Ուսանողների հետ տարբեր ձեւաչափերով եւ ծրագրերով հանդիպումների ընթացքում նրանց կողմից անընդհատ բարձրացուել է ՀՀ պետական բուհերի ուսանողներին հանրակացարանով ապահովելու հարցը: Եւ այդ կապակցութեամբ գրաւոր դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հետեւեալ հարցապնդմամբ.
«Ինչպիսի՞ն է ՀՀ պետական բուհերի ուսանողների կողմից հանրակացարաններով ապահովելու պահանջուածութեան մակարդակը, եւ ըստ այդմ՝ հանրակացարաններով ապահովման մակարդակը:
Նախատեսւու՞մ է արդյօք որեւէ ծրագրի իրականացում, որը կնպաստի մարզերից եկած ուսանողներին բարէնպաստ բնակարանային պայմաններով ուսանողական հանրակացարանների տրամադրմանը »:
Ես խնդրել էի ներկայացնել բոլոր պետական բուհերի ցանկը, նրանցում ուսանողական հանրակացարանի առկայութիւնը:
Եւ Ձեր դատին եմ ներկայացնում նախարարի պատասխանը.
««Հայաստանի Հանրապետութեան կրթութեան մինչեւ 2030 թուականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրէնքի շրջանակում նախատեսւում է բուհերի ենթակառուցուածքների, այդ թւում հանրակացարանների բարելաւում եւ համալրում, ակադեմիական քաղաքի՝ որպէս որակեալ բարձրագոյն կրթութեան, հետազօտութեան համար արդիական կրթական միջավայրի ստեղծում»:
Փաստօրէն, այդ կարեւոր հարցի լուծումը կարող է իրականացուել լաւագոյն դէպքում մինչեւ 2030թ-ը:
Կից գրութեամբ ինձ ներկայացուել էր նաեւ տեղեկատուութիւն պետական բուհերի ենթակայութեամբ գործող հանրակացարանային ֆոնդերի վերաբերեալ՝ 16 պետական բուհի անուանում, իւրաքանչիւրի համար նշելով հանրակացարանի առկայ կամ ոչ առկայ լինելը:
Սակայն ինձ համար մտահոգիչ ու զարմանալի էր, որ ԿԳՄՍ նախարարութեան կողմից ներկայացուած պետական բուհերի ցանկում Երեւանի պետական համալսարանը չկայ:
Նշեմ, որ Հայաստանում գործում են 16 պետական բուհեր, ինչը փաստել է անձամբ ԿԳՄՍ ներկայացուցիչը: Ինձ տրամադրուած ցանկում նոյնպէս նշուած էր 16 անուն, բայց առանց ԵՊՀ-ի, փոխարէնը ցանկում տեղ էր գտել «ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայ Գիտակրթական միջազգային կենտրոնը», որի վերաբերեալ իմ ճշտող զանգին պատասխանած ԿԳՄՍ աշխատակիցը /նոյն ինքը կատարողը/ նշեց, որ իր կարծիքով այդ կենտրոնը պետական բուհ չէ:
Ստացւում է, որ բուհերի ցանկի անհրաժեշտ 16 անունը լրացուել է, բայց առանց ԵՊՀ-ի եւ դրա փոխարէն՝ ոչ պետական բուհի անունով:
Սա անփութութեօ՞ւն է, թէ աւելի վտանգաւոր փաստի արձանագրում:
Եթէ նոյնիսկ անփութութիւն է, ապա ստացւում է, որ հասել ենք մի իրավիճակի, երբ պետական բուհ ասելով Երեւանի պետական համալսարանը ոչ միայն առաջնային չէ, այլ նաեւ կառավարութիւնում չէն յիշում:
Արմենուհի ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր