Լիլիթ Աւագեան
«Իսկ այն, ինչ մենք ենք բնորոշում որպէս հայրենիքի հանդէպ սէր, ոչ թէ սէր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նւնւոց է։ Ամբարտաւան, ինքնահաւան, ծիծաղելի նւնւոց»:
Սա Հայաստանի Հանրապետութեան վարչապետի տիկնոջ ֆէյսբուքեան գրառումից հատւած է: Այսպէս է նա բնորոշում հայրենիքի հանդէպ հայերի սէրը:
Առաջին տիկինը պարբերաբար իր գրառումներով փորձում է քննարկումների դաշտ բերել, իր կարծիքով, տաբու թեմաներ՝ անառողջ հայրենասիրութիւն, պատմութեանն առերեսւելու քաջութիւն, դարերի խորքից եկած մոլորութիւններ,որոնք էլ պայմանաւորում են պատմական ձախողումներ:
Կարեւոր թեմաներ են:
Կայ կարգավիճակ, որը չափազանց պարտաւորեցնում է լինել կիրթ, զուսպ, նրբանկատ: Առաջին տիկնոջ կարգավիճակը եւս նման պարտաւորութիւններ է ենթադրում։
Ժողովրդի՝ թող որ իր համար անընդունելի ընկալումները հայրենասիրութեան մասին բնորոշել որպէս «մե՜ծ ու երկա՜ր նւնւոց, ամբարտաւան, ինքնահաւան, ծիծաղելի նւնւոց», վատ տօն է: Չափազա՜նց վատ տօն:
Հայրենիքը սիրելու, պատմութեան հետ ազնւօրէն առերեսւելու թեմային Առաջին տիկինը, որպէս կանոն, անդրադառնում է իր բազում ճամփորդութիւնների ընթացքում: Վերջին գրառումն էլ ծնւել էր Միւնխէնից Նոյշւանշթայն ամրոց տանող ճանապարհին:
Իսկ գրառումը իրական եւ «նւնւացող, ամբարտաւան, ծիծաղելի» հայրենասիրութեան հակադրութիւնն է: Ալեգորիան՝ հայ գիւղացու եւ գերմանացի գիւղացու տների համեմատութիւնը: Գերմանացու տունն Առաջին տիկնոջը հիացրել է. «Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրէք՝ հեքիաթի» նման։
Հայ գիւղացու տունը նա նրբանկատօրէն չի նկարագրել: Դա անենք մենք. միջին վիճակագրական հայ գիւղացու տունը մօտաւորապէս գողտրիկ Իջեւանում գտնւող վարչապետի հայրական տան նման տուն է: Նմա՞ն է գերմանացի գիւղացու տանը: Եթէ ոչ, ինչո՞ւ:
Առաջին տիկինն էլ, ինչպէս բոլորը, իրաւունք ունի էթիկայի եւ էսթետիկայի իր պատկերացումներն ունենալ ու արտայայտել:
Խնդիրն այն է, որ նա կրկնում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի հայացքները, իսկ դա նշանակում է՝ միջազգային հարթակներում վարչապետը Հայաստանը համարում եւ ներկայացնում է որպէս չյարդարւած խրճիթների բնակիչների երկիր՝ խղճուկ յաւակնութիւններով: Մարդկանց երկիր, որոնց հայրենասիրական զգացումները «ամբարտաւան, ինքնահաւան, ծիծաղելի նւնւոց են»:
Հայ ժողովուրդը, ինչպէս եւ աշխարհի միւս ժողովուրդները, նաեւ պատմութեան ասպարէզից հեռացած ժողովուրդները, խոշոր հաշւով՝ նոյնն են: Տարբեր են առաջնորդները, պատմական հանգամանքները, որոնց շնորհիւ կամ որոնց պատճառով ստեղծւած աշխարհաքաղաքական, ներքաղաքական վիճակը թոյլ է տւել ունենալ հզօր պետութիւն կամ պետութիւն՝ վասալի կարգավիճակով: Կամ էլ՝ անհետացող պետութիւն:
2018-ի օրերին, երբ տասնեակ հազարաւոր մարդիկ փողոց էին դուրս եկել, Հայաստանում անյարմար էր ազնիւ չլինելը: Մթնոլորտն էր այդպիսին: Ամէն բան աւարտւեց կառավարական առանձնատուն տեղափոխւած վարչապետի ու Առաջին տիկնոջ լայւերից յետոյ՝ խոհանոցի, լոգարանի ցուցադրութիւն եւ այլն…
Կառավարական առանձնատունը կոկիկ, խնամւած, պետական բիւջէից տարեկան 542 մլն 465 հազար 200 դրամ վերցնող «ես կինոյի ասեմ, դուք պատկերացրէք՝ հեքիաթի» նման տուն է, որի ծախսերը տարէցտարի աւելանում են (անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ)։
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկէլը, ի տարբերութիւն գերմանացի գիւղացու, բնակւում էր ոչ թէ առանձնատանը, այլ բազմաբնակարան շէնքի 4-րդ հարկում՝ հրաժարւելով կառավարական առանձնատնից:
Գուցէ սա ե՞ւս այն պատճառներից է՝ ինչո՞ւ գերմանացի գիւղացու եւ հայ գիւղացու տներն իրարից այդքան տարբեր են: Որովհետեւ չափազանց տարբեր են Գերմանիայի կանցլերի բնակարանն ու Հայաստանի վարչապետի կառավարական առանձնատո՞ւնը:
Ի դէպ, բիւջէն ձեւաւորում են ՀՀ քաղաքացիները, այդ թւում՝ խղճուկ հիւղակներում բնակւող գիւղացիները, որոնք, սակայն, այնքան առատաձեռն են պետական պաշտօններ զբաղեցնող առաջին դէմքերի կենցաղը հեքիաթային դարձնելու առումով:
Հայրենասիրութիւնը չափելի չէ, քանի որ իռացիոնալ է՝ աչքդ բացում ես, սիրում ես ծնողիդ, հայրենիքդ, ոչ թէ, որ նրանք ամենալաւն են, այլ որովհետեւ պարզապէս սիրում ես:
Ինչ վերաբերում է հայրենիքը սիրելուն՝ առհասարակ, կայ մի ֆիլմ՝ «Նիւրնբերգեան դատավարութիւն» (ռեժիսոր՝ Սթենլի Կրամեր):
Նիւրնբերգեան դատավարութեան ժամանակ մեղադրեալի աթոռին էր նաեւ նացիստական Գերմանիայի դատաւոր Եանինգը: Նրա փաստաբանը փորձում էր իր պաշտպանեալին արդարացնել: Ահա՛ հիմնաւորումը՝ այն, ինչ կատարւում էր նացիստական Գերմանիայում, կատարւում էր հայրենասիրութիւնից, մարդիկ աջակցում էին Հիտլերին, որովհետեւ սիրում էին իրենց հայրենիքը:
Դատաւոր Եանինգը, սակայն, դատավարութեան ողջ ընթացքում ինքն իրեն քննելու ժամանակ էր ունեցել: Նա մերժեց ընդունել իր իսկ փաստաբանի արդարացումները. հայրենիքի հանդէպ սէրը թոյլ չէր տւել իմանալ համակենտրոնացման ճամբարների, տասնեակ հազարաւոր խեղւած ճակատագրերի մասին, որովհետեւ ինքն ուղղակի չէր ուզում իմանալ։
2020 թւականի պատերազմից յետոյ եւ հիմա, երբ Արցախը շրջափակման մէջ է, առաջին դէմքերն ու նրանց ընտանիքի անդամները չափազանց նրբանկատ պէտք է լինեն հանրային խօսք ասելիս: Խօսելուց կամ գրելուց առաջ արժէ երկար մտածել: Իմաստունները, որպէս լաւագոյն լուծում, առաջարկում են երկար ծանրութեթեւ չարած խօսքերը փոխարինել լռութեամբ:
Hetq.am