Հնարաւոր է բանակցութիւնների սեղան վերադարձնել Արցախի կարգավիճակի հարցը. Կիւրեղեան

Հնարաւոր է բանակցութիւնների սեղան վերադարձնել Արցախի կարգավիճակի հարցը. Կիւրեղեան

Արդէն երկու ամիս Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը փակ է թշնամու կամ, ինչպէս ներկայացւում է, ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ կանգնած են ցեղասպանուելու վտանգի առաջ, հումանիտար աղէտն արդէն իսկ անխուսափելի է: Խանութներում հաց կամ բրինձ գնելու համար մարդիկ ստիպուած են ժամէրով հերթ կանգնել, եւ դեռ հարց է` դրանից յետոյ մարդիկ կարո՞ղ են սնունդ ձեռք բերել, թէ` ոչ:

«Իրաւունքի» հետ զրոյցում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենիւհի Կիւրեղեանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանութիւն, որը յայտարարի, թէ Արցախը Ադրբեջանի մաս է:

«Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանութիւն, որը յայտարարի, թէ պէտք է յանձնել 120 հազար մեր հայրենակիցներին, որպէսզի փրկէնք 3 միլիոնին: Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանութիւն, որ այսքան ցինիկաբար խօսի Արցախի ինքնորոշման իրաւունքից հրաժարումի մասին»,- ասաց նա:

Ըստ պատգամաւորի` Արցախում ստեղծուած իրավիճակը հնարաւոր է կարգաւորել հէնց բանակցային ճանապարհով եւ փրկել շուրջ 120 հազար մեր հայրենակիցներին:

«Հնարաւոր է նաեւ բանակցութիւնների սեղան վերադարձնել Արցախի կարգավիճակի հարցը, բայց միայն ճիշտ բանակցողով, ռազմավարական ճիշտ գործընկերների հետ: Պետք է ամէն ինչ անել, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը նորից դառնայ Մինսկի համանախագահների քննարկման թեմայ, պէտք է յստակօրէն բարձրաձայնել տարծաշրջանում հայկական գործոնի մասին, պէտք է աշխարհին ապացուցել Արցախի ինքնորոշման իրաւունքի ընդունման անհրաժեշտութիւնը»,-ընդգծեց պատգամաւորը եւ յաւելեց, որ պէտք է ճիշտ բանակցութիւններ վարել առաջին հերթին Իրանի եւ Ռուսաստանի հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Share