Մարիայ Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեանը

Մարիայ Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեան աշխատանքների մեկնարկին՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտօնական կայքէջում զետեղուած հաղորդագրութեան մէջ ասւում է, որ լրագրողը հնչեցրել է հետեւեալ հարցը. «Փետրուարի 20-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եւրամիութեան քաղաքացիական դիտորդական առաքելութիւնը սկսում է իր աշխատանքը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին»:

«Ընդգծելով նոր առաքելութեան բացառապէս քաղաքացիական բնոյթը՝ Եւրամիութեան ներկայացուցիչներն անազնիւ են: Այն ծաւալւում է ԵՄ ընդհանուր անվտանգութեան եւ պաշտպանութեան քաղաքականութեան շուրջ, հետեւաբար դրան անհրաժեշտ է համապատասխանաբար վերաբերուել: Աւաղ, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ եւ ամբողջ Արեւմուտքի՝ մեր դաշնակից Հայաստանում ցանկացած կերպ ամրանալու ցանկութիւնը:

 Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապէս աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում յարաբերութիւնների իրական կարգաւորման շահերից։ Ամէն ինչ արւում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ անվտանգութեան գլխաւոր երաշխաւորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնութեան վերաբերեալ Բաքուի՝ հրապարակայնօրէն արտայայտուած բացասական գնահատականներն անտեսւում են»,-պատասխանել է Զախարովան։

Զախարովայի խօսքով՝ տարածաշրջանային տարբեր հակամարտութիւնների կարգաւորման գործում Եւրամիութեան մասնակցութեան փորձը միանշանակ չէ։ «Դժուար թէ Բրիւսելը կարողանայ պարծենալ յաջողութեամբ այս ոլորտում։ Օրինակ՝ միջնորդական ջանքերը եւ ԵՄ առաքելութիւնը սէրբական Կոսովոյի նահանգում: Սա պէտք է հաշուի առնել Հայաստանում նոր առաքելութեան վերաբերեալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- նշել է նա։

Մարիայ Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ պայմանաւորուածութիւնների փաթեթը մնում է տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելաւման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառեալ տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակութեան, փորձագէտների, կրօնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի հաստատումը, ինչպէս նաեւ խաղաղութեան պայմանագրի ուղղութեամբ տարուող բանակցութիւնները։ Ռուսաստանի Դաշնութիւնը պատրաստ է ամէն կերպ յետագայում էլ նպաստել դրան»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը:

Share