Երբեմն իրերը պէտք է կոչել իրենց անուններով եւ կանխել մանիպուլեացիաները

Երբեմն իրերը պէտք է կոչել իրենց անուններով եւ կանխել մանիպուլեացիաները



Այն, ինչ ասել եմ իմ հարցազրոյցում, մէկ անգամ եւս վերհաստատում եմ. բոլոր նրանք ովքեր ինձ, իմ կուսակցութեանը, իրական ընդդիմադիր ուժերին, գործիչներին եւ տասնեակ հազարաւոր մարդկանց ասում են պայքարի իմիտացիայ եք արել, իրենք արժանի են նրան, ինչ որ ասել եմ:

Իմիջիայլոց, վաղուց պէտք է ասած լինէի։ Լաւ լիւստրացիայ եղաւ։ Աեօ, քաղաքական գործիչը պէտք է խօսի զուսպ եւ կոռեկտ, բայց այս պայմաններում երբեմն անհնարին է:

Ընդդիմութեանը ոչ միայն կարելի, այլեւ անհրաժեշտ է քննադատել եւ պահանջել: Մշտապէս փորձել ենք տարբեր գործիչների սրտացաւ քննադատութեանն ականջալուր լինել՝ ցանկանալով գտնել օգտակարը՝ մեր քայլերը կազմակերպելու համար:

Շնորհակալ ենք մէզ անկեղծ եւ առողջ քննադատողներից։ Դուք մեր զինակից ընկերներն եք:

Ընդդիմադիր ուժերի ունեցած ամենամեծ եւ ամենակարեւոր ռեսուրսը բոլոր այն մարդիկ են, ովքեր, չնայած ստեղծուած իրավիճակին, չնայած բոլոր բռնաճնշումներին, իրենց մէջ ուժ եւ կամք են գտել մասնակցելու պայքարին։ Մենք չափազանց մեծ պատասխանատուութեան զգացում ունենք առաջին հերթին իրենց առջեւ: Հայրենիք ունենալու համար պայքարի ելած հայ մարդը մէզ համար
արժէք է:

Հայաստանի ազգային-ընդդիմադիր դաշտում կան իրական ընդդիմադիր ուժեր, գործիչներ, ովքեր անկեղծօրէն եւ անմնացորդ իրենց հնարաւորութիւնների սահմաններում պայքարում են այս չարիքի իշխանութեան դէմ՝ մի կողմ դնելով իրենց կուսակցական, անձնական հարցերը: Բայց այս դաշտում կան նաեւ ուժեր, անհատներ, ովքեր մշտապէս թունաւորում, պառակտում եւ ամենաէականը՝ անվստահութիւն են սերմանում պայքարող ուժերի նկատմամբ:

Այդ ուժերն ու անհատները կիրառւում են պայքարի բոլոր գործիքները, փորձում բոլորիս զրկել մեր ուժի հիմնական աղբիւրից՝ հանրային վստահութիւնից:

Իսկ Հայաստանի թշնամիների՝ այդ թւում օրուայ իշխանութեան երազանքն է ամէն ինչ անել, որպէսզի մեր երկրում զրոյ վստահութիւն ունենան ազգային ուժերը եւ գործիչները։ Նրանք տենչում են ամայացնել ընդդիմադիր դաշտը՝ պարարտ հող նախապատրաստել նոր կապիտուլիացիայի համար:

Յենց դրա համար է մեր հանրային դաշտը ողողուել տասնեակ, եթէ ոչ հարիւրաւոր հաստիքային աշխատավարձ ստացող դէմքերով, որոնք երբեմն հանդէս են գալիս որպէս ընդդիմադիրներ:

Այս մարդկանց միակ գործը Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործող ուժերի եւ անհատների վարկաբեկումն ու նրանց նկատմամբ ստեղծուած հանրային վստահութեան մսխումն է:

Նայեք ձեր շուրջբոլորը, թերթեք ձեր սոցցանցերի էջերը եւ դուք կը հանդիպեք բազմաթիւ այդպիսիներին:

Այս մարդկանց գործը չի կարելի շփոթել քննադատութեան հետ։ Նրանց նպատակը եւ մղումներն այլն են: Հետեւաբար, մեր պարտականութիւնն է նաեւ հանրութեանը զգուշացնել այս վտանգների մասին:

Ցաւում եմ, որ այս իրավիճակում անդրադառնում եմ նման հարցերի։ Գիտեք, որ երբեք ուշադրութեան չեմ արժանացրել այդ տեսակին, բայց երբեմն իրերը պէտք է կոչել իրենց անուններով եւ կանխել մանիպուլեացիաները:

Այլեւս անհանդուրժող պէտք է լինենք դիտաւորեալ հայ մարդու պայքարն արժեզրկող, հանրութեան շրջանում հիասթափութեան ալիք ձեւաւորողների նկատմամբ:

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share