ՀՅԴ արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի խօսքը Փետրուար 18ի երդման արարողութեան. Լաուրա Յակոբեան

ՀՅԴ արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի խօսքը Փետրուար 18ի երդման արարողութեան. Լաուրա Յակոբեան

Սիրելի ընկերներ, բարի գալուստ Դաշնակցութեան մեծ ընտանիք:

Ամէն օր երդում չեն տալիս, երդում տալիս են կեանքում եզակի անգամ, եւ ահա այսօր այդ եզակի անգամն էր ձեզ համար: Այսօր դուք երդում տուեցիք որպէսզի Դաշնակցութեան դրօշի ներքոյ ծառայէք ազգին եւ հայրենիքին, ամբողջովին նուիրուէք հայ ազգի պաշտպանութեանը եւ առաջատարը լինէք նրա առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:  Հաւատացնում եմ ձեզ, որ բոլորս, այստեղ ներկայ գտնուողներս, մէկ անգամ եւս վերանորոգեցինք մեր երդումը ձեզ հետ միասին:

Գիտէք, բնութիւնը մարդուն օժտել է շրջապատի հետ շփուելու, շրջապատը ճանաչելու եւ այդ շրջապատում իր տեղը գտնելու ընդունակութիւններով: Երբ Արցախեան շարժումը սկսուեց ես ընդամէնը 14-15 տարեկան երեխայ էի, եւ ես ճանաչում էի իմ շրջապատը միայն բնազդով: Չգիտէի դաշնակցութիւն, գաղափարախօսութիւնը, ընկերվարութիւն չկար այդ ամէն ինչը իմ տեսադաշտում: Սակայն ունէի ներքին տագնապ եւ բնազդով հասկանում էի որ մի բան պէտք է անէի, չէր կարելի պարզապէս ապրել նոյն առօրեայով, ինձ համար եւ շատերիս համար դա պարզապէս հնարաւոր չէր: Մի ինչ որ ձեւով պէտք է մասնակից լինէի ազգի հաւաքականութեանը: Սկսեցի այցելել մեր տանը մօտ գտնուող հիւանդանոցները` պարզապէս վիրաւորներին օգնելու նպատակով: Այդ հիւանդանոցներում տեսայ միայն մէկ կազմակերպութիւն, որը հոգ էր տանում «անտերէ վիրաւորներին` հոգալով նրանց բոլոր տեսակի հարցերը, ինչ որ հնարաւոր էր այդ ժամանակ` հագուստ, դեղորայք, կերակուր մատակարարելուց մինչեւ անգամ կերակրելը: Մեր ներկայութիւնը յոյս ու լոյս էր վիրաւորների համար: Նրանք Երեւանում չունէին ոչ մէկը բացի մեզանից: Արդիւնքում ես համալրեցի ՀՕՄ-ի շարքերը: Որի միջոցով էլ ճանաչեցի դաշնակցութիւնը եւ 1993-ին Դաշնակցական իմ երդումը տալով մաս կազմեցի հայ ժողովրդի ճակատագրին: Քանի ծաւալուեցի աշխատանքների մէջ, այդքան տեսանելի էր ինձ համար որ միայն Դաշնակցութեան միջոցներով կար կազմակերպուած ճակատ եւ ամուր թիկունք: Դաշնակցականների մէջ ես գտայ ազգասիրութիւն, նուիրում, պատասխանատուութիւն, անկեղծ ընկերական սեր, անձնազոհութիւն, հաւաքականութիւնը, անվախութիւն:  Դաժան ու դժուար էր մեր ճանապարհը, բայց փառաւոր, որովհետեւ մենք պայքարում էինք կեանքի համար, ապրելու եւ ապրեցնելու համար․

Եւ հիմա էլ ոչինչ չի փոխուել

Զգուշացնում եմ, ներկայ պայմաններում դժուար է դաշնակցական մնալը,  քանի որ պայքարը ոչ միայն արտաքին թշնամու դէմ է, այլեւ ապազգային իշխանութիւնների: Այսօր այն ժամանակներն են, երբ դաշնակցականները այս պայքարի պատճառով բանտարկւում ու ճնշումների  են ենթարկւում: Կարող է ձեր բարեկամները, հարազատները նայեն ու զարմանան, թէ սրանք ինչո՞ւ են միանում մի կուսակցութեան, որը հալածւում է: Ոչ, սա խենթերի ակումբ չէ, այլ Ազգի եւ Հայրենիքի հանդէպ պատասխանատուութիւն վերցրած հայերի, որոնք գուցէ նաեւ իմ պէս բնազդով, զգում են այս օրհասական պահին հայ ժողովրդի ճակատագրին մաս կազմելու անհրաժեշտութիւնը:

Դուք պատասխանատու որոշում էք կայացրել, եղէք հետեւողական ձեր կայացրած որոշմանը:

Երուանդ Ֆունտուքեան շիրիմի շուրջ Երդում կատարելը պատահական չէ: Սրանով կարեւորւում է Երուանդ Ֆունտուքեան անունով խոնարհ հերոսը, սրանով մենք ամրագրում ենք Ֆունտուքեան նկարագրի տեսակի անհրաժեշտութիւնը` այն է, անշահախնդիր նուիրում եւ զոհաբերում ազգին, որոնք  առանցքային են ազգի շարունակականութեան համար:

Դաշնակցութեան երեք հիմնասիւնները Ազգայնականութիւն, Յեղափոխութիւն եւ Ընկերվարութիւն`համամարդային արժէքներ են, սակայն Դաշնակցութիւնն է, որ այս հիմնարար համամարդկային արժէքները դարձնում է Հայկական:

Յիշէք, որպէս ՀՅԴ-ի անդամներ միշտ պիտի առաջնորդուէք Ծրագրով եւ Կանոնագրով: Ներկայի ճակատագրական օրերին, երբ մեծ կորուստներ ունինք Արցախում եւ մեր պատմական թշնամին վտանգել է հայրենիքի սահմանները, մեր ժողովուրդը ձեր կարիքն ունի բոլոր ժամանակներից առաւել: Ժամանակն է նոր զարթօնքի, եւ բոլորս միասին այստեղ, հարկ է կատարենք նուիրումի յանձնառութիւնը մեր ժողովրդին նոր Արշալոյս պարգեւելու:

Ժամանակի հետ փոփոխութիւն ապրել է դաշնակցութիւնը, բայց դա մեր էութեան հետ չի առնչուել: Դաշնակցութիւնը ստեղծուել է, որպէս հայ ժողովրդի գոյատեւման գրաւական, որպէսզի հայ ժողովուրդը կարողանայ անվտանգ ապրել ու զարգանալ: Այդ առումով մեր սկզբունքը չի փոխուել, մեր էութիւնը չի փոխուել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխուել, մեր գործելաոճն ու մեթոդիկան է փոխուել: Մենք դեռ զինուորագրուած ենք այդ նոյն նպատակին:

Դաշնակցութիւնը միշտ անելիք ունի: Մենք Սփիւռքում անելիք ունենք, Հայաստանում անելիք ունենք, Արցախում, Ջաւախքում, Արեւմտահայաստանում ունենք անելիք: Այնտեղ, որտեղ հայ կայ, մենք անելիք ունենք, եւ այդ անելիքն ինչ-որ զբաղմունք չէ, այլ` հիմնական գործ:

Դաշնակցութեան մէջ չկան երկրորդական կամ անկարեւոր գործեր: Այդ աշխատանքների յաջորդականութեան պահպանումն է, որ մեզ դարձնում է հաւաքականութիւն, որ «ես»-ից վերածում է հզօր «մենք»ի:

Մենք բոլորս ոչ միայն մաս ենք կազմում հայ ժողովրդի ճակատագրին, այլ կերտում ենք այդ ճակատագիրը:

Share