Հայ-թուրքական յարաբերութիւնների «կարգաւորման» գործընթացը լոկ ծխածածկոյթ է. Գեղամ Մանուկեան
«Հայ-թուրքական յարաբերութիւնների «կարգաւորման» գործընթացը լոկ ծխածածկոյթ է, լոկ գեղեցիկ փոքրիկ դէտալների մի ամբողջ հաւաքածու է, որը հրամցւում է մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը՝ ներկայացնելով մի շարք փաստաթղթեր, կառավարութեան որոշումներ, թուրքական մամուլում հրապարակումներ։
Նա նախ ուշադրութեան հրաւիրեց փետրուարի 15-ին Անկարայում Արարատ Միրզոյեանի՝ Մեւլութ Չաւուշօղլու հետ ասուլիսում արած յայտարարութեանը, ըստ որի՝ «նախարար Չաւուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դէտալներ, ունենք համաձայնութիւն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպէս նաեւ հոգ տանել համապատասխան ենթակառուցուածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:
Նա նշեց, որ 2020 թուականին հրապարակումներ են եղել, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգւում է։ Մինչ այդ, Գ.Մանուկեանն ասաց, որ ըստ թուրքական աղբիւրների, 2017 թուականին, 2019 թուականին Թուրքիայի տարբեր նախարարներ են խօսել Անիի կամուրջի վերանորոգման մասին, պաշտօնապէս յայտարարուել է, որ գործողութիւններ են սկսուել Անիի պատմական կամրջի վերանորոգման համար։
Ընդդիմադիր պատգամաւորը նաեւ ուշադրութիւն հրաւիրեց Մարգարայի կամրջով՝ Հայաստանից մարդասիրական օգնութիւն Թուրքիայ ուղարկելու, այնտեղից հայ փրկարարներին Հայաստան վերադարձնելու փաստին, որը պատմական են համարում։
Նա յիշեցրեց, որ Մարգարայի կամուրջը փակուել է 1993 թուականին, հայ-թուրքական սահմանը փակուել է 1993 թուականին Թուրքիայի կողմից որպէս բռնութեան, ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ։
Գեղամ Մանուկեանը նաեւ ՀՀ կառավարութեան որոշումներ հրապարակեց, ըստ որոնց դեռեւս 2020 թուականի յունիսի 25-ին Մ3-Թուրքիայի սահման-Մարգարայ-Վանաձոր-Տաշիր-Վրաստան, ինչպէս նաեւ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհների վերանորոգման համար յատկացւում է երկու միլիարդից աւելի գումար։
«Այդ ժամանակ խօսւում էր, ոչ պաշտօնական, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստուերային քննարկումների մասին։ Այդքան գումար ներդնել, երբ որ որեւէ ռազմավարական պլանաւորում չունես, լուրջ հարցական է»,- ասաց Գեղամ Մանուկեանը։
Այնուհետեւ նա նշեց. «Խաբում են հասարակութեանը, որ Անի կամրջի շինարարութիւնը նոր ձեռքբերուած համաձայնութիւն է։
Հայաստան-Թուրքիայ ներկայիս յարաբերութիւններում Թուրքիան սահմանափակւում է փոքրիկ խորհրդանշական ժեստէրով, որոնք որեւէ գործնական արդիւնք Հայաստանի համար չունեն, Հայաստանի իշխանութիւնները փորձում են սեփական հասարակութեանը հրամցնել այդ ժեստէրը որպէս պատմական դէպքեր։ Բայց ինչպէս վկայում է Միրզոյեան-Չաւուշօղլու վերջին մամուլի ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր յարաբերութիւնները Հայաստանի հետ պայմանաւորել Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցութիւններով ու շարունակում է խօսել նախապայմանների լեզուով, թէեւ հանդիպումների առաջին փուլում երկու կողմում ասում էին՝ նախապայմաններ չկան։
Թուրքիան որեւէ գործողութիւն վերջնական չի իրականացնի, այլ շարունակելու է իր ճնշումները մինչեւ Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանաւորուել այն փաստաթղթի շուրջ, որը թէեւ Հայաստանը կոչում է խաղաղութեան պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է»։
Մանրամասները՝ տեսանիւթում