Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեթ Մուշը այցելել է Հայաստանի հետ սահմանակից Կարսի մարզ։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին յայտնում է թուրքական Hürriyet պարբերականն, ըստ որի թուրք նախարարը յայտարարել է, որ Անկարայում պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով, որ այդ հարցն ուղղակիօրէն կախուած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւների կարգաւորումից։ «Մենք յոյս ունենք, որ Հայաստանը կազատուի սփիւռքի ու օտարերկրեայ պետութիւնների ճնշումից եւ կաջակցի սահմանների բացմանն ու ժողովրդի բարեկեցութեան բարելաւմանը»,- նշել է թուրք նախարարը։
Մուշը լրագրողներին յայտնել է, որ Թուրքիան ուշադրութեամբ հետեւում է հայ-ադրբեջանական բանակցութիւնների ընթացքին։ Նրա խօսքով՝ եթէ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղութեան ու տարածաշրջանում տիրի քաղաքական կայունութեան մթնոլորտ, Կարսում սահմանային անցակէտէրը կը բացուէն, որի արդիւնքում տարածաշրջանում էապէս կաշխուժանայ երկկողմ առեւտուրը։ Մեհմեթ Մուշը նաեւ յայտնել է, որ Թուրքիան պատրաստ է շատ կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցուածքները եւ հայ-թուրքական սահմանին բացել նոր անցակէտէր։ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման յատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդիւնքում կողմերը պայմանաւորուել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանաւորուել են նաեւ հնարաւոր ամենասեղմ ժամկէտներում մեկնարկել Հայաստան-Թուրքիայ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը եւ որոշել են սկսել այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշւում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրութեան մէջ։
Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել յարաբերութիւնների կարգաւորման յատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձեւաչափով 4 հանդիպում է եղել, որից մէկը Մոսկուայում, իսկ միւս երեքը՝ Վիեննայում։ Աւելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն այն կարծիքն էր յայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարութեան վրայ ճնշումները գլխաւոր խոչընդոտն են Անկարայի եւ Երեւանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում։ Նրա խօսքով՝ պաշտօնական Անկարան կողմ է Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիւանագիտական յարաբերութիւններ։ 1993 թուականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թուականին Ցիւրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնները, սակայն այդ փաստաթղթերը չէին վաւերացուել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թուականի մարտի 1-ին Հայաստանը յայտարարել էր հայ-թուրքական արձանագրութիւնների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։