Բանաստեղծութիւն

Բանաստեղծութիւն

Գրիշ Դաւթեան

Արեվի նման ես ընկնում վրաս,

Բույրերի փափկությամբ ու ջերմությամբ

Ու կազդուրում ես ինձ

Ցանկություններիս լիակատար

Բավարարությամբ:

Լիարեվ կամ լիալուսին․․․

Լուսավորում ես սիրո զգացումիս ծավալը․

Սառն ու անլույս անկյուն չես թողնում․

Հեռուների կարոտ չի մնում․

Հեռուները հասնում են մոտության:

Սիրում եմ նվիրումիդ անսպառությունը,

Բերքահավաքի առատությամբ

Ու քաղցրությամբ,

Քոությամբ,

Եվ այն համորենությամբ

Որ դու ես:

Պատարագվում ես,

Որպես զոհ ու նոխազ,

Որպես ինքնամատուցում

Սիրո և անձնանվիրումի,

Մարդկային ընծայումի ազնվագույնը:

Բակ կապած լուսնի հանգույն

Շրջագայում ես հայացքիս տարածքում․

Այտերդ գունավորվում են

Որպես հասուն խնձորներ,

Մեղրահամ են տալիս շուրթերիս․․․

Շուրթերիդ ելակը մեղրահամ է․․․

Առավոտի նման մաքուր ու պարզ ես,

Որպես արտացոլանքը աղբյուրի․

Բայց սառը չես,

Որ խմվես միանգամից,

Այլ ջերմին ես,

Կում-կում ըմպվելու համար․․․

Գողտրությամբ ես ամոքում երաշտս,

Ցողավորում ես ծարավս հագությամբ․․․

Հպատակվիր բազուկներիս սեղմումին,

Տեղավորվիր գրկումս,

Տրոփդ միացրու սրտիս

Ծփանքի դաշնությամբ,

Որ եղանակվի մեղեդին

Սիրո, նվիրումի և վայելքի․․․

Մինչեվ հագուրդ ու հափրանք․․․

*****

Share