Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը ապացուցում է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը ապացուցում է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում մարդու իրաւունքների եւ ժողովրդաւարութեան յանձնաժողւում.

Յարգելի գործընկերներ,

Խորապէս ցաւալով եւ յարգելով բոլոր հակամարտութիւնների զոհերին, ես, այնուամենայնիւ, պէտք է խօսեմ սեփական ժողովրդի ցաւի եւ ողբերգութեան մասին, մարդասիրական եւ քաղաքական այն ծանր մարտահրաւէրների մասին, որոնց այսօր բախւում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Ճիշտ այս պահին, երբ մենք քննարկում ենք հակամարտութեան ժամանակ մարդու իրաւունքների ոտնահարումները, Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները։

Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թէ Արցախի բլոկադայ չկայ, այնուամեայնիւ, երէկ Մարդու իրաւունքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Կեանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Ղարաբաղն Հայաստանին եւ արտաքին աշխարհին, 2022 թուականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակուել է իրենց «էկոակտիւիստ» յայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էութեան նրանք Ադրբեջանի իշխանութիւնների գործակալներն են, իսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների իր քաղաքականութիւնը։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդն յայտնուել է պատանդի կարգավիճակում եւ շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կեանքը սպառնալիքի տակ է։

Բնիկ հայկական շրջաններից՝ Շուշիից եւ Հադրութի տեղահանուած տասնեակ հազարաւոր հայերի վերադարձը սեփական բնակավայրեր շարունակում է մնալ հարցականի տակ։

Ըստ պաշտօնական տուեալների 30 հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք դեռեւս անօրինական պահւում են Ադրբեջանում։

Վտանգուած են աւելի քան 1500 հայկական պատմամշակութային անշարժ յուշարձաններ։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպութիւններին, այդ թւում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելութեան այցը տարածաշրջան, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի օկուպացուած տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու պետական քաղաքականութեան միջոցով Ադրբեջանը ոչնչացնում կամ իւրացնում է հայկական պատմական, մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը։

Յարգելի գործընկերներ, պարզ է, որ ուժի եւ ագրեսիայի ճանապարհով պարտադրուած խաղաղութիւնը չի կարող պաշտպանել մարդու իրաւունքները, ապահովել կայունութիւն եւ խաղաղութիւն։

Ադրբեջանի կողմից վարուող ցեղասպան քաղաքականութիւնը գալիս է ապացուցելու, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չունի։

Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հաւատարիմ մնալ Հելսինկեան սկզբունքներին, հանուն արդարութեան եւ իրական ժողովրդաւարութեան տէր կանգնել մեր ընդհանուր յայտարարուած եւրոպական արժէքներին։

Հիմա եւ այստեղ է գործելու ժամանակը։ Եկել է քաղաքական կամք դրսեւորելու, երկակի ստանդարտների քաղաքականութիւնը մերժելու ժամանակը․ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հաւասար արդիւնքների պէտք է արժանանան։

Ես, իսկապէս, հաւատում եմ, որ սա է ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների նկատմամբ վստահութիւնը վերականգնելու ճանապարհը։

23.02.2023, Վիեննայ

Share