Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանին օրհնութեամբ խորհրդարանում սկսւեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ հրաւիրւած Լաչինի միջանցքը փակելու վերաբերեալ խմբակցութեան ներկայացրած յայտարարութեան նախագծի հանրային լսումները:
«Սիրելի հայրեակիցներ, բաւականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները»,-յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը եւ յաւելեց. «Այս լսումները մենք յայտարարութեան տեսքով կազմակերպել էինք դեկտեմբերի 12-ից անմիջապէս յետոյ, բայց մեր առաջարկութիւնը ԱԺ ղեկավարութիւնը չընդունեց, որովհետեւ նրանք կարճ մարտավարութիւն իրականացրեցին եւ իրենց լսումնարն առաջ տարան»:
Նրա խօսքով՝ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները լուրջ ազդեցութիւն ունեն ՀՀ-ի եւ Արցախի վրայ։
«Մենք գտնւում ենք շահերի բախման կիզակէտում՝ ոչ միայն ուժային կենտրոնների կողմից կատարւող միջացառումների, այլ նաեւ ՀՀ իշխանութիւնների կողմից վարած քաղաքականութեան, որը տանում է նրան, որ օրըստօրէ սեղմւում է օղակը Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան շուրջը»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը:
Նա առաջարկեց լսումների ժամանակ ուշադրութիւն դրաձնել Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծւած հումանիտար եւ անվտանգային ճգնաժամի վրայ եւ խօսել դրա լուծման ճանապարհների մասին:
Երկրորդ հարցի շրջանակներում, ըստ Սէյրան Օհանեանի, կը քննարկւի Արցախի հարցի ներկայ վիճակը եւ Լաչինի միջանցքի փակման համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրները, բանակցային գործընթացի ներկայիս վիճակը եւ դրա շարունակութեան անհրաժեշտութիւնը:
Երրորդ հարցի ներքոյ «Հայաստան» խմբակցութեան ղեկավարն առաջարկեց դիտարկել Արցախի եւ Հայաստանի շուրջ առկայ ռազմաքաղաքական գործընթացները եւ դրանից դուրս գալու ելքերը: