Արցախի համար անընդունելի են Միւնհէնեան համաժողովի շրջանակներում Ալիեւի կողմից հնչեցրած թեզերն ու պահանջները:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Infoport.am-ի հետ զրոյցում ասել է ԱՀ ԱԺ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութեան ղեկավար Արթուր Յարութիւնեանը:
«Միւնհէնում հնչեցրած ամենավտանգաւոր թեզերից մէկն այն էր, որ կրկին խօսուեց Լաչինի միջանցքում անցակէտէրի տեղադրման մասին, ինչը ուղղակի անիրականանալի է մի պարզ պատճառով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ չկայ որեւէ նման կէտ։ Աւելին՝ նոյն յայտարարութեան մէջ յստակ նշուած է, որ Լաչինի միջանցքով պէտք է ապահւուի անխափան երթեւեկութիւն ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ բեռների համար, եւ այդ գործընթացի վերահսկողութիւնը իրականացուելու է ռուս խաղաղապահների կողմից»,- ընդգծել է իշխող մեծամասնութեան ղեկավարը։ Նա անընդունելի համարեց նաեւ Ալիեւի կողմից օգտագործուած եզրոյթները արցախեան կողմի հետ հնարաւոր բանակցութիւնների վերաբերեալ։ «Ալիեւը դարձեալ յայտարարեց, որ պատրաստ է բանակցութիւնների «հայկական փոքրամասնութեան ներկայացուցիչների հետ», բայց մենք բազմիցս շեշտել ենք, որ՝ այ՛ո, մենք պատրաստ ենք բանակցութիւնների, բայց ոչ որպէս, այսպէս կոչուած, «փոքրամասնութիւն», այլ որպէս բանակցային լիիրաւ կողմ, որպէս հակամարտութեան կողմ»,- ընդգծել է Յարութիւնեանը։
Անդրադառնալով Ալիեւի պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղ» գոյութիւն չունի՝ պատգամաւորը յիշեցրեց Միւնհէնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասածը, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը օգտագործուած է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, որի տակ ստորագրել է հէնց Ալիեւը։ «Լեռնային Ղարաբաղ կայ, կայ հակամարտութիւն, որը պէտք է լուծուի միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրայ»,- ընդգծել է Յարութիւնեանը։ Պատասխանելով Ալիեւի սին մեղադրանքներին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում իբրեւ թէ «ոչնչացուել են 67 մզկիթներ»՝ Յարութիւնեանը նշել է, որ Ալիեւը դեռ պէտք է ապացուցի, որ ԼՂ տարածքում այդքան մզկիթներ են եղել եւ դա նրա երեւակայութեան արդիւնքը չէ։ «Բայց այն որ Ադրբեջանը իր օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների ոչնչացմամբ եւ դրանց ծագման նենգափոխմամբ է ակտիւ զբաղուած, ապացուցուած է բազմաթիւ փաստէրով, այդ թւում եւ տեսաւաւերագրական նիւթերով։ Ադրբեջանի բարբարոս կեցուածքը ոչ մէկի համար գաղտնիք չէ»,- շեշտել է պատգամաւորը։