի՞նչ վիճակում է տեղի հայ համայնքը, ինչպե՞ս եք գնահատում հետեւանքները:
-Փետրուարի 6-ի երկրաշարժը շատ ուժեղ էր: Սիրիայում 50 տարուց աւելի այսքան ուժեղ երկրաշարժ, այսքան ուժեղ ցնցում տեղի չի ունեցել: Դրա համար բնակչութիւնը խուճապի մատնուեց, բնակարաններից դուրս եկան եւ մեծ ցնցում ապրեցին: Հայ համայնքն ունեցաւ երկու զոհ, տասնեակ վիրաւորներ, փլուզուեց հայ բնակիչների պատկանող մէկ շէնք, բնակարանների մեծաթիւ վնասներ ունեցանք. համարեայ բոլորի բնակարանները ինչ-որ չափով վնասուած են, որոշներն այլեւս բնակութեան համար պիտանի չէն: 14 տարի է՝ պատերազմական պայմաններում ենք ապրում, տնտեսական շրջափակման է ենթարկուել երկիրը, ահաւոր տնտեսական դժուարութիւններ ունէինք, էլեկտրականութեան, վառելիքի ու այլ ճգնաժամի կողքին երկրաշարժի աղէտն աւելի բարդացրեց վիճակը:
Երկրաշարժի օրը ՀՅԴ բոլոր կենտրոնները բացուեցին եւ մեր երիտասարդական, ուսանողական միութիւնների անդամները անօթեւան մնացած կամ վախեցած մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց տներից դուրս գիշերել, ակումբներում օթեւան տուեցին, հսկեցին, ապահովեցին էլեկտրականութեամբ, ջեռուցմամբ, սննդով, տաք ծածկոցներով: Պետութիւնը երկու-երեք ժամ է էլեկտրականութիւն տրամադրում. այս բոլորն ապահովեցին արտակարգ միջոցներով, եւ մինչեւ այսօր քանի որ հետցնցումները շարունակւում են, ժողովուրդն ապաստանել է ակումբերում, եկեղեցիներում: Այլ միութիւններ եւս իրենց ակումբները բացել եւ տրամադրել են մարդկանց:
-Փետրուարի 21-ին նորից երկրաշարժ գրանցուեց, որը Քեսաբում էլ է զգացուել. նոր աւերածութիւններ եղե՞լ են արդյօք:
-Փետրուարի 6-ի երկրաշարժը Քեսաբում եւ Լաթաքիայում էլ ազդել էր. երկուսն էլ հայաբնակ շրջաններ են: Լաթաքիայում վնասները շատ են, մեծ թուով բնակարաններ են փուլ եկել, վնասուել, բայց այնտեղ զոհեր ու վիրաւորներ չունեցանք բարեբախտաբար: Եկեղեցու Գանձասար սրահը յատկացրին ժողովրդին եւ անհրաժեշտ ապրանքներ տրամադրեցին: Քեսաբում առաջին ցնցումից եկեղեցին մասամբ էր վնասուել, բայց փետրուարի 20-ի ցնցումն ուժեղ էր: Տեղի սուրբ Աստուածածին եկեղեցին մեծ վնասներ կրեց եւ այժմ փլուզման վտանգի տակ է: Բնակչութիւնը նորից իր բնակարններից դուրս եկաւ: Յատկապէս երկրորդ երկրաշարժից յետոյ գիշերներն անապահով են զգում եւ այդ պատճառով էլ վրաններ են դրել եւ դրանց մէջ են ապաստանում:
–Ինչպե՞ս է լուծւում առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սննդի խնդիրը, ինչի՞ կարիք է աւելի շատ զգացւում:
-Հայոց Թեմի ազգային առաջնորդարանն անմիջապէս կազմեց երկրաշարժի արտակարգ դրութեան մարմին, ստեղծուեցին տարբեր տեսակի օժանդակութիւններ տրամադրելու, վնասուած բնակարնների ցանկագրման եւ ստուգման աշխատանքի յատուկ յանձնախմբեր: Սննդի, դեղորայքի օժանդակութիւններն ստանում ենք ոչ կառավարական բարեգործական միութիւններից կամ սիրիական Կարմիր մահիկի միջոցով: Ոչ կառավարական կազմակերպութիւնների ուղարկած օգնութիւնից յատկացւում է նաեւ հայ համայնքին, եւ հայ համայնքն այս յանձնախմբերի միջոցով տրամադրում է անօթեւան մնացած մարդկանց եւ վնասուած բնակարանների տէրերին: Անշուշտ, վնասուած բնակարանների վերանորոգումը մեծ գումարների եւ ժամանակի հետ է կապուած: Արտակարգ դրութեան մարմինը պէտք է ամենաշատ վնասուած բնակարանների վերանորոգման նպաստ տա, անօթեւան մարդկանց համար օթեւան ապահովի: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու սրահում շուրջ 60 անօթեւան մարդիկ կան, որոնք այնտեղ են բնակւում երկրաշարժից ի վեր:
Նիւթական օժանդակութեան մեծ կարիք կայ, եւ այդ իսկ պատճատով տարբեր գաղութներում ՀՅԴ Բիւրոյի թելադրանքով, Հայ օգնութեան միութեան ջանքերով հանգանակութիւններ, դրամահաւաքներ են կազմակերպւում: Հայ օգնութեան միութիւնն իր տարբեր մասնաճիւղերում ահազանգ է հնչեցրել եւ օժանդակութիւններ, նուիրահաւաքներ է կազմակերպում, որպէսզի մարդասիրական օժանդակութիւն ուղարկի:
Ներկայ պահին սննդի կարիքը որոշ չափով բաւարարւում է, բայց նորածինների կերի, դեղորայքի խիստ պակաս է զգացւում:
-Ինչպե՞ս է հայ վիրաւորների վիճակը:
-Չորս վիրաւորներ էին ծանր վիճակում գտնւում. երկուսը փլուզուած շէնքի փլատակներից դուրս բերեցին, երկու վիրաւոր էլ ողնաշարային վնասուածք են ստացել: Երկու երիտասարդ աղջիկներ են. վիրահատուել են, դեռ հիւանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է:
-Ի՞նչ անկալիքներ ունեք ՀՀ-ից ու Սփիւռքից երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում:
-Հայաստանից Սիրիային եւ հայ համայնքին օժանդակութիւն ուղարկուեց: Բարեբախտաբար, Հալեպի հայկական շրջաններում փլուզուած շատ շէնքեր կամ փլատակների տակ մնացած մարդիկ չկային: Հայ փրկարարները գործուղուել էին արաբաբնակ մի շրջան, այնտեղ որոնողափրկարարական աշխատանքներ կատարեցին եւ երեք օրուայ ընթացքում փլատակների տակից ութ աճիւն հանեցին: Այդ ընթացքում հանդիպում կայացաւ հայ փրկարարների եւ մեր համայնքի միջեւ, որի ընթացքում ժողովրդին բացատրեցին, թէ ինչպէս պէտք է պաշտպանուել երկրաշարժից, հետեւանքները ինչպէս պէտք է ընդունել, պատրաստ լինել հետցնցումներին: Այս իմաստով դրական էր, որովհետեւ ժողովուրդը վախի մէջ էր եւ հետցնցումները շարունակւում էին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 100.000 դոլար յատկացուեց սիրիահայ կրթական հաստատութիւններին եւ ժողովրդի կենցաղային կարիքների համար: Մեծ գոտեպնդիչ ազդակ էր, որ Արցախում եւս դրամահաւաք յայտարարուեց, Արցախն այս դժուարութիւնների մէջ օգնութեան ձեռք է մեկնում:
Զրուցեց Տաթեւիկ Աղաջանեանը
ԱՊԱՌԱԺ