Ի՞նչ են քննարկել Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչները. պարզաբանել է Լուսինէ Աւանեսեանը

Ի՞նչ են քննարկել Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչները. պարզաբանել է Լուսինէ Աւանեսեանը

Փետրուարի 24-ին Արցախի Հանրապետութիւնում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը կազմակերպել է հանդիպում Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների միջեւ: 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրոյցում հաստատել է ԱՀ նախագահի մամուլի խօսնակ Լուսինէ Աւանեսեանը՝ պարզաբանելով, որ քննարկուել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի եւ էլեկտրականութեան կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր:  

«Հանդիպման ընթացքում ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրաւոլտ օդային գծի վերանորոգման եւ էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերեալ: 

Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարաւորութիւն կը տան մեր մասնագէտներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը եւ սկսել վերանորոգման աշխատանքները: 

Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա մեր տուեալներով այդ ուղղութեամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, եւ յոյս ունենք, որ կարճ ժամկէտում դրական տեղաշարժ կը լինի այդ առումով նոյնպէս»,- ասել է Լուսինէ Աւանեսեանը:

Share