ՀՅԴ 132-ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում

ՀՅԴ 132-ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում

Կիրակի, Փետրուար 19ի երեկոյեան տեղի ունեցաւ ՀՅԴ 132 ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում: Աւելի քան 1300 հանդիսատեսների շարքում ներկայ էին ազգային, եկեղեցական և հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ և համայնքի անդամներ, որոնք խուռներամ մասնակցութեամբ հաւաքուել էին տօնախմբելու ՀՅԴի հիմնադրման 132 ամեակը Արևմտեան Ամերիկայի այս ափերում: Միջոցառումը միաժամանակ սփռւում էր ուղիղ հաղորդմամբ Ֆէյսբուքի միջոցով:

Միջոցառումը բացուեց ՀՄԸՄի Շրջանային Դրօշակախմբի տողանցքով, որոնք պատիւ տալով դրօշակներին ունկնդրեցին ԱՄՆ, Հայաստան և Արցախի հիմներգները: Ապա Մշակ Բանուորի ներքոյ ՀՅԴ Դրօշակը տեղադրուեց բեմի վրայ:

Օրուայ հանդիսավար Կարօ Մատենլեան բացման խօսքը արտասանելուց յիշատակեց նաև միջոցառման ներկայ ընտրեալ պաշտօնեաներին: Ապա բեմ հրաւիրեց Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ներկայացուցիչ՝ Նարեկ Գույումճեանին իր խօսքը արտասանելու համար: (Բոլոր արտասանուած խօսքերի մանրամասնութիւնները կարելի է դիտել ներքևի տեսանիւթում)  

Նարեկ Գույումճեանի խօսքից յետոյ ցուցադրուեց կարճ ժապաւէն շրջանի անցնող տարուայ գործունէութեան մասին: Ապա բեմ հրաւիրուեց օրուայ բանախօսներից՝ ԱՄՆ Հայ Դատի Գրասենեակի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեանը: Արամ Համբարեանի խօսքերին փոխարինեց Դրօ Գրիգորեանը, որ Արա Տաբաղեանի գիթառի ընկերակցութեամբ երկու յեղափոխական երգեր մատուցեց ներկաներին:

Յաջորդ խօսքը պատկանում էր ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեանին: Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցչի խօսքին փոխարինեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի նախագահի յատուկ ձայնագրուած պատգամը, որով նա առողջապահական պատճառներով չէր կարողացել անձամբ ներկայ գտնուել միջոցառմանը: Իշխան Սաղաթելեանի Խօսքից յետոյ յատուկ բաժնով յիշատակուեց անցնող տարուայ ընթացքում ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի ընտանիքից առյաւէտ բաժանուած ընկերների յիշատակը:   

Գեղարուեստական նորարար և ազգային յայտագրով հանդէս եկաւ «Լեռնազանգ» անսամբլը ազգային երգ ու պարի գեղեցիկ ցուցադրութեամբ: Գեղարուեստական բաժնից յետոյ թեմի առաջնորդ Սրբազան Թորգոմ Տօնոյան իր սրտի խօսքը փոխանցեց հանրութեանը:

Վերջում օրուայ հանդիսավարը բեմ հրաւիրեց միջոցառման գլխաւոր բանախօս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տ. Խաչատուրեանին օրուայ խօսքը ներկայացնելու համար(Խօսքերի ամբողջութիւնը տեսնել տեսանիւթի մէջ):

Յայտագրի յաջորդ բաժնում յայտարարուեց, որ թէև երեկ հանդիսաւոր երդման արարողութեւմբ նոր ընկերներ են միացել կազմակերպութեան շարքերին, սակայն նոր սերնդի հոսքը դեռ շարունակւում է և այժմ տեղի պիտի ունենայ պատանեկան միութեան շարքերը միացող պատանիների երդման արարողութիւն: ԱՄՆ Հայ Դատի Գրասենեակի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեանը այս անգամ բեմ բարձրացաւ իբրև կնքահայր և կարդաց պատանիների երդումը:

Այս հոգեպարար արարողութեանը երկրորդեց յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան՝ Գառնիկ Սարգսեանի յեղափոխական երգերի կատարումները, որոնց ընկերակցեցին նաև պատանիները: Յայտագիրը փակուեց «Արիւնոտ Դրօշ»ով:

Ամբողջական տեսանիւթը դիտել այստեղ՝

https://fb.watch/iOQeo96zCQ/   

Share