Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Յայտարարութիւնը

Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Յայտարարութիւնը

Ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ

35 տարի առաջ՝ 1988 թուականի փետրուարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտայայտելով ինքնաւար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնութեան կամքն ու  ցանկութիւնը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայաստանի ԽՍՀ -ին վերամիաւորուելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրութեանը եւ միջազգային իրաւունքի սկզբունքներին: Փետրուարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման եւ նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրութեան կողմից դաւանուող իրաւական նորմերով:

1988 թվականի իրադարձութիւնները զօրաշարժի ենթարկեցին համայն հայութեանը: Սեփական հայրենիքում արժանապատիւ ու ազատ ապրելու եւ ազգային պետականութիւն ունենալու շարժումը համահայկական բնոյթ ստացաւ: Արցախը դարձաւ համազգային զարթօնքի խորհրդանիշ, իսկ ազգային–ազատագրական պայքարի արդիւնքում հայ ժողովուրդը վաստակեց անկախ պետականութիւն ունենալու իրաւունքը:

1988 թվականի  փետրուարի 20-ի անկիւնաքարային նշանակութեան որոշմանը յաջորդեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ ընդունած հռչակագիրը, որը նոյն թուականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէի միջոցով, միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան, ամբողջացրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան կազմաւորման գործընթացը:

35 տարիների ընթացքում համահայկական տիրոյթում իրագործուած ազգային ամէն մի ծրագրի գաղափարական հէնքը 1988-ի իրադարձութիւններն էին:

Երեք ու կէս տասնամեակների ընթացքում մենք անցել ենք բազմաթիւ փորձութիւնների միջով: Այսօր էլ Ադրբեջանը շրջափակման միջոցով փորձում է կոտրել արցախահայութեան կամքը:

ՊԱՅՔԱՐԸ պէտք է դառնայ մեր կեանքի բոլոր ասպարէզների կարգախօսը:

Արտայայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկութիւնները` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը՝

կոչ է անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ, մասնաւորապէս Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ յայտարարութիւններից եւ յորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականութիւնը:

դիմում է Սփիւռքի եւ ՀՀ մեր հայրենակիցներին՝ հայ ժողովրդի արժանապատուութիւնը եւ լինելիութիւնը պաշտպանելու նպատակով համախմբել հայութեան ներուժը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ծաւալապաշտական ու ագրեսիւ գործողութիւնները:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս ժողովրդի ձայնը ներկայացնող հաւաքական մարմին, հաւատարիմ է մարդու հիմնարար իրաւունքներին եւ, առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեան արժէքներով ու սկզբունքներով, վճռական է տրամադրուած՝ իրացնելու իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու համաժողովրդական կամքը: Մեր խոնարհումը բերելով բոլոր ժամանակներում հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կեանքը նուիրաբերած հազարաւոր նահատակների յիշատակին, պատրաստակամ ենք շարունակել նրանց սուրբ գործը՝ յաղթական հանգրուանի հասնելու համար:

Համայն հայութեանը եւ Արցախի բարեկամներին շնորհաւորելով յիշարժան տօնի կապակցութեամբ, լիայոյս ենք, որ փետրուարեան զարթօնքը նոր լիցք կը դառնայ համազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Ք. Ստեփանակերտ                                              

20.02.2023թ

Share