Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շաւարշ Քոչարեանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը:
«Կիպրոսն առաջարկել է օգնութիւն՝ Թուրքիան չի ընդունել: Եթէ մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթէ Արցախն էլ լինէր, էլի չէր ընդունելու: Լաւ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից յետոյ Էրդողանն ասում է, որ դա կարող է նպաստել յարաբերութիւններին, դրանով նա ապտակ է հասցնում. քո քայլը մարդասիրական չէր: Բայց չէ՞ որ այս իշխանութիւնները շեշտը դնում են մարդասիրականի վրայ: Դու այդ ապտակը ստացար: Քաղաքական բաղադրիչ է այն հանգամանքը, որ Արցախը շրջափակւած է: Ի վերջոյ, ընդամէնը երկու տարի է անցել, որ Թուրքիան ուղղակի մասնակցել է 44-օրեայ պատերազմին, Էրդողանն էլ դա յայտարարում է: Պէտք էր սահմանափակւել արժանապատիւ ցաւակցական մէկ յայտարարութեամբ, այլ ոչ թէ միմեանց հրելով՝ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը… Կարծես ամէն մէկը փորձում է ապացուցել, որ ինքն աւելի հաւատարիմ է Էրդողանին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արտաքին գործերի նախկին փոխնախարարի խօսքով՝ Հայաստանի իշխանութիւնները մէկ նպատակ ունեն՝ փոխել Հայաստանի արտաքին կողմնորոշումը. «Դրա համար ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ Ռուսաստանի ներկայութիւնը եւ Արցախի խնդիրը: Ուրեմն՝ քայլ առաջին. պէտք էր ինչ-որ ձեւով ազատւել Արցախից, դրա ամենայարմար ձեւը ծրագրաւորւած պատերազմն էր՝ ծրագրաւորւած պարտութեամբ, ինչը արւեց: Բայց ռուսները թոյլ չտւեցին, որ դա բերի Արցախի ամբողջական գրաւման, որովհետեւ ինքը իր շահն ունէր եւ պահեց այն կտորը, որի առկայութիւնն իր համար արդարացում է, որ ինքն այնտեղ զօրք ունենայ: Ճիշտ այդպէս Սահակաշւիլիի օրօք իրենց Օսեթիան եւ Աբխազիան խանգարում էին գնալ դէպի Եւրոպա, դէպի ՆԱՏՕ, եւ Սահակաշւիլին հէնց Ռուսաստանի դէմ գնաց արկածախնդրութեան, պարտւեց, որից յետոյ ժողովուրդը իրենից հօ չէ՞ր պահանջի, ասէր՝ գնայ բեր: Հիմա սրանք նոյնն են օգտագործում, ասում են՝ բա տեսա՞ք՝ Ադրբեջանն ու Թուրքիան միասին էին, հիմա ի՞նչ էք ուզում՝ պատերազմ յայտարարենք Թուրքիային եւ Ադրբեջանի՞ն»:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դարձել է փորձադաշտ՝ տոտալիտար մտածողութեամբ ազատական կենտրոնների համար. «Իրենք այդպիսին են պատկերացնում ամբողջ աշխարհը: Հիմա բացատրեմ: Ազատականութեան ծայրայեղ դրսեւորումն է՝ ազատւել բոլոր հաւաքական ինքնութիւններից՝ կրօնական, ազգային, գենդերային, պատմական եւ այլն, այն, ինչ մեզանում մենք տեսնում ենք: Իրենք մի փորձադաշտ են գտել, որտեղ դա իրականացնում են: Այս իշխանութիւնների մի մասը խփնւած է այդ ազատականութեան վրայ, եւ չեն գիտակցում դա: Այսինքն՝ այստեղ երկու բան պէտք է դիտարկել՝ աշխարհաքաղաքական շահը, որտեղ այս իշխանութիւնն ունի աջակիցներ, քանի որ սրանք ամէն ինչ անում են, որ Ռուսաստանին դուրս մղեն, ինչը, առաջին հերթին, ձեռք է տալիս Թուրքիային: Միւս կողմից՝ պէտք է հաշւի առնել գլոբալ ազատականների շահերը, որոնց համար փորձադաշտ ենք»:
Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինեանը ներկայացրեց Հայաստանում ԵՄ առաքելութեան նպատակը՝ յայտարարելով, որ ԵՄ դիտորդական առաքելութիւնը ժամանում է Հայաստան, որպէսզի դիտարկի, թէ Հայաստանը ռուսական զօրքերի հետ միասին արդեօք պատրաստւո՞ւմ է ընդդէմ Ադրբեջանի յարձակում իրականացնել, թէ՞ ոչ:
«Այս վարչապետ կոչեցեալի յայտարարութիւնն ընդհանրապէս սպանիչ է: Ասում է՝ Ադրբեջանը մեղադրում է, որ ռուսները հայերի հետ պատրաստւում են Ադրբեջանի դէմ յարձակւել, դիտորդներն էլ գալիս են համոզւելու, որ դա այդպէս չէ: Այսինքն՝ գալիս են ռուսներին վերահսկելո՞ւ: Դու, լինելով դաշնակցային յարաբերութիւններին մէջ մի պետութեան հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարւած իրավիճակում: Ի՞նչ ասեմ, սա ուղիղ ճանապարհ է դէպի Հայաստանի սիրիականացում»,- Փաշինեանի յայտարարութեան վերաբերեալ ասաց Շաւարշ Քոչարեանը՝ ընդգծելով, որ եթէ Ռուսաստանին դուրս ես մղում, նրա տեղը լցւելու է Թուրքիայով, դրա համար ՀՀ իշխանութիւնները հաճոյանում են Թուրքիային:
Ռազմիկ Մարտիրոսեան