Մէկ ամսում ի զօրակցութիւն Արցախի 2 հանրահաւաքներ Իրանում

Մէկ ամսում ի զօրակցութիւն Արցախի 2 հանրահաւաքներ Իրանում

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր րիստինէ Վարդանեանը գրում է՝

Բոլոր նրանք, ովքեր թէկուզ մի փոքր ծանօթ են Իրանի պետական համակարգին եւ փիլիսոփայութեանը, կարող են ենթադրել ինչ է նշանակում մէկ ամսւայ ընթացքում ի զօրակցութիւն Արցախի 2 հանրահաւաքների անցկացումը Թեհրանում եւ Նոր Ջուղայում:

Փետրւարի 24-ին Նոր Ջուղայում անցկացւած համահաւաքի վերաբերեալ միայն ցանկանում եմ ասել, որ իմ խօսքում անդրադարձել եմ 3 հանգամանքի, որոնք կարեւոր եմ համարել հնչեցնել.

  1. Ոչ պատերազմում պարտութիւնը, ոչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատավճիռ չեն: Ներկայացրել եմ համանման պատմական օրինակներ, երբ անգամ ծանր ցնցումներից յետոյ հասարակութիւնները ոչ միայն ոտքի են կանգնել, այլեւ կարողացել են կերտել նոր որակի պետութիւններ:
  2. Ընդգծել եմ այս օրերին ի աջակցութիւն Արցախի ցանկացած նախաձեռնութեան կարեւորութիւնը, որովհետեւ երբ թշնամին ընդլայնում է մեր դէմ պայքարի ճակատները, մեր միակ ելքը մնում է «մէկ ազգ, մէկ պայքար տրամաբանութեամբ» շարժւելը:
  3. Անդրադարձել եմ նաեւ թշնամական մէկ այլ թեզի, ըստ որի մենք պայքարի ռեսուրս չունենք եւ մեր ուժերը սպառւած են: Ընդգծել եմ, որ մեր ուժի աղբիւրներից ամենակարեւորը մշտապէս եղել է գաղափարի շուրջ միասնականութիւնը եւ յանուն մէկ նպատակի գործելը: Ուստի կարեւորել եմ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնման ուղղւած քայլերը` այն համարելով մեր ուժի հիմնական աղբիւրներից մէկը: Ընդգծել եմ նաեւ մեր մենակ չլինելու հանգամանքը:

Նոր Ջուղայում գտնւելու օրերին հանդիպումներ եմ ունեցել Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճեանի, Սպահանի Հայոց թեմի պատգամաւորական ժողովի, թեմական եւ կրօնական խորհուրդների ատենապետների, համայնքի հինգ միութիւնների վարչականների, Արցախի համահաւաքի կազմակերպման յանձնախմբի անդամների եւ իհարկէ ՀՅԴ Քրիստափոր Կենտրոնական կոմիտէի, Նոր Ջուղայի Երիտասարդական եւ Պատանեկան միութիւնների անդամների հետ: Այցելել եմ նաեւ Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիր, որտեղ ծանօթացել եմ «Նարեկ» Մանկապարտէզ֊նախակրթարանի, «Արմէն» տարրական դպրոցի եւ «Քանանեան֊ Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշխատակազմին, գործելաոճին եւ արձանագրած յաջողութիւններին։

Բոլոր հանդիպումների առանցքում եղել են այս օրերին Արցախում եւ Հայաստանում ստեղծւած իրավիճակի մասին շահագրգիռ եւ ստեղծւած իրավիճակից համատեղ ջանքերով ելքեր գտնելուն ուղղւած քննարկումները:

Յ. Շատ շնորհակալ եմ Նոր Ջուղայի հայ համայնքին չափազանց ջերմ ընդունելութեան եւ կատարած աշխատանքի համար:

Share