Սկանդալային նոր ապացոյց Ալմաթայի հռչակագրի մասին. Աշօտեան

Սկանդալային նոր ապացոյց Ալմաթայի հռչակագրի մասին. Աշօտեան

ՀՀԿ փոխնախագահ, Աժ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախկին նախագահ Արմէն Աշօտեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ալմաթայի հռչակագրի վտանգաւորութեան մասին՝ որպէս Արցախեան հիմնախնդրի կարգաւորման փաստաթուղթ, շատ է խօսւել:

Ձեզ եմ ներկայացնում սկանդալային մի նոր ապացոյց առ այն, որ Ալմաթայի հռչակագրի առաջ մղումը եղել է՝ ադրբեջանական դիւանագիտական նարատիւի, ադրբեջանական դիւանագիտական ջանքերի, ադրբեջանական արտաքին քաղաքականութեան ուղղութիւններից մէկը դեռեւս 2008 թւականից:

Այսպէս՝ ձեզ ներկայացւած փաստաթղթում, որը թւագրւած է 2008թ. դեկտեմբերի 29, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիեւը, ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի օրակարգի շրջանակներում՝ Գուամ տարածքում, սառեցւած հակամարտութիւնների վերաբերեալ քննարկման կապակցութեամբ ներկայացնում է նամակ, որով խնդրում է ադրբեջանական հիմնաւորումները «Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին» դիտարկել եւ շրջանառել որպէս ՄԱԿ գլխաւոր ասամբլեայի փաստաթուղթ:

Ինչպէս տեսնում էք՝ այդ փաստաթղթի 92-րդ կէտն ուղիղ յղում է անում Ալմաթայի հռչակագրի վրայ, որով Ադրբեջանը փորձում է, ի թիւս այլ փաստարկների, հիմնաւորել Արցախեան հակամարտութեան կարգաւորման նպատակայարմարութիւնը տարածքային ամբողջականութեան շրջանակներում:

Աւելորդ չէ յիշեցնել, որ ադրբեջանական բոլոր այդ ջանքերը բախւում էին Սերժ Սարգսեանի ժամանակ հայկական դիւանագիտութեան կազմակերպւած եւ բովանդակային ջախջախմանը, եւ երբեք այս փաստարկը չի դիտարկւել ՄԽ համանախագահների կողմից որպէս խնդրի կարգաւորման սկզբունք եւ ոչ մի փաստաթղթում, որ հրապարակւել է նրանց կողմից:

Այնինչ, Նիկոլ Փաշինեանի օրօք, դեռեւս անցեալ տարի փետրւար-մարտ ամիսներին հայկական կողմը սկսեց շրջանառել Ալմաթայի հռչակագիրը որպէս հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման հիմնարար փաստաթուղթ:

Ի հեճուկս բոլոր այն զգուշացումների, քննադատութիւնների, հիմնաւորումների, որ դա անել չի կարելի, Նիկոլը յամառօրէն (տես՝ դիտաւորեալ) առաջ էր մղում այս թեզը, ընդհուպ այս յղման ներառումը անցեալ տարւայ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման եզրափակիչ յայտարարութեան մէջ եւ այս ամէնը սրիկայաբար փորձում էր մատուցել որպէս հայկական դիւանագիտական յաղթանակ:

Ի մի բերելով այս աղաղակող փաստը, արձանագրենք, որ ադրբեջանական վաղեմի երազանքը, այն է՝ Ալմաթայի հռչակագիրը խցկել որպէս ԼՂ հակամարտութեան կարգաւորման փաստաթուղթ, իրականութիւն դարձաւ ոչ միայն Նիկոլի օրօք, այլ՝ Նիկոլի շնորհիւ»

Share