ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբեանը, անդրադառնալով երէկ Միւնխենում Հարաւային Կովկասի երեք երկրների առաջնորդների մասնակցութեամբ կայացած քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինեանի հնչեցրած յայտարարութիւններին, գրում է.
…Մեր պետութիւնը ներկայացնող անձի աւելի ողորմելի եւ արգահատելի պատկեր երբերւէ տեսած չէինք։ Խղճալի կեցուածքով, կաղ տրամաբանութեամբ, աղքատիկ, կակազող եւ կոտրուած անգլերենով աշխարհին ներկայացող Հայաստանը անգամ խղճահարութիւն չէր կարող յարուցել։
֊ Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատուութեան եւ ինքնասիրութեան էկզեկուցիայ էր։ Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետին։ Նա յայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլեացիայ, որը ընդունուել է ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայ ժողովրդի կողմից, քանի որ այն պատերազմից յետոյ վարչապետ ընտրեց նրան, ով ստորագրել էր այդ կապիտուլեացիան։ Փաշինեանը առարկելու բան չուներ։ Առարկելու բան կը լինէր, եթէ Ալիեւի դիմաց նստած լինէր մէկ այլ ղեկավար, ոչ՝ Փաշինեանը։ Ի դէպ, այս դրուագը ցոյց տուեց, որ Փաշինեանի վերընտրութիւնը Հայաստանում միայն աւելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան Հայաստանի նկատմաբ, եւ ես յոյսով եմ, որ դա դաս կը լինի մեր որոշ թեթեւամիտ քաղաքացիների համար։
֊ Փաշինեանը լռեց, երբ Ալիեւ մեղադրեց Հայաստանին բոլոր մեղքերի մէջ, Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ՄԱԿ֊ի ԱԽ բանաձեւերի խախտման մէջ։ Քանի որ Հայաստանի պատմութիւնը Նիկոլ Փաշինեանի համար սկսում է 2018 թուականի իր «փառապանծ» յեղափոխութիւնից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի բանաձեւերը չի խախտել եւ չէր էլ կարող խախտել, քանի որ գրաւեալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցէագրուել Հայաստանին, հետեւաբար, հակառակ Ալիեւի ասածների, Հայաստանի դէմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառուել։ Նա չգիտի, որ այդ բանաձեւերը չի կատարել հէնց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը եւ հրաժարուելով հէնց այդ բանաձեւերում ներկայացուած կարգաւորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինեանը, փաստօրէն ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղաւորութիւնը։
֊ Երբ Ալիեւը ասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացութիւն գոյութիւն չունի, Փաշինեանը անյօդաբաշխ անգլերենով փորձեց բացատրել, որ այդ հասկացութիւնը ընդգրկուած է Ալիեւի կողմից ստորագրուած նոյեմբերի 9֊ի յայտարարութեան մէջ, բայց չասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացութիւնը ամրագրուած է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնաւորապէս՝ ՄԱԿ֊ի ԱԽ֊ի հէնց Ալիեւի կողմից մատնանշած բանաձեւերի մէջ եւ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։
֊ Փաշինեանը լռեց, երբ Ալիեւը ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբէն Վարդանեանը, մինչդեռ պէտք էր ընդամէնը ասել, որ արցախցիները իրենք պէտք է որոշեն, թէ ով է իրենց ներկայացնում այդ բանակցութիւններում, եւ ոչ թէ Ալիեւը։
֊ Փաշինեանը ոչ մի համոզիչ փաստարկ չկարողացաւ բերել հերքելու համար Ալիեւի կեղծիքները Լաչինի միջանցքի շրջափակման բացակայութեան մասին։ Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերեալ Ալիեւի «վիճակագրութեանը» պէտք էր պատասխանել իրական վիճակագրութեամբ, որը ցոյց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էութեան զրոյացուել են, խափանելով բնականոն կեանքը եւ բերելով տնտեսական աղէտալի հետեւանքների։
֊ Փաշինեանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թուականի նոյեմբերի 9֊ից յետոյ կատարուած ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրուած իրաւունքի սահմաններում։
֊ Իսկ երբ Փաշինեանը որոշեց պատասխանել Ալիեւի մեղադրանքներից մէկին՝ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերեալ, պարզուեց, որ աւելի լաւ կը լինէր Փաշինեանը այդ մեղադրանքին չպատասխաներ ընդհանրապէս։ Չհերքելով այդ տեղեկութիւնը, նա ոչ աւել, ոչ պակաս՝ պնդեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդուել է 1560 մզկիթ, ինչից հմաշխարհային հանրութիւնը, ըստ Փաշինեանի ճղճիմ տրամաբանութեան, պէտք է եզրակացներ, որ հայերի արածը մի մեծ բան չի։ Ընդորում, այս կատարեալ յիմարութեան վրայ Փաշինեանը ծախսեց նրան յատկացուած ժամանակի առիւծի բաժինը։
Մի խօսքով, Փաշինեանի երեկուայ ելոյթը Միւնխենեան անվտանգութեան կոնֆերանսում բացայայտեց ահաւոր իրողութիւններ։ Միւնխենում նստած էր Հայաստանի խայտառակ կապիտուլեացիայի ողորմելի մարմնաւորումը եւ հասկանալի դարձաւ, որ եթէ կայ մի բան, որ դեռ չենք կորցրել ռազմի դաշտում, մենք կորցնելու ենք տկարամիտ դիւանագիտութեան արդիւնքում։ Չէ՞ որ այդ նոյն անգլերենով կամ ռուսերէնով, այս նոյն անգէտ եւ ճղճիմ տրամաբանութեամբ Փաշինեանն այսօր պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի շահերը աշխարհի մեծամեծերի հետ հանդիպումների ժամանակ եւ Հայաստանի համաձայնութիւնն է տալիս այս կամ այն՝ մեր ազգի համար ճակատագրական որոշումներին։
Ցաւօք, մեր ազգի մեծամասնութիւնը այս ամէնի մասին ոչ մի բան չի իմանայ, հաշուի առնելով այսօր Հայաստանում տիրող ինֆորմացիոն դաշտի ծառայամիտ եւ մանիպուլեացիոն վիճակը։ Միւս կողմից, իսկապէս այդ մարդկանց առողջութեան համար աւելի լաւ կը լինի որ նրանց «անդունդը» չխաթարէն։
Մեկ էլ կասկածեցի Լեւոն Տեր֊Պետրոսեանի Փաշինեանին տրուած «ազգակործան պատուհաս» բնորոշման վրայ։ Ինձ գնալով թւում ա, որ նրան աւելի շատ կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը»։
Աղբիւր` Panorama.am