Ռուբէն Վարդանեանին հանելով՝ քայլ այլ քայլ մօտենալու են Ղարաբաղի կլանմանը․ Արթուր Խաչատրեան

Ռուբէն Վարդանեանին հանելով՝ քայլ այլ քայլ մօտենալու են Ղարաբաղի կլանմանը․ Արթուր Խաչատրեան

parliamentmonitoring.am-ի հարցազրոյցը ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հետ:

–Կառաւարութեան նախորդ նիստում վարչապետը յայտարարեց, որ Հայաստանն աւարտել է Ադրբեջանի հետ խաղաղութեան ու յարաբերութիւնների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, հայկական կողմի առաջարկները փոխանցուել են Ադրբեջանին։ Ի՞նչ ակնկալիքներ կան այս գործընթացից:

–Որեւէ ակնկալիք չկայ։ Փաշինեանը դեռ մինչեւ պատերազմը խօսում էր խաղաղութեան դարաշրջանի մասին: Յիշում եք՝ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ ասաց՝ մեր նպատակը խաղաղութիւնն է, բայց բերեց պատերազմ: Քաւ լիցի, ես չեմ ասում Հայաստանը յարձակուեց Ադրբեջանի վրայ, բայց իր սխալ քաղաքականութիւնը չսանձեց Ադրբեջանին, որ պատերազմ չսկսի: Նոյնկերպ Չեմբերլենը պատերազմ չսկսեց, Հիտլերը սկսեց, բայց Չեմբերլենի սխալ քաղաքականութեան 2-րդ համաշխարհային պատերազմի պատճառ դարձաւ։ Այնպէս որ, ինչքան Փաշինեանը խօսում է խաղաղութիւնից, այնքան պատերազմ է գալիս մեր երկրի գլխին:

Փաշինեանի յայտարարութիւնից երկու օր առաջ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն ասել էր, որ մենք փորձել ենք Ղարաբաղի հարցը ներառել խաղաղութեան պայմանագրում, դրանից 24 ժամ յետոյ Ադրբեջանը շատ կոպիտ պատասխանել էր՝ մոռացեք դրա մասին: Այնպէս որ, արդէն իսկ այդ փաստաթուղթը մէզ համար ընդունելի լինել չի կարող:

–Նիկոլ Փաշինեանը մի քանի անգամ շեշտել է, որ ոչ թէ ինքն է այդպէս համարում, այլ աշխարհն է Ղարաբաղը դիտարկում որպէս Ադրբեջանի մաս:

–Չկայ նման բան։ Նախ՝ սկսենք նրանից, որ աշխարհը 1996 թուականի Լիսաբոնի գագաթնաժողովից յետոյ տարբեր մօտեցումներ է առաջարկել: Քի Վեսթում չկար նման բան, Մադրիդեան սկզբունքներում նման բան չկայ: Այն փաստաթուղթը՝ Կրակովի փաստաթուղթը, որը Փաշինեանը ժառանգեց եւ գաղտնազերծեց, սեւով սպիտակի վրայ գրուած է, որ Արցախի վերջնական իրաւական կարգավիճակը որոշւում է պարտադիր իրաւական ուժ ունեցող ժողովրդական կամարտայայտութեան միջոցով, որի օրակարգը որեւէ բանով սահմանափակուած չէ: Այսինքն, աշխարհն ընդունում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը դեռ պէտք է յստակեցուի: Աւելին ասեմ. Փաշինեանը սրանից երեք տարի առաջ նոյն Միւնխենում ասել է՝ ՄԱԿ-ի 4 բանաձեւերը կոչ էին դադարեցնելու ռազմական գործողութիւնները: Ադրբեջանը դա չի արել, եւ ինքն է խախտել, այնտեղ կարգավիճակի հարց չկար: Եւ ճիշտ էր ասում: Ուրիշ բան, որ հիմա է խօսքը փոխել: Մինչ այդ նա ասում էր այն, ինչ Հայաստանի ղեկավարները ասել են 1993 թուականից յետոյ, 27 տարի:

–Արցախի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը պաշտօնից ազատում է իր կողմից նշանակուած պետնախարար Ռուբէն Վարդանեանին: Տարբեր սցենարներ են նշւում, ըստ որոնց՝ Ռուբէն Վարդանեանը մնալու է Արցախում կամ գալու է Հայաստան եւ գլխաւորելու է ընդդիմադիր շարժումը: Համամի՞տ եք տեսակէտին, որ հեռացնելով Ռուբէն Վարդանեանին՝ Յարութիւնեանը կը կատարի Ալիեւի պահանջը:

–Ադրբեջանցիներն այդ պահանջը դրել էին դեռ մինչեւ Վարդանեանի Արցախ հասնելը: Նրանք քարոզչական մի հոլովակ էին պտտեցնում, որտեղ ասում էին՝ մենք կարողացանք բացայայտել Ջալալ Յարութիւնեանի գտնուելու վայրը եւ թիրախային հարուածել, եւ թող Ռուբէն Վարդանեանը զգոյշ լինի: Բայց Ռուբէն Վարդանեանին դա չուախեցրեց, նա եկաւ Արցախ, ամենածանր օրերին ստանձնեց Արցախի համար քաղաքական պատասխանատուութիւնը, շարունակում է հիմա էլ իրականացնել դա: Կարծում եմ՝ Ռուբէն Վարդանեանը հեռանալը լաւ ազդանշան չի լինի։ Բայց այստեղ էլ Ռուբէն Վարդանեանի հետ կապուած Փաշինեանի եւ Ալիեւի դիրքորոշումները բաւականաչափ մօտ են:

–Կայ տեսակէտ, որ Ռուբէն Վարդանեանն աւելի շուտ Ռուսաստանի կողմից գործուղուեց Արցախ:

–Ռուբէն Վարդանեանը երրորդ դասարանի աշակերտ չէ, որ իրեն գործուղեին, ինքը կայացած մարդ է, եւ եթէ չուզէնար, չէր գնայ: Ես չգիտեմ՝ գործուղուել է, թէ իր կամքով է գնացել, չեմ ուզում բամբասանքներին ականջալուր լինել, բայց բաւականաչափ կայացած, լուրջ մարդ է եւ կարող էր կամաւոր գնալ: Երեխայ չէ կամ կրտսէր գիտաշխատող, որ գնայ ինչ-որ մի տեղ գործուղման՝ օրապահիկ ստանալու համար:

–Արցախում քիչ չէն ռուսամէտները, եւ տեսակէտ կայ, որ Վարդանեանն ունի նրանց աջակցութիւնը, անգամ եթէ հեռացուի պաշտօնից: Կարո՞ղ է Ռուբէն Վարդանեանն ազդել Արցախում ներքաղաքական պրոցեսների վրայ:

–Չեմ կարող ասել, թէ որոնք են նրա ծրագրերը, գիտեմ այն, ինչ մամուլում հրապարակուած է, իսկ ինչն էլ գիտեմ, որ հրապարակուած չէ, չեմ կարող ես հրապարակել: Աեօ՛, նա ունի հետեւորդներ մանաւանդ այն շրջանակներում, որոնք պատրաստ չէն օգտուել «Ադրբեջանի քաղաքացու բոլոր իրաւունքներից», ինչպէս ասում է Ալիեւը։ Կամ գտնում են, որ Հայաստանը պէտք է շարունակի Արցախի անվտանգութեան երաշխաւորի իր յանձնառութիւնը, ոչ թէ ՀՀ իշխանութիւնների նման ասում են՝ գնացեք, երկուսով ինչ ուզում եք՝ արեք: Արցախի այն քաղաքացիները, որոնք Ադրբեջանի քաղաքացի լինելու ապագայի հետ համաձայն չէն, պէտք է որ Ռուբէն Վարդանեանին աւելի դրական վերբերուէն, քան ներկայիս իսթեբլիշմենթին: Ի վերջոյ, նրանք, որոնք ասում են՝ ղարաբաղիցները կարող են Ադրբեջանի հետ ապրել, իրականում մի քանի ամիս յետոյ ասելու են՝ Արցախը չենք կարողանում փրկել, արցախցիներին փրկէնք, արցախցիներին էլ կը բերէն Հայաստան: Ցաւօք սրտի, Հայաստանում արդէն ունենք դէմոգրաֆիական խնդիրներ, տուն կը տան, մարդիկ կապրէն, եւ Արցախը չի լինի: Մի կողմից հանդէս կը գան որպէս մարդասէրներ, բայց իրականում՝ Արցախը կործանողներ:

-ՔՊ–ական պատգամաւոր Գագիկ Մելքոնեանն ասում է՝ հիմի լաւ է Զանգեզուրի միջա՞նցք տանք, թե՞ Ռուբենին ասենք՝ թող–գնայ, որտեղից եկել ես: Ինչպե՞ս եք գնահատում այս արտայայտութիւնը։

-Դա պաշտպանութեան այն փոխնախարա՞րն է, որի պաշտօնավարման ժամանակ Ալէն Սիմոնեանին եւ իշխող թիմի բազմաթիւ պատգամաւորների ներքանզգեստը չի տուել: Իսկ ո՞վ ասաց՝ երբեւէ հարց է դրուել՝ միջա՞նցք, թե՞ Ռուբէն Վարդանեան․ այդ խօսակցութիւնները որտե՞ղ են ծնուել, իր ուղեղից բացի:

-Բացառո՞ւմ եք, որ Վարդանեանի պաշտօնանկութիւնը լինի այն գինը, որը պէտք է վճարել Լաչինի միջանցքը բացելու համար:

-Նման պարզունակ ձեւով են մտածում Մելքոնեանի նման յայտարարութիւններ անողները, սրանք պարզունակ մանիպուլեացիաներ են: Այսօր կբացէն Վարդանեանին պաշտօնին հեռացնելու դիմաց, վաղը չէ միւս օրը կփակէն Դաւիթ Իշխանեանի, Արթուր Մոսիեանի պատճառով եւ այլն: Վերջիվերջոյ, զիջողից անընդհատ զիջումներ են կորզելու: Ադրբեջանի նպատակը Ռուբէն Վարդանեանը չէ, այլ Ղարաբաղը կլանելը եւ Հայաստանը ստրկացնելը: Դրան գոնէ Ղարաբաղի մասով խանգարում է Ռուբէն Վարդանեանը: Հիմա Վարդանեանին հանելով՝ իրենք քայլ այլ քայլ մօտենալու են Ղարաբաղի կլանմանը:

Փաստ է, որ իրավիճակը լարուած է, փաստ է, որ անվտանգութեան այս սարսափելի պայմաններում ներքին լարուածութիւնը որեւէ կերպ չի օգնում:

–Ի՞նչ պէտք է անի ընդդիմութիւնը: Ո՞ւր է Ռոբերտ Քոչարեանը․ վերջին զարգացումներին չի արձագանքում: Ասում են՝ թողնում է քաղաքականութիւնը:

–Նախ, ընդդիմութեան դերի մասին․ պէտք է հասկանանք, որ այսօրուայ վիճակը այս իշխանութիւնների քաղաքականութեան ուղղակի հետեւանքն է: Գնանք մինչեւ պատերազմ, այդ մարդը վիժեցրեց բանակցութիւնները Մինսկի խմբի շրջանակում: Հինգ անգամ հանդիպել է Ալիեւի հետ՝ Դուշանբէ, Աշխաբադ, Դաւոս, Միւնխէն, եւ ընդամէնը մէկ անգամ է հանդիպումը եղել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ։ Դրա ընթացքում էլ մէկուկէս ժամ դարձեալ Ալիեւ-Փաշինեան առանձին խօսակցութիւն է եղել: Ինչ են խօսել, յայտնի չէ, բայց յայտնի է, որ վիժեցրել են Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը: Մինչ այդ երբեք նման բան չի եղել: Ընդդիմութեան նպատակն իշխանափոխութիւնն է, եւ սա կապրիզ չէ: Իշխնափոխութիւն պէտք է լինի այս քաղաքական կուրսը փոխելու համար։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանին, ապա նա վերջին մի քանի տարին տեսեք քանի ասուլիս է տուել, Փաշինեանը քանի ասուլիս է տուել, կամ այլ ընդդիմադիր առաջնորդներ քանի ասուլիս են տուել: Իսկ առաջնորդների մասով ասեմ, որ առաջնորդներ պէտք է ծնուէն: Եւ սա բնական պրոցես պէտք է լինի, եւ քանի նորը չկայ, նշանակում է եղածներն են առաջնորդները:

–Ձեր օրակարգը նոյնն է, բայց գործողութիւնների ճանապարհային քարտէզ չենք տեսնում: Վերադարձել եք խորհրդարան, այստեղի՞ց եք փորձելու ազդել գործընթացների վրայ:

–Ազդել փորձելու ենք խորհրդարանում եւ արտախորհրդարանական ճանապարհով, որովհետեւ խորհրդարանական ընդդիմութիւնը պէտք է նաեւ խորհրդարանական գործիքակազմ օգտագործի։ Մենք խորհրդարանական գործիքակազմն ամբողջովին օգտագործում ենք, խօսքը կառավարութեանը քննադատելու եւ այլընտրանք առաջարկելու մասին է։

–Բայց անգամ հարց ու պատասխանին ներկայ չեք լինում:

-Հարց ու պատասխանի ֆորմատը դեբատի հնարաւորութիւն չի ընձեռնում։ Ես իրեն հարց եմ տալիս, ինքը պատասխանում է լրիւ ուրիշ բան ու ինչքան ուզում է, նախագահողների պէտքն էլ չէ: Հետոյ դու ռեպլիկ ես անում, յետոյ նորից ինքը պատասխանում է, այսինքն, սա դեբատի ազնիւ ֆորմատ չէ, մանաւանդ, եթէ նիստը վարում են այն երեք հոգին, որ այնտեղ նստած են: Այսինքն, հարց ու պատասխանին չմասնակցելը ոչ մի բան չի տալիս: Նայեք յայտարարութիւնների օրերին, թէ որքան ակտիւ ենք մենք: Տեսեք՝ քանի յայտարարութիւն է ընդդիմութիւնն անում, եւ քանիսն է անում իշխանութիւնը:

–Ռուբէն Վարդանեանը եթէ առաքելութիւնն աւարտի Արցախում եւ գայ Հայաստան, նրա հետ համագործակցութեան հնարաւորութիւն տեսնո՞ւմ եք:

–Համագործակցում են գաղափարի շուրջ: Աւարտե՞ց, չաւարտե՞ց, կը գա՞, ինչպե՞ս գայ, ի՞նչ օրակարագով ․․․ քանի դեռ այս հարցերին պատասխան չկայ, սա ուղղակի հիպոթետիկ խօսակցութիւն է։ Եւ եթէ կայ պատկերացումների զուգամիտում, աեօ՛, եթէ չկայ, ուրեմն չի լինի համագործակցութիւն:

Share