ՔՊ-ում դեռեւս Պապիկեանին փոխարինող անձ չէն գտնում

ՔՊ-ում դեռեւս Պապիկեանին փոխարինող անձ չէն գտնում

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. 15 զինծառայողի կեանք խլած ողբերգական հրդեհից յետոյ ՊՆ նախարար Սուրէն Պապիկեանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացաւ հանրութեան ամենատարբեր շերտերի մօտ: Թեեւ հասարակութեան զայրոյթը զսպելու համար իշխանութիւնները միջադէպից ժամէր անց, չսպասելով անգամ քննութեան աւարտին, բարձրաստիճան զինուորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկեանին:

Հասարակութիւնը ողբերգական միջադէպի առաջին պատասխանատու համարում է Պապիկեանին եւ պահանջում նախարարի հրաժարականը: Հասարակութեան զայրոյթը թէժացաւ յատկապէս այն բանից յետոյ, երբ Պապիկեանը դէպքից միայն 2-3 օր անց գնաց Գեղարքունիք՝ իրավիճակին ծանօթանալու: «Ժողւուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ ՔՊ մի թեւն անհանգստացած է Պապիկեանի հրաժարականի պահանջից ու փորձում են հարցուփորձով հասկանալ՝ ով է կանգնած Պապիկեանի հրաժարականի թիկունքում, այսինքն՝ ում համար է ազատւում ՊՆ նախարարի աթոռը:

Նկատենք, որ ՔՊ-ականները ջանք ու եռանդ չէն խնայում իրենց կուսակցին արդարացնելու եւ հանրային զայրոյթը պարպելու համար: Միջադէպի յաջորդ օրը՝ առաւօտեան, ՔՊ խմբակցութեան քարտուղար Արթուր Հովհաննիսեանը, անդրադառնալով Պապիկեանի պահանջին, յայտարարեց, որ այդ հարցը տեղին չէ, չպէտք է նախարարին «քաւութեան նոխազ դարձնենք»: Արփի Դաւոյեանն էլ հրապարակում է Պապիկեանի լուսանկարը եւ ստատուս ձօնում նրան՝ ասելով, թէ Պապիկեանի իրականացրած բարեփոխումների արդիւնքում նման ցաւալի դէպքեր չէն կրկնուի բանակում:

ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն էլ երէկ լրագրողների հետ զրոյցում փորձեց ապահովագրել Պապիկեանին՝ ասելով, թէ նա որեւէ կերպ չի կարող այս ամէնի հետ կապ ունենալ: Մեզ հասած տեղեկութիւններով՝ ՔՊ-ում այս պահին դեռեւս Սուրէն Պապիկեանին փոխարինող անձ չէն գտնում:

Share